Ոստիկանությունը պարզաբանում է
Երեկ Ազատության հրապարակում իրականացրած ձերբակալությունների վերաբերյալ ոստիկանությունը հետևյալ տեղեկատվությունն է զետեղել իր պաշտոնական կայքէջում.
«Մայիսի 31-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ ժամը 18.00-ին անհայտ անձինք խախտելով հասարակական կարգը` փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նպատակ ունենալով կանխել նրանց գործողությունները` բազմիցս կարգի են հրավիրել օրինախախտներին, սակայն վերջիններս դիմադրություն ցույց տալով հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող և հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկանության ծառայողներին` նրանց հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրել ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ` ոստիկանության կրտսեր սերժանտ Գևորգ Վ.-ի, ոստիկանության կրտսեր սերժանտ Գրիգոր Մ.-ի, 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ, ոստիկանության ենթասպա Գևորգ Ք.-ի, ոստիկանության սերժանտ Հայկ Ն.-ի և ոստիկանության կրտսեր սերժանտ Ստյոպա Բ.-ի նկատմամբ և պատճառել վնասվածքներ:
Այդ ընթացքում հավաքված բազմության միջից մի երիտասարդ աղջիկ յուրահատուկ հոտով, չպարզված քիմիական հեղուկ է լցրել Գևորգ Վ.-ի դեմքին և պատճառել վնասվածք: Ոստիկանության ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորրիչ» բժշկական կենտրոն:
Ժամը 19.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկաններ` ոստիկանության սերժանտ Արկադի Բ.-ն և ոստիկանության ենթասպա Միքայել Գ.-ն Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, 1991 թ. ծնված Դավիթ Ք.-ին, 1992 թ. ծնված Սարգիս Գ.-ին և 1983 թ. ծնված Ռուբեն Ա.-ին, քանի որ նույն օրը, ժամը 18.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի մոտ, ծառայություն կատարելիս նկատել են Վարազդատ Թ.-ին, որը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել գետնին ընկած Դավիթ Ք.-ին:
Արկադի Բ.-ն և Միքայել Գ.-ն փորձել են կանխել վեճը, սակայն նրանց շուրջ հավաքված անձանցից Սարգիս Գ.-ն և Ռուբեն Ա.-ն, Արկադի Բ.-ի հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածել են նրա մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածք:
Դրանից հետո Սարգիս Գ.-ն պոկել է Արկադի Բ.-ի համազգեստի ուսադիրն ու ցուցադրաբար նետել գետնին, իսկ մեկ այլ երիտասարդ նրա գլխից վերցրել և գետնին է նետել ոստիկանության ծառայողի գլխարկը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել