Հստակեցում
Թերթի տեղեկություններով` ՀՀԿ վերնախավը վերջնագիր է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության այն պատգամավորներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ում կողմնակիցներն են` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի:

Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների` ԱԺ ՀՀԿ խմբակցությունում կան մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, ովքեր ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին միանալու դեպքում հնարավոր կդարձնեն նախագահ Ս. Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը, որ ծրագրում են Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը: Իհարկե, սրանք դեռևս ընդամենը վարկածներ են, սակայն այն, որ իշխանական կուսակցությունը փորձում է ապահովագրել իրեն, վկայում է, որ դրանք կարող են նաև գործողությունների վերածվել:
Ընդդիմությունը մտավ Ազատության հրապարակ
Երեկ 2008թ. մարտի 1-ից հետո առաջին անգամ հայաստանյան ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի համակիրների ու նախկին քաղբանտարկյալների, ոչ միայն մուտք գործեց Ազատության հրապարակ, այլև քաղբանտարկյալներին ազատ արձակելու, «Ա1+»-ին եթեր վերադարձնելու, նաև Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունից հրաժարվելու պահանջներով բողոքի ակցիա` երկժամանոց նստացույց անցկացրեց:
ՀՀ ոստիկանական ուժերը այս անգամ էլ փորձեցին ուժով ճնշել քաղաքացիների` ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, ցրել ցույցը, բայց` ապարդյուն:
Բան ունես ասելու` ասա
Վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ որքան նեղանում է առավել խոշոր հարկատուների շրջանակը, այնքան հարկահավաքման ցուցանիշները նվազում են:
«ՉԻ» - Կոպիտ ասած` ստացվում է, որ առավել խոշոր հարկատուները տարեցտարի տոկոսային հարաբերությամբ ավելի ու ավելի հարկեր են վճարում: Ընդ որում, սխալ է այդ կարծիքը, թե այդ ընկերությունները խոշոր են, դրա համար էլ քիչ հարկեր են վճարում: Իրականում ճիշտ հակառակն է, քիչ են հարկեր վճարում, դրա համար էլ խոշոր են: Հարց է ծագում` իսկ ո՞ւմ հովանավորությամբ են այդ ընկերությունները քիչ վճարում (այսինքն` խոշորանում): Ճիշտ է` նախագահի և կառավարության:
Այստեղ, սակայն, մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա: Փաստորեն, վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է «կեղտ բռնել» պետեկամուտների կոմիտեի վրա, բայց արդյունքում ստացվել է ինչ-որ ընդհանուր բնույթի վերլուծություն: Իսկ նման որոշ ակնարկներով, հավատացնում ենք, որևէ հարց չի լուծվի: Բան ունես ասելու` ասա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել