HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում հայկականությունը փոխարինվեց վրացական գործոնով

2010թ. մայիսի 30-ին Ջավախքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են օրինախախտումների, կեղծիքների, վախի ու բռնաճնշումների պայմաններում: Այս մասին հենց ընտրությունների օրն իսկ հայտնել են Ջավախքի հայկական հասարակական - քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու իրենց թեկնածություններն առաջադրած մարդիկ: Վերջին այս ընտրություններով վրացական իշխանությունները հերթական փորձը կատարեցին` թուլացնելու և զրոյացնելու հայկական գործոնը Ջավախքում: Տեղական ինքնակառավարման ժողովներից ամենատարբեր մեթոդներով դուրս մղվեցին Ջավախքի շահերի պաշտպան վերջին գործիչները, որոնք նախընտրական շրջանում և ընտրությունների օրը «ընտրառազմաճակատում» մնացել էին մեն-մենակ: Թե ինչով է տարբերվելու Ջավախքի նախկին ղեկավարությունը ներկա` Վրաստանի Ներքին գործերի մարմինների կողմից բռնի ուժով ձևավորված ղեկավարությունից` տեղին է մեջբերել լեգենդար  հեղափոխական Էռնեստո Չէ Գեվարայի զինվորներից մեկի` 1950-ականներին հնչեցված այս միտքը. «Փաստորեն ԽՍՀՄ-ի ենթակայությունը մեզ համար այնքան էլ ամերիկյանից լավը չի լինելու»: «Գիտես` Կուբան ենթարկվելու է միմիայն կուբացիներին». այս վերջին արտահայտությունը պետք է մտածելու տեղիք տա հայկական շրջանակների մոտ:  Վերջիններս դեռ չեն հասցրել անգամ սթափվել, թե ինչպես այդքան արագընթաց կերպով հայկականությունը Ջավախքում փոխարինվեց վրացական գործոնով: Հայոց պատմության մեջ ձևավորված տխրահռչակ ավանդույթի համաձայն` ժամանակն է, որպեսզի սկսվի այս դժբախտության պատճառների քննումը, փնտրելու մեղավորներին: Ընտրությունների վերջնարդյունքի հրապարակումից հետո ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» քաղաքական բլոկի Ջավախքի ներկայացուցիչները թիվ 40 ընտրական հանձնաժողովում իրենց ներկայացուցիչ Վահան Բդոյանի միջոցով դիմում են ներկայացրել նույն ընտրական հանձնաժողովին, որով պահանջել են անվավեր ճանաչել Ախալքալաքի մունիցիպալիտետի (շրջանի) թիվ 40 ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերի արդյունքները և նշանակել վերընտրություններ: Ինչպես տեղեկացրեցին Ջավախքից, ընտրությունների բողոքարկման մասին դիմումի ընդունումը Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքի կողմից անընդհատ ձգձգվել է, բերվել են զանազան տեխնիկական պատճառաբանություններ, թե, իբր, քարտուղարը տեղում չէ, հիմա չեն կարող ընդունել դիմումը և այլն: Դիմումի մերժման այդ անհարկի պատճառաբանություններն արվել են այնքան ժամանակ, մինչև երեկ ավարտվել է ընտրությունների բողոքարկման ժամկետը: «Ազգային խորհուրդ» քաղաքական բլոկի Ջավախքի ներկայացուցիչներն ստիպված են եղել իրենց բողոքարկման դիմումը էլեկտրոնային հասցեով ուղարկել Թբիլիսի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որից մինչ այս պահը որևիցե  պատասխան չի եկել: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա նրանց կողմանակալ բնութագիրը կարելի է տալ հռչակավոր աշուղ Ջիվանու մեկ պատկերավոր արտահայտությամբ. «Նրանք այնպես մարդիկ են, խավար կասեն արևին. Արդարությունը ի՞նչ է, չեն գիտեր ամենևին»: Մ. ՀԱԼԵՎՈՐՅԱՆ Ջավախք-Երևան 02.06.2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter