Բորիս Նավասարդյան. «Մենք պետք է մասնակից լինենք Եվրոպայից եկող բոլոր ծրագրերին»
Գյումրիում տեղի լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց «Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. ներկան և հեռանկարները» խորագրով երկօրյա սեմինար: Սեմինարի կազմակերպիչներ Երևանի մամուլի ակումբն ու Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը իրազեկման նման մեթոդը մարզերում համարում են արդյունավետ: Եվրոպական հարևանության քաղաքականության և ԱլԳ ծրագրերի լուսաբանումը հայաստանյան տպագիր լրատվամիջոցներում, ըստ ԵՄԱ փորձագետ Արմեն Նիկողոսյանի, այնքան էլ շոշափելի արդյունք չի տալիս: Նա ներկայացրեց 2010 թ. մարտ-ապրիլ ամիսների դիտարկման արդյունքները:
«Եթե 7-8 տարի առաջ ասում էին, որ բոլոր թերթերը կարդալով` կարելի է որևէ խնդրի մասին կարծիք կազմել, ապա հիմա դա անհնար է,- հայտարարեց Արմեն Նիկողոսյանը:- Արևելյան գործընկերության վերաբերյալ այս երկու ամիսների ընթացքում եղել է ընդամենը 20 նյութ, որից 15-ը կրել են տեղեկատվական բնույթ: Մենք դիտարկել ենք 15 հանրապետական թերթ, և պիտի ասեմ, որ իմ նշած 20 նյութերից միայն 11-ը հրապարակվել են «Հայաստանի Հանրապետություն» թերթում: Այդ 20-ից միայն մեկ նյութն է եղել ինքնուրույն, լրագրողական-վերլուծական: Թեթերում հիմնականում մեկնաբանություններով հանդես են գալիս պետական պաշտոնյանները, և հասարակական կազմակերպություններն այս առումով, ցավոք, մղված են հետին պլան: Եվ այսօր հասարակությունը բավական աղոտ պատկերացում ունի, թե ինչ է «Արևելյան գործընկերություն» ասվածն, ու ինչ է տալու նրան անդամակցությունը Հայաստանին»:
Արևելյան գործընկերության ծրագիրը, լինելով Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան բաղադրիչը, նպատակ ունի Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Մոլդովային և Բելառուսին առավել սերտացնել Եվրոպական Միությանը, միաժամանակ աջակցել այդ երկներին` կայունության, արդյունավետ կառավարման և տնտեսական զարգացման ուղղությամբ: ԱլԳ ծրագիրը հիմնվում է երեք հիմնական արժեքի վրա` ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք, շուկայական տնտեսություն և կայուն զարգացում:
Այս գործընթացում լուրջ դերակատարություն է վերապահվում հասարակական կազմակերպություններին, և վերջիններիս իրազեկումն օրակարգի առաջին կետն է, հաջորդ քայլը լինելու է ազգային պլատֆորմի ձևավորումը: Սեմինարի կազմակերպիչներն իրենք էլ խոստովանեցին, որ շատ հարցեր պարզ չեն նաև իրենց համար: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը փաստեց, որ անգամ Եվրոպական երկրներում հստակ ծրագրեր չկան:
Գործընկերության շրջանակներում վերոնշյալ 6 երկրին տրամադրվելու է լուրջ ֆինանսական օժանդակություն: Միայն կառուցվածքային բարեփոխումների համար եվրոպացիները պատրաստ են 32 մլն եվրո հատկացնել Հայաստանին:
«Նշված վեցյակում Հայաստանն ամենաանորոշ երկիրն է Եվրամիության համար: Մեր պաշտոնյաների հետ հանդիպումներից և քննարկումներից հասկանալի է դառնում, որ նրանց համար ամենաառաջնայինը ազատ առևտրի պայմանագիրն է, որը հնարավորություն է տալու հայկական ապրանքն ազատորեն վաճառել եվրոպական շուկաներում: Խորհրդականներն ակնկալում են մեկուսացման որոշ դրսևորումների հաղթահարում: Հասարակության որոշ շերտերի հետաքրքրում են վիզայի ազատականացման, պարզեցման մեխանիզմները,- իր դիտարկուները ներկայացրեց Բորիս Նավասարդյանը:- Իսկ 400 մլն եվրոն, որ կստանա Հայաստանն այդ ծրագրում ընդգրկվելու դեպքում երևի թե ամենակարևոր հանգամանքն է: Ի վերջո, իմ կարծիքով, մենք պետք է մասնակից լինենք Եվրոպայից եկող բոլոր ծրագրերին, որպեսզի դուրս գանք մեկուսացման վիճակից»:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ նմանատիպ համագործակցությունն ունի իր նախապայմանները, որոնց կատարումը կարող է երկրում հանգեցնել լուրջ բարեփոխումների: Մի հանգամանք, որը խոսում է գործընկերության ծրագրին անդամակցելու օգտին, այն է, որ այստեղ չեն խոսում երկրներում առկա հակամարտություններից և դրանք չեն դարձնում նախապայման:
Սեմինարը վարող գրեթե բոլոր բանախոսներն էլ հավաստեցին, որ մեր երկրում ժողովրդավարության հաստատման և իրական քաղաքացիական հասարակության ձևավորման գործում բազմաթիվ անելիքներ կան: Նրանց խոսքերով` Հայաստանն Արևելյան գործընկերության շրջանակներում մեկ անգամ ևս հնարավորություն է ստանում ինտեգրվելու եվրոպական համայնքին ու մոտենալու եվրոպական արժեքային համակարգին: «Սա գուցե մեզ տրված վերջին հնարավորություններից է»,- շեշտեց ԵՄԱ փորձագետ Հայկակ Արշամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել