
Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա հայկական առաջին դեդեկտիվ ֆիլմի` «Getrik» production-ի «Սպիտակ գայլերի որսը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսոր Արմեն Միրզոյանի հավաստմամբ` 110 րոպեանոց ֆիլմը ողջ ընթացքում դիտողին մեծ լարվածության մեջ է պահելու:
Ֆիլմը նկարահանվել է «Օրենքի դաշտում» նախագծի շրջանակներում: Նախագիծը ապրիլի 21-26-ը մասնակցել է Մոսկվայի «Դեդեկտիվ Ֆեստ» փառատոնին եւ 3 դիպլոմակիրներից մեկն է դարձել: «Օրենքի դաշտում» նախագիծը իր մեջ ընդգրկում է 5 դեդեկտիվ պատմություն, որոնցից մեկը հենց «Սպիտակ գայլերի որսը» ֆիլմն է: 2-րդ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, ու այն գրեթե պատրաստ է: Նախատեսվում է 3-րդ ֆիլմի նկարահանումն իրականացնել այս ամռանը:
Այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս նախագծի սցենարիստ Ժիրայր Հակոբյանը նշեց, որ այս ժանրը Հայաստանում տարածված չէ` չնայած բավականին հետաքրքիր է: Ֆիլմը նկարահանված է դասական դեդեկտիվ ժանրում:
«Դեդեկտիվի ժանրի երկու տարբերակներից` ֆրանսիական եւ ամերիկյան, ընտրեցինք ֆրանսիականը, որտեղ ոստիկանն է փնտրում եւ գտնում հանցագործին»,- ասում է Ժ. Հակոբյանը:
Ֆիլմի ռեժիսոր Արմեն Միրզոյանը նշեց, որ ֆիլմը ուսուցողական բնույթ ունի, այն մատնանշում է, որ ոչ մի հանցանք անպատիժ չի մնում եւ երբեք չի ներվում:
Ֆիլմի անունը` «Սպիտակ գայլերի որսը», ռեժիսորն ու սցենարիստը կապում են բնության եւ բնության օրենքների հետ: «Ֆիլմը շատ օրգանական է բնության հետ: Կա որս, կա որսորդ: Գայլը նապաստակին է որսում` մոռանալով, որ իրեն որսացող էլ կա: Երբ հանցագործը պլանավորում է հանցագործությունը, մոռանում է, որ իր հետեւից եկող էլ կա` ոստիկանը, ով վաղ թե ուշ կորսա նրան: Իսկ թե ինչու սպիտակ գայլեր, կիմանաք պրեմիերային»,- նշում է ռեժիսորը:
Աննա Փանոսյանը ֆիլմի հերոսուհիներից մեկն է, ով տառապում է թմրամոլությամբ. «Կերպարը մարմնավորելիս շատ դժվարությունների չեմ հանդիպել, քանի որ մինչեւ նկարահանումները ես բավականին երկար ուսումնասիրել եմ այդ թեման, կարդացել թմրամոլների մասին, փորձել եմ հասկանալ ինչպիսի իրավիճակում է մարդը, երբ թմրանյութերի ազդեցության տակ է, կամ այդ կախվածությունը ինչպես է արտահայտվում: Այդ գիտելիքները ինձ օգնեցին հեշտությամբ ստեղծել կերպարս»:
Դերասան Հմայակ Հակոբյանը ֆիլմում մարմնավորել է ոստիկանի դերը, ինչն իր համար մեծ պատիվ է: Մուրադ Նադիրյանն էլ, ով խաղացել է քննիչի դերը, խոստովանեց, որ կերպարը դժվար էր կերտելը. «Քննիչի հոգեբանության բնույթի մեջ մտնելն ու խորանալը բավականին դժվար էր: Բայց կարծում եմ` համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեց հաջողված դեր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել