Այսօր «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է
Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսն է «Սեռը և ծխախոտը»` ուշադրություն դեպի կանայք: Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ և կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան 5 միլիոն մարդ մահանում է ծխախոտի օգտագործման հետևանքով, ինչը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված:
Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում)` ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:
2009 թ.-ի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության (16 տարեկանից սկսած) 27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է. տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր) 57.7%ը ծխող է: Ծխախոտամոլության նման պատկերն է երկրում պայմանավորում տղամարդկանց շրջանում այն հիվանդություններով հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է: Երևանում ծխող կանայք զգալիորեն ավելի շատ են, քան մարզերում բնակվողները:
Ծխելու դեմ պայքարը ՀՀ առողջապահության գերակա խնդիրներից է: Այս տարի կառավարությունը հաստատեց «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը», որը նախատեսվում է իրականացնել 2010-2015 թթ. ընթացքում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից:
Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ՀՀ առողջապահության նախարարությունը «Սեռը և ծխախոտը» կարգախոսով միանում է վերոհիշյալ նախաձեռնությանը և իր համերաշխությունը հայտնում ծխախոտի դեմ պայքարող բոլոր առողջ ուժերին և գիտակից հասարակությանը:
Այս մասին նշվում է ՀՀ Առողջապահության նախարարության կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել