Ուրանը օգո՞ւտ կբերի Սյունիքին
«Առավոտը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին հարցրեց` ինչպե՞ս է վերաբերվում ուրանի հանքի շահագործմանը: Մարզպետն ասաց, որ մեր բարձրացրած հարցը մասնագիտական է. «Քաջարանի պղնձամոլիբդենայի կոմբինատի վնասները կան, ժողովուրդը արդեն համակերպված է դրան: Եթե ուրանը տեղում չի մշակվելու, դա ոչ մի վնաս չի կարող պատճառել, իսկ այն նախատեսված չի, որ տեղում մշակվի, այլ որպես հանքաքար` տեղափոխվելու է ուրիշ տեղ»:

Թերթի այն հարցին, թե երբ կշահագործվի ուրանի հանքը, մարզպետն ասաց. «Երբ էլ շահագործվի` Սյունիքի օգուտն է, դրանից ոչ մի վնաս չի սպասում»: Սակայն Սյունիքի բնակիչները այդ հարցի շուրջ այլ տեսակետ ունեն:
«Ով որ ուրանի հանքը բացում է, թող գա իր ընտանիքով, թոռներով ապրի, օֆիսը դնի մեր գյուղում, եթե ոչ` ղափանցու ասած` կարկաժը մեջան երկու եմ անելու, եթե հանկարծ երեւան մեր կողմերում, վատ բան ա ըլնելու»,- թերթի հետ զրույցում ասել է Լեռնաձոր գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին:
Ուզում են դեմ քվեարկել, բայց չեն կարող
Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես Ազգային ժողով է ուղարկել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման մասին իր հայտնի նախաձեռնությունը` «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Թերթի տեղեկություններով` հանրապետական պատգամավորների մի մասը, որոնք հասկանում են այս օրենքի ընդունման վտանգները, ամենուրեք բողոքում են, որ իրենց պարտադրում են կողմ քվեարկել, մինչդեռ իրենք հաճույքով դեմ կքվեարկեին:
Դոլարը էժանանում է, իսկ ներմուծումը` ոչ
Գաղտնիք չէ, որ Հայաստանում գների բարձրացումը մեծապես կապված է ամերիկյան արժույթի փոխարժեքից: Դոլարը թանկանում է, թանկանում են անեւ ապրանքները: Սակայն երբ դոլարը իջնում է, ապրանքներն այդպես էլ չեն էժանանում:
Մեկ ամսվա ընթացքում ազգային արժույթն ուժեղացել է 2.3 տոկոսով: Եթե մայիսի 1-ին դոլարի փոխարժեքը տատանվում էր 387-389, ապա հունիսի 1-ին 377-380 դրամի սահմաններում: Այլ կերպ ասած, մեկ ամսվա ընթացքում գրեթե 10 նիշով արժեւորվել է:
Թվում է, թե դա պետք է հանգեցներ ներմուծվող ապրանքների գների թեկուզ չնչին նվազեցման: Սակայն այդպես չէ: Եթե չեն էլ շարունակել բարձրանալ, ապա լավագույն դեպքում մնացել են անփոփոխ:
Չոռնի պատմություն
Հայաստանյա էլեկտրոնային կայքերի փոխանցմամբ` Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն իր թիկնազորով մարդ է առեւանգել ու դաժան ծեծի ենթարկել: Հունիսի 1-ին` ժամը 11:10-ի սահմաններում, Յուրա Բեգլարյանը իր թիկնազորով ներխուժել է Մաշտոցի 16 հասցեում գտնվող «Աստեչ» գրասենյակ եւ ծեծելով առեւանգել է գրասենյակի տնօրեն Աշոտ Սարգսյանին եւ աշխատակից Միքայել Սարյանին:
Զիլ ա
Ինչպես փոխանցում է gazeta.ru ինտերնետային պարբերականը, ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական բեհաժոսղովի շրջանակներում անցկացվող ձիարշավին ներկա են գտնվել միայն Սերժ Սարգսյանը, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախագահները:
Դմիտրի Մեդվեդեւի բացակայությունն այդ արարողությունից նրա լրատվական ծառայությունը պաշտոնապես բացատրել է այսպես. «Նա մասնակցելու է այլ միջոցառումների»:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, ստիպված է եղել ձիարշավն ըմբոշխնել չճանաչված հանրապետությունների ղեկավարների ընկերակցությամբ: Նկատենք, որ նորմալ տրամաբանության մեջ դժվար է տեղավորել Սերժ Սարգսյանի` Դոնի Ռոստով գնալու եւ նման վերաբերմունքի արժանանալու որոշումը: Դոնի Ռոստով գնալու եւ նման վերաբերմունքը Սերժ Սարգսյանի հանդեպ, թերեւս, շատ խոսուն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել