
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող եւ լուսանկարիչ Անի Գեւորգյանը, նրա եղբայր Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալված են: Փաստաբան Լուսինե Սահակյանը «Հետքին» հայտնեց, որ ձերբակալվածներին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, Անի Գեւորգյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամջյանը կասկածվում են խուլիգանության մեջ: Լուսինե Սահակյանի խոսքով` Անին ձերբակալվել է կեսգիշերին, իսկ տղաները գիշերվա ժամը 3-ին: Այս պահին երեքն էլ ազատազրկված են: «Բերման ենթարկելիս նրանց նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել: 72 ժամվա ընթացքում նրանց կամ ազատ կարձակեն կամ կդիմեն դատարան` կալանքի վերցնելու համար»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ Անի Գեւորգյանի մեղավորության վերաբերյալ իրեն որեւէ ապացույց չի ներկայացվել:
Մենք զրուցեցինք ականատես ակտիվիստ Տաթեւ Պողպատյանի հետ, ով պատմեց հետեւյալը. «Սարյանի արձանի մոտ ոստիկանները շղթա էին կազմել, չէին թողնում, որ մտնեինք, Անին ասում էր` ես լրագրող եմ, թողեք` նկարեմ, բայց իրեն լսող չկար, հրում էին, խփում էին: Հետո մենք փողոցի մոտ էինք կանգնած, ոստիկաններից մեկն ասաց` էդ կարմիր շորով աղջկան տարեք ու իրեն քաշելով-խփելով տարան, ուզում էին ֆոտոխցիկը խլել ձեռքից: Նույնիսկ մեքենայի մեջ խփում էին Անիին, դա երեւում էր»:

Տաթեւն ասաց, որ ինքը չի տեսել, թե Անին հարվածել է որեւէ ոստիկանի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ ձերբակալվածների մասին պաշտոնական տեղեկատվությունը քիչ անց կտեղադրվի ՀՀ ոստիկանության կայքում:
Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի` Անի Գեւրոգյանը հիմնականում լուսաբանել է ոստիկանության գործունեությունը, ինչը դուր չի եկել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Լուս.`
Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել