HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրդողանի Արգենտինա այցից հրաժարվելն այն գինն է, որը Թուրքիան վճարում է Ցեղասպանության համար

Չբավարարվելով տարածաշրջանը տիրապետելու իր նոր օսմանյան քաղաքականությամբ` Թուրքիան որոշել է ընդլայնել իր ազդեցության ծիրը շատ ավելի հեռուներում` երկրագնդի չորս կողմերում: Սակայն երբ Թուրքիան պաղեստինցիների տառապանքների նկատմամբ ձևական կարեկցանք ցուցաբերեց` իսլամական աշխարհը սիրաշահելու համար, նա շրջվեց իր վաղեմի քաղաքական և ռազմավարական գործընկեր Իսրայելից և ՆԱՏՕ-ի դաշնակիցներից: Վերջերս Բրազիլիայի նախագահի հետ Իրան կատարած և լայնորեն լուսաբանված իր այցից քաջալերված, ինչպես նաև Հարավային Ամերիկայի երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարաճուն ճանաչմանը հակազդելու մղումով տոգորված` վարչապետ Էրդողանն անցյալ շաբաթ ձեռնամուխ եղավ իր առաջին ուղևորությանը Արգենտինա, Բրազիլիա և Չիլի: Արգենտինայում Թուրքիայի դեսպանն այս այցը նախապատրաստելիս եռանդուն աշխատանքներ էր տարել տեղական իշխանությունների հետ, որպեսզի թույլատրեն Էրդողանին, 7 նախարարի և 300 գործարարի ուղեկցությամբ, հանդիսավորությամբ բացել Քեմալ Աթաթուրքի կիսանդրին Բուենոս Այրեսի խոշոր զբոսայգիներից մեկում: Ի պատասխան թուրք դեսպանի լոբբիստական ջանքերի` տեղի հայկական համայնքը անցավ հակահարվածների՝ վճարովի հայտարարություններ տեղադրելով երկու խոշոր թերթերում և Բուենոս Այրեսի քաղաքապետարանից պահանջելով չմեծարել Աթաթուրքին` վերջինիս մեղադրելով Երիտթուրքերի վարչակարգի նախաձեռնած Ցեղասպանությունը շարունակելու մեջ: Հայերն իրենց բողոքն արտահայտեցին նաև Էրդողանի այցի դեմ՝ մեղադրելով նրան Ցեղասպանության ժխտողական կառավարություն գլխավորելու համար: Բուենոս Այրեսի իշխանությունները դրականորեն արձագանքեցին հայերի մտահոգություններին` շնորհիվ տեղի հայ համայնքի հետ ունեցած վաղեմի ջերմ կապերի: Ավելին, վերջին տարիներին քաղաքային իշխանությունները երկու դասագիրք են հրատարակել Հայոց ցեղասպանության մասին, որոնցով դասավանդում են քաղաքի դպրոցներում: Կարևոր է, որ այդ դասագրքերում լուսաբանված է Աթաթուրքի ունեցած դերն իր նախորդների ցեղասպան գործունեությունը շարունակելու գործում: Թուրքական ծրագրերը վերջիվերջո ձախողվեցին, երբ բացահայտվեց, որ Թուրքիայի դեսպանը փորձել էր խաբել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին: Նա կեղծորեն պնդել էր, թե պարզապես թույտվություն է հայցում Աթաթուրքի՝ մի քանի տարի առաջ իբր թե կորած կիսանդրին փոխարինելու համար: Դեսպանը քաղաքային իշխանություններից խնդրել էր շտապ որոշում կայացնել, որ Աթաթուրքի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունենա Թուրքիայի վարչապետի՝ մայիսի 31-ին Արգենտինա կատարելիք այցի ժամանակ: Թուրքիայի դեսպանի պահանջները քննարկելիս Բուենոս Այրեսի իշխանությունները հայտնաբերեցին, որ Աթաթուրքի կիսանդրին այդ զբոսայգում երբեք չի եղել: Իրականում այդ տեղում եղել է մարդու իրավունքների եգիպտացի նշանավոր պաշտպանի կիսանդրին: Արգենտինայի խոշոր արաբական համայնքը չափազանց վրդովվել էր` իմանալով, որ թուրք դեսպանը, կեղծ փաստարկներ բերելով, փորձել էր իրենց սիրելի հերոսի կորած կիսանդրին փոխարինել Աթաթուրքի կիսանդրով: Թուրքիայի դեսպանը միտումնավոր կեղծել էր փաստերը` շատ լավ գիտակցելով, որ քաղաքային իշխանությունները չեն համաձայնի օրենք ընդունել, որով կթույլատրվի Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը: Դեսպանը փորձել էր խաբել նրանց` խնդրելով թույլ տալ պարզապես փոխարինել «կորած» կիսանդրին: Երբ Էրդողանն իմացավ, որ Աթաթուրքի կիսանդրին չի տեղադրվելու, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներից պահանջեց վերանայել քաղաքային իշխանությունների որոշումը: Սակայն Կիրշները բացատրեց, որ նա այդպիսի քայլ անելու իրավասություն չունի, քանզի Բուենոս Այրեսը ինքնուրույն ղեկավարություն ունի, և տեղական հարցերին միջամտելու ցանկացած փորձ Արգենտինայի ժողովրդավարական սահմանադրության խախտում կլինի: Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը Աթաթուրքի երկրպագուն չէ, այլ` իսլամիստ` սակայն ստիպված էր պաշտպանել Թուրքիայի հարգված հիմնադիր և ազգային հերոս Աթաթուրքի «պատիվը»: Հակառակ դեպքում, տուն վերադառնալով, վարչապետը լուրջ հարձակումների թիրախ կդառնար թուրք ազգայնականների և հզոր բանակի կողմից: Վերջին հարցախույզերի համաձայն` նրա կուսակցությունը (AKP) իշխանության գալուց հետո առաջին անգամ մի փոքր զիջում է ընդդիմադիր Քեմալիստական կուսակցությանը (CHP), որը վարչապետի համար կարող է լուրջ անհանգստության պատճառ դառնալ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս իրավիճակում Էրդողանը ստիպված էր չեղյալ հայտարարել իր չափից ավելի գովաբանված ուղևորությունը Արգենտինա` Բրազիլիա այցելելուց հետո: Զարմանալի չէ, որ Թուրքիայի ԱԳՆ-ը զայրույթով մեղադրեց Արգենտինայի հայ համայնքին` վարչապետի վճռորոշ այցը ձախողելու համար: Առաջին անգամ է, որ Թուրքիայի մի վարչապետ ստիպված է ընդհատել իր արտասահմանյան այցը՝ հայ համայնքի աչալրջության շնորհիվ: Պետք է արժանին մատուցել արգենտինահայերին իրենց արդյունավետ գործունեության համար: Աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հետևեն նրանց օրինակին` իրականացնելով օրենքի շրջանակներում թույլատրելի բոլոր միջոցները թուրք պաշտոնյաների այցերը, ռազմական և առևտրային պայմանագրերը չեղյալ հայտարարելու, ինչպես նաև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ուղղությամբ, ընդհուպ մինչև դեսպանների հետկանչը: Թուրքիայի ղեկավարներին պետք է մշտապես հիշեցնել իրենց նախնիների գործած զանգվածային ոճրագործությունների մասին: Քանի դեռ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում չի տրամադրել, ապա ստիպված է քաղաքական ու տնտեսական շատ թանկ գին վճարել տարիներ շարունակ: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը՝ Ռ. Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter