
«Հետքը» երեկ գրել էր, որ «Սևան ազգային պարկի» Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքին հարող տարածքում, երեկոյան ժամերին հրազենով անխնա վերացնում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Քաջահավերին: Հրապարակման մասին տեղյակ են Բնապահպանական պետական տեսչությունում, պետի տեղակալ Կարեն Պապոյանը «Հետքին» ասաց, որ իրենք զբաղվում են այս խնդրով, որի վերաբերյալ հետագա տեղեկատվությունը կհրապարակեն Բնապահպանության նախարարության կայքում:
Կարեն Պապոյանը նշեց, որ այս տարվա ընթացքում իրենք «Սեւան ազգային պարկի» տարածքում Քաջահավերի ոչնչացման վերաբերյալ ահազանգ չեն ստացել: «Պարզապես մի խնդիր կա, դուք գրել էիք, որ երեկոյան ժամերին է տեղի ունեցել, իսկ մեր տեսուչները մինչեւ ժամը 18:00-ն են աշխատում»,- նշեց Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը:
Ստացվում է, որ ժամը 18:00-ից հետո կարելի է ոչնչացնել կենդանիներին եւ անպատիժ մնալ, եթե իհարկե, այդ մասին որեւէ մեկը չահազանգի տեսչություն:
«Հետքը» այս խնդրին
անդրադարձել էր դեռեւս 2009 թվականին` ընդգծելով, որ շրջակա միջավայրի պահպանության համար վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասություն ունեցող տեսչությունը շաբաթ եւ կիրակի օրերին չի աշխատում:
Մեզ չհաջողվեց զրուցել «Սեւան ազգային պարկի» ոչ պետի, ոչ էլ պետի տեղակալի հետ, քանի որ երկուսն էլ տեղում չէին:
Ինչպես քիչ անց տեղեկացրեց ԲՆ մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, Բնապահպանական պետական տեսչության պետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` խստացնելու վերահսկողությունը Լճաշեն համայնքի տարածքում եւ կատարել շրջայցեր` երեկոյան ժամերին հայտնաբերելու մեր կողմից բարձրացված վերոնշյալ խնդիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել