Algo pequeñito, algo chiquitito
Արամ Մաթևոսյան
Ջահելությունը «տաքանում» ու պատրաստվում է Եվրոտեսիլին, իսկ ես էկզիստենցիալիզմ եմ լուսաբանում, անհամ անհամ…
- Շատ են օգտագործում «էկզիստենցիալիզմ» բառը, վերջերս:- Փորձում են հասկանալ: Ընտրել են մի ճանապարհ, որը բացահայտման չի տանում:
- Հասկանալու փորձը ավելի շուտ կփակի էկզիստենցիա կոչվածին, – ասացի ու մտածեցի ինքս իմ մեջ: Այ քեզ հայդեգերություն, այ քեզ տափակ դասականություն:
Անուններ են ուզում, անուններ եմ տալիս, ինչ անեմ, չօգնող ու ոչինչ չասող անուններ: Հայդեգեր, Յասպերս…
- Կամյու:
- Կամյու:
- Կամյու:
Թվում է թե բոլորը գիտեն: Թվում է դա թվացվողներին: Ինչ շատ են հետաքրքրվողները:
- Գաբրիել Մարսել, – ասում եմ, փորձելով դուրս գալ տրորված արահետից:
Գաբրիել անունը տալիս եմ, որ զրուցակիցս չշփոթի փիլիսոփայության ուղղության հիմնադրածին երաժիշտի հետ` Ջիվանի անվան հետ կապվող Պիտեր Գաբրիել երաժիշտի: Ջիվանի մասին են մտածում մտքի պոչով էկզիստենցիալիզմ խոսքն ասած ու կրակն ընկած սեղանակիցներս … Եվրոտեսիլ:
Ես հասկանում եմ նրանց անհանգստությունը, նրանց սպասման վիճակի մեջ մտնում եմ: Ես էլ սպասում նրանց հետ, օղեբաժակի զնգոցով հիշեցնելով երգի մրցույթի կազմակերպիչներին առանց այն էլ դանդաղ ընթացող ժամանակի մասին: Չի օգնում զնգոցն էլ: Զնգ – զրնգ, զնգ – զրնգ: Օղեբաժակներից դուրս եկող աղեկտուր երգը արձագանքում է դիպչելով լեռնապարին:
Զնգ – զրնգ…
* * *
Զնգ – զրնգ:
Լճի հայելում առավոտյան հարդարն է տեսնում Գեղամա լեռների Տիրուհին: Սև մազերը սփռած մերկ ուսերին, կապույտ սավանին պառկած, տաք ազդրերը դարչնագույն, շրթունքն ալ կարմիր…
Ու նորից քարավանի պես միալար ձգվող խոսք.
- Զուգագուլպաներ էժան, երկու հինգերորդ ռիթմ ու անուսուց պար:
- Ի՞նչ, Գերմանիա՞:
- Չէ, ծիրանի կորիզ:
- Դուդուկ, ծիրանի կորիզ ու բոյ – բուսաթ: Հա:
- Բա ինչ էիք ուզում… Սեսիլ Թեյլո°ր, Էրիկ Դոլֆի°:
- Լռություն, լռություն եմ ուզում ու ծփանք …
- Չէ, ոչ… այնկողմնային, ոչ:
- Հունաստան:
- Ռուսաստան:
- Իսրայել:
- Վրաստանի մասին ի°նչ կասեք:
- Քաղաքականություն է: Երաժշտությունից հեռու սառը հաշվարկ:
- Մեռել է Եվրոպան: Ճահիճ է անշարժ:
- Պարզունակ երգեր, պրիմիտիվիզմ:
- Բա ի՞նչ էիք սպասում:
- Հաղթանակ:
- Լավ տեղ գոնե:
- Առնվազն…
- Իսպանիա:
- Իսպանիա՞:
- Այդ մեկը չէի սպասում: Քեզանից չէի սպասում:
Ինձանից չէին սպասում: Եթե սպասելիք կա, ուրեմն ծեր չեմ ես… Ուրախանում եմ ես` լեռներով, ջրի պարզությամբ, մակարդակի բարձրացմամբ, մերկությամբ կանացի:
- Սե'ր:
- Սեր:
- Լավ բան է կյանքը, գրողը տանի:
- Ջահելությունը լավ բան է:
- Իմաստուն ջահելությունը:
- Ջիվանը:
- Ռիվասը:
- Հաղթանակը:
- Անընդհատ շարունակվող: Կորիզը հողի մեջ: Ծիրանի ծառը երկնքում:
- Ինչու° երկնքում, պարի մեջ:
- Սերը երկնքում:
- Algo pequeñito, algo chiquitito
- Նուրբ ժեստ:
- Մի հայացք:
- Գրկախառնություն:
- Ծաղիկն ափի մեջ,
- Ափի մեջ ափի:
- Փոքրիկ ինչ որ բան:
- Շատ փոքրիկ մի բան:
- Սիրո պես գաղտնի:
- Algo pequeñito:
- Algo chiquitito:
31 մայիսի 2010 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել