HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սիփանիկ գյուղի վարելահողերը ճահճանում են

Արարատի մարզի Սիփանիկ գյուղի որոշ տներ զուգարան չունեն. ստորգետնյա ջրերն այս գյուղւոմ այնքան են բարձրացել, որ ողողում են զուգարանները, լցվում տներն ու անասնագոմերը: Գյուղացիներից շատերը չեն կարողանում անասուն պահել, վարուցանքի մասին խոսք անգամ լինել չի կարող` հողերն արդեն ճահճանում են: Գյուղում այս խնդիրը միշտ առկա է եղել, սակայն նախկինում դրենաժային համակարգ է գործել: Այժմ այդ համակարգը չի գործում, եւ գյուղացիները ծանր իրադրության մեջ են հայտնվել: Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Հայկ Տերտերյանը հաստատեց, որ մարզում ճահճացման խնդիրը միշտ էլ եղել է, պարզապես այս տարի անձրեւները շատ էին, գերխոնավացմանը նպաստել է նաեւ ձկնաբուծարաններից բաց թողնվող ջրի մեծ քանակը: Իսկ մեկ տարվա ընթացքում մարզում ձկնաբուծարանների թիվը զգալիորեն աճել է: Այս տարի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում նախատեսված է Արարատի մարզում մաքրել շուրջ 303 կմ դրենաժային համակարգ, որը կարժենա 350 մլն դոլար: «Փոխվարչապետն էլ վերջերս ասաց, որ տարեկան 16 մլն դոլարի գումար է ծախսվել դրենաժային համակարգը մաքրելու համար: Ամեն տարի 200-250 կմ մաքրվում է: Դրենաժային համակարգը մարզում շատ է, 3 տարին մեկ մաքրման աշխատանքները կրկնվում են, բայց էլի մնում է, բոլորը չենք կարող միանգամից մաքրել»,- ասաց Հ. Տերտերյանը: Ինչպես Սիփանիկում, այնպես էլ մարզի Մասիսի տարածաշրջանի մյուս գյուղերում այս խնդիրն առկա է, քանի որ տարածք են թափանցում նաեւ Երեւանից եկող անձրեւաջրերն ու կեղտաջրերը: Կառավարությունից արդեն հանձնարարական է իջեցվել, եւ այս օրերին առաջնահերթ փորձում են կարգավորել ձկնաբուծարաններից բաց թողնված ջրի քանակը: Գյուղատնտեսության բաժնի պետը նույնպես հաստատում է, որ գյուղերում վիճակը ծանր է, եւ շտապ քայլեր են անհրաժեշտ: Ինչ վերաբերում է Սիփանիկ համայնքին, ապա այս տարի 1.5 կմ նոր դրենաժային համակարգ է կառուցվելու, իսկ մինչ այդ` եղածները մաքրվելու են: Սակայն, գյուղացիների մտահոգությունն այլ է. վար ու ցանքի թեժ ժամանակահատվածում նրանք չեն կարողանում մշակել իրենց հողերը: Ամեն տան բակում ստորգետնյա ջրերից լճակներ են գոյացել: Թեեւ նրանք այդ հողից եկամուտ չեն ստանալու, բայց վճարելու են հողի հարկը: Եվ դա մեծ հարված է առանց այդ էլ տուժած գյուղացիների համար: Հայկ Տերտերյանից հետաքրքրվեցինք, թե վնասներ կրած գյուղացիներին ի՞նչ արտոնություններ են տրվելու: Բաժնի պետը պատասխանեց, թե արտոնություն տվողն իրենք չեն, համայնքապետը պետք է դիմի Կառավարություն: «Համայնքապետը թող դիմի, մենք էլ կաջակցենք: Ընդունենք` մարդուն ազատեցին հողի հարկից, բայց այդ հարկը գյուղի բյուջե է գնում, իրենք պետք է լուծեն այդ հարցը: Բայց ամեն ինչ պետք է արվի, որ այդ հողերը մշակվեն, թե չէ հողի հարկից ազատելը մի մեծ գործ չի»,- ավելացրեց Հ. Տերտերյանը: Գյուղացիների պնդմամբ` իրենք չեն կարող մի քանի տարի հող մշակել, նույնիսկ եթե ջրերը ցամաքեն: Որոշ հատվածներում հողերի գերխոնավությունն այնքան մեծ է, որ ճահճացում է սկսվել: Բակերում մոտ երկու մետր երկարությամբ եղեգներ են աճել: Հ. Տերտերյանը չկարողացավ ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի ճահճացած հողերը նախկին տեսքի բերելու համար: Սոնիկ Քլոյանն ընտանիքի հետ վերջերս է տեղափոխվել Սիփանիկ: Տուն են գնել, վերանորոգել, սակայն ստորգետնյա ջրերից վերանորոգումն ամբողջությամբ փչացել է: «Ես չիմանալով եմ եկել էս գյուղ, մենք Ջավախքից ենք: Եկել տունն առել ենք, սարքել, մեծ գումարներ ենք ներդրել, բայց ամբողջը զրո է դարձել: Խոնավությունից մարդկանց ոտքերը բռնվում են, չեն էլ կարողանում քայլել»: Ընտանիքն անասուններ է ունեցել, սակայն տարհանել են, քանի որ գոմն ամբողջովին ջրի մեջ է. «Ստիպված մորթել ենք, այդպես մեր ապրուստի միջոցը կտրեցինք: Ճանապարհին քար ենք դրել, որ անցնենք, քարն էլ է ջրով ծածկվել: Հավերին ստիպված կլադովկայում եմ պահում, որպեսզի գոնե մի բան ունենանք: Բա էլ ինչի՞ ենք գյուղացի, որ գոնե մի բան չպահենք: Հողից անհնար է ինչ-որ բան ստանալ: Վար, ցանք ենք արել, բայց լրիվ հեչ եղավ»,- ասում է Սոնիկը: Դեպի տուն տանող ճանապարհը նույնպես ամբողջովին ջրի մեջ է: Իսկ ահա դեպի գոմ տանող ճանապարհին կարելի է ջրի մեջ թաղվել: Ընտանիքն այս վիճակում ապրում է արդեն հինգ ամիս: «Զուգարան չունենք, քանի որ այստեղ չի լինում կառուցել, ջուրը գալիս, ծածկում է: Նախորդ հազարամյակներում երեւի այսպես չեն ապրել: Զուգարան ջրի մեջ ենք գնում: Չգիտենք` ինչ անենք, որ գոնե մի քիչ մարդավայել ապրենք»,- ասում է Սոնիկը: Իսկ երբ եղանակը տաքանում է, ահավոր գարշահոտություն է տարածվում: Գյուղացիները դիմել են համայնքապետարան, որպեսզի առուներ փորվեն, ու ջուրը հոսի: «Ժամանակին դրենաժային համակարգ է եղել, բայց դա թալանել-տարել են: Որի վրա էլ բերել, հող են լցրել: Գյուղի մեջտեղը` ստեղից ներքեւ, ահավոր վիճակ է: Առուներ պիտի արվեն ու նասոսով քաշեն: Մենակ նասոսով է հնարավոր, ինքնահոսով էս ջուրը ոչ մի տեղ չի գնա: Դա մեծ ֆինանսի հարց չէր, ընդամենը պետք է մի քանի առու բացեին ու կողքին շարժական նասոսներ դնեին: Միառժամանակ աշխատացվեր դա, մինչեւ այս ջրերը քաշվեին»,- ասում է Սոնիկը: Սիփանիկում 130 ընտանիք է ապրում, հիմնականում` փախստականներ: Համայնքապետ Հայկ Բադալյանն ասաց, որ գյուղացիների ընդհանուր սոցիալական վիճակն այնքան էլ բարվոք չէ, քանի որ գյուղի հողերը հիմնականում աղակալված են, ստորգետնյա ջրերն էլ` շատ բարձր: «Դա վաղուցվա խնդիր է: Ու այս դեպքում բերքատվություն գրեթե չկա: Բերքատվություն չկա, ծառերը շուտ չորանում են»,- ասաց համայնքապետը: Սիփանիկ գյուղի բնակչության հիմնական մասն արտագնա աշխատանքով է գոյատեւում, ոմանք նաեւ անասուն են պահում: Հ. Բադալյանը չգիտի, թե երբ է խնդիրը կարգավորվելու: Նա անհամբեր Կառավարությունից «բարի լուր» է սպասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter