Որակ, ճաշակ, գեղեցկութիւն եւ միտք
Երեկոյեան ժամը 22 անց 40 – 23 անց 10 րոպէ, 29 մայիս, 2010, Փարիզ
Երկու-երեք րոպէ առաջ ականատես ու ականջալուր եղայ մի հրաշքի։ Եվրատեսիլով հանդէս եկաւ Եւա Ռիւասը՝ Ջիւան Գասպարեանի եւ համերգային խմբի ընկերակցութեամբ։
Ինչ մեղքս թաքցնեմ, մինչեւ այսօր, այս պահերը, թթուի քարի պէս սրտիս ծանրացած էր վիրաւորանքը, որպիսին ապրել էի ժամանակին եւ չէի թաքցրել հեգնանքս այն քեաւառա-եւրոպական որակի ու ճաշակի նկատմամբ, գաւառա (ինչ նոյնն է, թէ՝ քեաւառա-) – հոլիվուդեան գեղեցկութեան եւ ընդհանրապէս մտածելու անկարողութեան նկատմամբ։
«Ծիրանի կորիզ» երգը, որի հեղինակներն են երգահան Արմէն Մարտիրոսեանն ու երգահան, բայց այս դէպքում բանաստեղծ Կարէն Կավալերեանը իր մեղեդայնութեամբ ու երգչուհու մեկնաբանութեամբ ճշմարիտ արուեստի իր որակով համարձակօրէն վերականգնում է այն նուրբ ճաշակը, որ ունեցել ենք երբեւէ, բայց, ազնիւ խօսք, կորցրել ենք սպանելով գեղեցիկը, խեղելով մէր էութիւնը, երեւի թէ այն պատճառով որ աստուածային Է-ն փոխարինել ենք աղաղակող ա-ով, եւ կապկելը դարձրել ենք մասնագիտութիւն։
Երգի մեկնաբանութիւնն ու ներկայացնելու նրբութիւնը աւելի են խորացրել արուեստագէտների Միտքը, որ խտացուած է հետեւեալ տողերի մէջ.
I just wanna go back to my roots
Apricot stone,
Hidden in my hand
Given back to me
From the motherland.
Ես լսել էի այն տարօրինակ, աւելի ճիշտ բացայայտօրէն չարամիտ ու վարկաբեկելու փորձ կատարող կարծիքները, որպիսիք, յայտնուել են երգատեսիլին Ջիւան Գասպարեանի մասնակցութեան առիթով։ Իբր, նրա ներկայութիւնը պէտք է ինչ որ բան «փրկէր»։
Անշուշտ նման զրոյցներն ու վէճերը բոլորովին հեռու էին Նորին Մեծութիւն Արուեստից։ Իմ խորը համոզմամբ, Ջիւան Գասպարեանի ներկայութիւնը իր դուդուկով ոչ միայն ազգային անհատականութեան մի նոր, գունեղ երանգ հաղորդեց երգատեսիլին, այլեւ հաստատեց դուդուկի հայկական աւանդական հինաւուրց երաժշտական գործիք լինելու փաստը։
Հիմա, երբ գրում եմ այս տողերը, իմ դիմաց վերջնական արդիւնքին անհամբեր սպասող ամբողջ հայութիւնն է։
Յաղթե՞լ ենք…
Ի հարկէ, յաղթել ենք։ Մի՛ սպասէք արդիւնքները յայտնելու ծէսին…
Քիչ առաջ մենք յաղթեցինք ինքներս մեզ։
Եւա Ռիվասը, Ջիւան Գասպարեանը եւ խումբը մեր երգարուեստը բարձրացրեցին այն մակարդակին, որին երազում էինք Գեղեցիկի, Մտքի ու Ճաշակի բոլոր կարօտեալներս։
Այսօր աշխարհի առաջ մեզ համար ստեղծուեց մի նոր չափանիշ, որի շնորհիւ հնարաւոր կը լինի յաղթահարել նաեւ այն գետնաքարշ տեսակը, որպիսին իրենով է յագեցրել Հայաստանի բեմն ու եթերը։
Հէնց այդ չափանիշը ստեղծելով է որ յաղթեցինք ինքներս մէզ…
Մնացեա՞լը…
Յարգելի գործիչներից մէկը ժամանակին մի սրամիտ ճշմարտութիւն էր խոստովանել. «”Եւրատեսիլը” մեր շոու-բիզնեսին բացի «եախշի» ոճից այլ բան չտուեց… Իսկ այդ քուէարկութիւններից եւս մէկ անգամ պարզ դարձաւ, որ մենք ունենք ազգային դեֆեկտ (արատ)՝ ընտրել չենք կարողանում»։
Եւա Ռիւասը եւ խումբը բացի չափանիշ ստեղծելուց նաեւ ապացուցեց, որ ընտրել չկարողանալու մեր ազգային դեֆեկտը ապաքինուող երեւոյթ է։
Եւ ընտրելու կարողութիւնը կարող է տարածուել նաեւ այլ եւ այլ շատ կենսական նշանակութիւն ունեցող ասպարէզների մէջ։
Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել