Սոցիալական ցանցերի լույսն ու ստվերը
Հիմնախնդրի հայկական կողմն ու պայքարը
Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր մուտք են գործել տնտեսության բոլոր բնագավառները: Ավտոմատացվում են արտադրական գործընթացները և կառավարման համակարգերը: Ստեղծվում և զարգանում են սոցիալական խոշոր ցանցեր (Odnoklassniki. ru, Vkontakte. ru, mamba. ru և այլն), տեսաձայնային և տեքստային նյութերի հրապարակման համակարգեր, որտեղ քննարկվում են ցանկացած բնույթի թեմաներ, հայտարարությունների կայքեր, ֆայլերի փոխանակման համակարգեր, վիրտուալ խաղեր, որտեղ անձը կարող է ստեղծել իր մտացածին վիրտուալ կերպարը և ապրել իր կյանքով` տուն կառուցել, միջոցառումներ կազմակերպել, հյուր գնալ և հյուր ընդունել, աշխատել, հանգստանալ, մի խոսքով` զբաղվել ցանկացած գործով:
Այս համակարգերից օգտվողների թիվը գերազանցում է 30 միլիոնը, ու թեև դրանցում ամեն ինչ վիրտուալ է, սակայն իրական են ժամանակը, ֆինանսները, դրամական հոսքերը և մարդկանց զգացմունքները: Իսկ ամենակարևորը` այս վիրտուալ աշխարհում, ինչպես իրական կյանքում, ցանկացած գործընթաց կարող է օգտագործվել հանցավոր տարրերի կողմից` հանցավոր նպատակներով: Այստեղ կատարվում են այնպիսի հանցագործություններ, ինչպես, օրինակ, ծածկագրերի գողությունը, խարդախությունը, համակարգչային հափշտակությունները, հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապրանքների իրացումը, ապօրինի ձեռնարկատիրական, աճուրդային, ֆինանսական գործողությունները, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների անօրինական հավաքումը, օգտագործումը, վաճառքը և տարածումը, զրպարտությունը, վիրավորանքը, պոռնկագրական նյութերի, այդ թվում` մանկական պոռնոգրաֆիայի ստեղծումը, իրացումն ու տարածումը:
Բացի դրանից` որոշ երկրներում արդեն առկա են դատական հայցեր` վիրտուալ բռնաբարությունների և ինքնասպանության հասցնելու վերաբերյալ:
Այսօր տեխնոլոգիաները զարգանում են երկու ուղղությամբ` համակարգչից` չափերի փոքրացումով` դեպի մոբիլ սարքեր, և ընդհակառակը` մոբիլ սարքերից` համակարգիչ: Ընդ որում, երկու տեխնոլոգիաներն էլ ապահովում են հասանելիություն համակարգերին, ինչն ավելի է բարդացնում վերոհիշյալ հանցագործությունների բացահայտման աշխատանքները:
Սոցիալական կայքերը միլիոնավոր մարդկանց հնարավորություն են ընձեռում շփվել ընկերների հետ, նոր ծանոթություններ հաստատել, բայց արդյոք դրանք անվնա՞ս են: Համենայնդեպս, հոգեբանները պնդում են, որ սոցիալական ցանցերը թաքնված վտանգ են պարունակում դրանցից օգտվողների ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Սոցիալական ցանցերի երևույթն ուսումնասիրողների նման պնդման հիմքերից մեկն, օրինակ, հետևյալն է. Odnoklassniki և Vkontakte կայքերում «անմիջական» շփման մեջ գտնվելու ամենակարճ ժամանակը 3 ժամն է. դրա մեջ մտնում է ընկերների էջերում եղած նորությունների ստուգումը, լուսանկարների դիտումն ու մեկնաբանումը, նամակագրությունը:
Դիտարկումները ցույց են տվել, որ անընդմեջ օնլայն ռեժիմում անցկացված առավելագույն ժամանակը եղել է 30 ժամ: Սա արդեն փաստում է սոցիալական ցանցերից կախվածության մասին: Փորձագետները, միաժամանակ, կախվածության այդպիսի բարձր աստիճանը բացատրում են մարդկանց` շփման մեծ պահանջով: Շփումը կարող է լինել անվերջ և բազմաբնույթ, իսկ սոցիալական ցանցերը, լինելով գրաքննությունից դուրս միջավայր, կարող են բացասաբար ազդել նույնիսկ չափահաս մարդկանց հոգեվիճակի վրա, մինչդեռ օգտվողների մի հսկայական բանակ անչափահասներ են:
Տհաճ անակնկալներ
Ինչպես նշեցինք, սոցիալական ցանցերից օգտվողը կարող է ստանալ անսահմանափակ, ոչ մեկի կողմից չվերահսկվող տեղեկատվություն: Դրանից ամենավտանգավորները ինտիմ ծառայությունների առաջարկներն ու պոռնոգրաֆիայի գովազդն են: Եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերից հիմնական օգտվողների միջին տարիքը 18-20 է, իսկ ընդհանրապես օգտվողների մեջ շատ են նաև փոքր տարիքի երեխաները, ապա պարզ կդառնա, թե նման տեղեկատվությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ նրանց ներաշխարհի վրա:
Միաժամանակ, սոցիալական ցանցերից օգտվողների էջերը հաճախ են «հարձակման» ենթարկվում. այսինքն` ինչ-որ մեկի անձնական բնույթի ինֆորմացիան կարող է օգտագործվել չար նպատակներով, լուսանկարները կարող են տեղադրվել ոչ քաղաքակիրթ կայքերում, կարող են նույնիսկ օգտվողների անունից անվայելուչ առաջարկներ արվել և այլն: Տհաճ անակնկալներ, որ կարող են բացասաբար ազդել սոցիալական ցանցերից օգտվողների հոգեկան աշխարհի վրա: Մի խոսքով, սոցիալական ցանցերի վնասներից են` կախվածությունը, որը կարող է վերածվել հիվանդության, ներաշխարհի շեղումը, անձնական տեղեկատվության օգտագործումը և այլն:
Սա, ինչ խոսք, սոցիալական ցանցերից սպասվող վտանգների ոչ ամբողջական ցանկն է: Այնուամենայնիվ, թող թյուր կարծիք չստեղծվի, թե հրապարակման նպատակն է զարգացած տեխնոլոգիաների քարկոծումը, սոցիալական ցանցերի փնովումը: Պարզապես նախազգուշացնում, հիշեցնում ենք հնարավոր տհաճ անակնկալների մասին, որոնք սպառնում են վիրտուալ աշխարհում ինքնամոռաց խրվածներին, լավագույն ժամանակն այնտեղ սպառողներին: Իսկ սոցիալական կայքերում ընդգրկվել-չընդգրկվելու որոշում, բնականաբար, յուրաքանչյուր ոք ինքն է կայացնում:
Ի դեպ, տեղեկատվական անվտանգության մասնագետները 2008 թ.-ին կանխատեսում էին, որ հանցագործներն իրենց նպատակների համար լայնորեն կօգտագործեն մեծ պահանջարկ վայելող սոցիալական կայքերը, իսկ նրանց զոհը կարող է դառնալ այդ կայքերից օգտվող ցանկացած ոք:
Հիմնախնդրի հայկական կողմն ու պայքարը
Սոցիալական կայքերը մեր կյանքում հիմնավորապես հաստատվեցին հատկապես վերջին տարիներին: Շատերը կվկայեն ծանոթությունների, հաճելի «հանդիպումների», հեռավոր հարազատների հետ շփումների մասին, որ պարգևեցին ու շարունակում են պարգևել այս կայքերը: Բայցևայնպես, նաև շատերն այդ ընթացքում դարձան հանցագործությունների զոհ` կրելով հոգեբանական ու նյութական վնասներ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վերջին մեկ տարում բացահայտվել է պոռնկագրական նյութերի ստեղծման, իրացման և տարածման 21 դեպք, 18 դեպք կասեցվել է, բացահայտվել է զրպարտության 1 դեպք, 4 դեպք կասեցվել է, անձին վիրավորանք հասցնելու 1 դեպք բացահայտվել է, 5-ը` կասեցվել, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների հավաքման, վաճառքի ու տարածման 1 դեպք բացահայտվել է, 5-ը` կասեցվել: Բացահայտվել են խարդախությունների և ծածկագրերի գողությունների մի շարք դեպքեր:
Չնայած բացահայտման դժվարություններին` մեր իրավապահ մարմիններն արդյունավետ պայքար են տանում սոցիալական ցանցերում կատարվող հանցագործությունները բացահայտելու և կասեցնելու ուղղությամբ, ինչի մասին հարկ է, որ իմանան ինչպես զոհերը, այնպես էլ հանցագործները:
Ներկայումս համացանցում հատկապես մտահոգիչ երևույթ է պոռնկագրական նյութերի տարածումը: Մի քանի տարի առաջ դրանք տարածվում կամ գովազդվում էին մեր երկրում տեղակայված սերվերներից, սակայն ոստիկանության համապատասխան ստորաբաժանման իրականացրած հետևողական աշխատանքի արդյունքում այդ ճանապարհով պոռնկագրական նյութերի տարածումը բացառվեց: Բայց այսօր արդեն այդ նպատակի համար օգտագործվում են սոցիալական ցանցերը: Մեր քաղաքացիները սոցիալական կայքերում դառնում են սեռական այլասերումների, հարաբերությունների ու պոռնկագրական տարբեր երևույթների մասնակիցներ ու տարածողներ: Ինչպես արդեն նշեցինք, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը վերջին մեկ տարվա ընթացքում այդպիսի 21 դեպք է բացահայտել, 18-ը կասեցրել է:
Մեծ տարածում է ստացել բջջային օպերատորների` Հայաստանի Հանրապետություն մուտքային թրաֆիքի ապօրինի ծառայություն մատուցելը, ինչը հայտնի է տերմինացիա անունով: Տերմինացիայի արդյունքում թաքցվում է շրջանառությունը, և բջջային օպերատորները առանձնապես խոշոր չափերի հասնող վնասներ են կրում:
Այս հանցագործությունը հետևյալ կերպ է կատարվում. քաղաքացին արտերկրից հեռախոսազանգ է ստանում, ինչը, սակայն, ֆիքսվում է որպես զանգ` տեղական բջջային կամ փակ հեռախոսահամարից: Այդպես, օրինակ, Վաղարշապատ քաղաքի մի բնակիչ, ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցելու անվան տակ, իր բնակարանում տեղադրելով համապատասխան սարքավորումներ և դրանց միացնելով տարբեր վաղարշապատցիների քաղաքային հեռախոսագծերը, իրականացրել էր դեպի Վաղարշապատի քաղաքային ցանց ՀՀ մուտքային զանգերի վերջնավորում, ինչի արդյունքում «Արմենտել» ՓԲԸ-ին զգալի վնաս էր պատճառվել: Երևան քաղաքի մի բնակիչ էլ բջջային հեռախոսների նորոգման իր կրպակում, առանց քաղաքացիներին տեղյալ պահելու, պատճենահանել (կլոնավորել) էր «Արմենտել» ՓԲԸ-ի «սիմ» քարտերը, որոնցով այնուհետև փորձել էին արտերկրից օգտագործել ռոումինգ ծառայություն:
Այս տարի ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաև բջջային «սիմ» քարտերով կատարվող մի շարք գույքային խարդախություններ, որոնք դրսևորվել են հետևյալ կերպ. 10-20 հազար դրամով իրացվել են տարբեր փաթեթներում գրանցված հետվճարային քարտեր` նախապես երաշխավորելով անվճար զանգեր` մինչև քարտի անջատվելը: Քարտն անջատվելուց հետո, բնականաբար, դեն է նետվել, իսկ գոյացած պարտքը օպերատորը պահանջել է փաթեթի` այդ ամենից անտեղյակ տիրոջից: Օրինակ, մայրաքաղաքի մի բնակիչ, նախապես ձեռք բերելով «Արմենտել» ՓԲԸ-ի վաճառքների բաժնի և Արմավիրի մարզի Փարաքար գյուղի գյուղապետարանի աշխատակիցների վստահությունը և օգտվելով նրանց անփութությունից, Փարաքարի մի բնակչի հետ վերցրել է գյուղապետարանի փաթեթում ընդգրկվելու վերաբերյալ կնքված, չլրացված լիազորագրեր, լրացրել տարբեր քաղաքացիների անուններով, ապա նրանց անձնագրերի պատճենների հետ ներկայացնելով «Արմենտել» ՓԲԸ` ստացել է «սիմ» քարտեր: Այնուհետև այդ քարտերը, 10.000-ական դրամով, իրացրել են տարբեր քաղաքացիների` զգուշացնելով, որ անսահմանափակ օգտագործեն` մինչև «Արմենտելի» կողմից անջատվելը, ապա դեն նետեն: Արդյունքում 2.5 միլիոն դրամի պարտք է կուտակվել: Այս գործը ներկայումս նախաքննության փուլում է:
Ինտերնետում մի շարք խարդախություններ էլ կատարել էր Երևան քաղաքից 26-ամյա մի երիտասարդ: Նա Odnoklassniki.ru կայքի միջոցով ծանոթացել էր տարբեր աղջիկների հետ, շփումը հետո «սիրային» դաշտ էր մտել, և երիտասարդը աղջիկներին խնդրել էր լիցքավորել իր բջջային հեռախոսը. մեկը` 20, մյուսները` 35 հազար դրամ էին փոխանցել նրա բջջային հեռախոսին:
Զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաները քաղաքակրթության, գիտության և տեխնիկայի զարգացածության, բարձր հնարավորությունների առհավատչյան են. առաջընթացն այս ասպարեզում ընդհանրապես մարդկության մեծագույն նվաճումներից է: Սակայն այս նվաճումը ի չարս օգտագործողները նույնպես շատ են, ու այդ մասին է, որ ուզում ենք նախազգուշացնել բոլոր այն դյուրահավատներին, ովքեր կարող են կուլ տալ ինտերնետային խարդախի խայծը: Նաև նախազգուշացնել հանցավոր նպատակներ հետապնդողներին, քաղաքակրթության նվաճումը մարդու դեմ ուղղողներին, որ նրանց ապօրինի արարքները բացահայտելն արդեն դժվար գործ չէ:
(Այս հոդվածը վերցված է ՀՀ ոստիկանության կայքից)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել