«Օրակարգը»՝ սեպտեմբերի 21-ից
Սեպտեմբերի 21-ից շաբաթական 5 օր լույս է տեսնելու «Սիվիլիթաս» հիմնադրամի մեդիա ծրագրերից մեկի արդյունքում ծնված «Օրակարգ» օրաթերթը: Թերթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առայժմ թերթը տպագրվելու է 8 էջով եւ անդրադառնալու է հիմնականում տնտեսական թեմաներին, սակայն անդրադարձ կլինի նաեւ հասարակական, քաղաքական իրադարձություններին:
Հարցին, թե նախընտրական շրջանում թերթ բացելն արդյոք կապ ունի՞ քաղաքական իրադարձությունների հետ, խմբագիրն ասաց, թե Հայաստանում ամեն ինչն էլ քաղաքականության հետ կապ ունի:
«Ինձ առաջարկ է եղել եւ առաջարկի ամենակարեւոր պայմանը եղել է այն, որ օրաթերթը լինի անկախ եւ ոչ միայն մեր, այլեւ «Սիվիլիթասի» տնօրինության կողմից, եւ իր ձեւաչափով ու բովանդակությամբ դաշտում նոր խոսք լինի: Եթե առաջնորդվենք նախընտրական տրամաբանությամբ, ապա Հայաստանում միշտ էլ ընտրություններ են եւ ցանկացած ժամանակահատված էլ նախընտրական շրջան է, նախ՝ խորհրդարանական, հետո նախագահական: Ամեն ինչ քաղաքականության հետ կապելը, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց Կարեն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է թերթում Վարդան Օսկանյանի դերակատարմանը, ապա թերթի գլխավոր խմբագրի խոսքերով՝ Օսկանյանի կապերը, բնականաբար, օգտագործվելու է հատկապես միջազգային փորձագետների եւ քաղաքական գործիչների առումով, որպեսզի թերթի հրապարակումներն ավելի հարուստ լինեն:
«Մենք հստակ պայմանավորվել ենք, որ ամեն ինչ խմբագրությունն է որոշելու: Նույնիսկ Վարդան Օսկանյանի հոդվածը տպագրել-չտպագրելու, իր հետ հարցազրույց անելու անհրաժեշտությունը բացառապես լինելու է խմբագրի որոշումը, ոչ թե հիմնադրամի տնօրինության»,- ավելացրեց Կարեն Հարույթունյանը:
Վերջում «Օրակարգի» գլխավոր խմբագիրը նշեց, թե «Սիվիլիթասն» այլ մեդիա ծրագրեր եւս ունի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել