Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կանադա
Մայիսի 31-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Կանադա: Կայացավ ՀՀ նախարարի հանդիպումը Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Լոուրենս Քեննոնի հետ:
Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Օտտավա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար, ասաց. «Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը և ամրապնդմանը: 21-րդ դարում աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտ լինել համագործակցության ընդլայնման համար: Հայաստանը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող շատ երկրների հետ, և մենք մտադիր ենք գործուն քայլեր ձեռնարկել Կանադայի հետ բարեկամական համագործակցության առավել զարգացման համար»:
Նախարարները շարունակեցին շուրջ երկու տարի առաջ Քվեբեկում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում մեկնարկած երկկորղմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությունը, որը պարբերական բնույթ ստացավ տարբեր համաժողովների շրջանակներնում անցկացված հանդիպումների շնորհիվ: Վերջին մեկ տարվա ընթացքում կայացել է Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հինգ հանդիպում:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում գործում է կանադական կապիտալով շուրջ երկու տասնյակ ընկերություն, և համատեղ ջանքերով դրանց թիվը կարող է ավելանալ:
Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները անդրադարձ կատարեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նպատակով Հայաստանի ձեռնարկած քայլերը և գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ գործընթացը կշարժվի առաջ, երբ թուրքական կողմը պատրաստ լինի հարգել պայմանավորվածությունները` առանց նախապայմանների վավերացնել և իրագործել ստորագրված արձանագրությունները:
Նախարար Քենոնը իր հերթին նշեց, որ Կանադան ողջունում է բոլոր ջանքերը, որոնք կհանգեցնեն Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պիտեր Միլլիքենի հետ էր: Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը և դրանց ընդլայնման հնարավորությունները, միջխորհրդարանական համագործակցությունը և խորհրդարանների ներդրումը երկկողմ փոխգործակցության զարգացման գործընթացում: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:
Կանադայի խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև «Կանադա–Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անդամների հետ: Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Կանադայի ներկայացուցիչների պալատի պատգամավորների գործունեությունը հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման առումով:
Էդվարդ Նալբանդյանի օրակարգի հաջորդ հանդիպումը Կանադայի Քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիի hետ էր: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` նախարար Քենին ասաց, որ ինքը Հայաստանի և կանադահայ համայնքի բարեկամն է, նշեց, որ միշտ ուշադրությամբ է հետևում Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հայա-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ջեյսոն Քենիի ունեցած նպաստի համար: Զրուցակիցները անդրադարձան նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:
Նույն օրը` երեկոյան, Էդվարդ Նալբադյանը Կանադայում ՀՀ դեսպանատանը հանդիպեց կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Օտտավայում իր ունեցած և կայանալիք հանդիպումները, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերին:
Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել