
Մի խումբ երիտասարդ-կամավորականներ նախաձեռնել են դրամահավաք` քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար: Մայիսի 27-ին, 28-ին նրանք Երեւանի կենտրոնում թափանցիկ տարաներով գումար էին հավաքում քաղաքացիներից` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող, քաղցկեղով հիվանդ երեխաների խաղասենյակի համար հեռուստացույց գնելու նպատակով:
Երիտասարդները դրամահավաքը շարունակելու են նաեւ այսօր երեկոյան:
Կազմակերպիչներից Էլեն Արզումանյանը «Հետքին» ասաց, որ երկու օրվա ընթացքում իրենց հաջողվել է հավաքել գրեթե 100 հազար դրամ. «Մենք էլ չէինք սպասում, որ կհաջողվի այսքան կարճ ժամանակահատվածում այդքան գումար հավաքել»,- ասում է Էլենը եւ նշում, որ հեռուստացույցը հրապարակայնորեն հանձնելու են հունիսի 1-ին`երեխաների պաշտպանության օրը, Մոսկովյան սրճարանում:
«Յուրաքանչյուրը կարող է այդ օրը` ժամը 14-16-ը, գալ սրճարան եւ տեսնել, որ իրենց տված գումարները նպատակին են ծառայել: Մենք շատ թափանցիկ ենք աշխատում»,- ասում է երիտասարդ կամավորականը:
Նշենք, որ սա արդեն երկրորդ ակցիան է, որ երիտասարդները կազմակերպում են քաղցկեղով հիվանդ երեխաների համար: «Մենք ուսանողներ ենք եւ մեծ գումարներ չունենք, որ միայն մեր գրպանից օգնենք, դրա համար էլ քաղաքացիներից ենք գումար հավաքում: Մենք կարեւորում ենք, որ հնարավորինս շատ մարդ մասնակցի այս ակցիաներին, որպեսզի կոտրենք մարդկանց անտարբերությունը»,- ասում է Էլենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել