«Մենք չենք պատրաստվում սակարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»
Աշխատանքային այցով Դոնի Ռոստովում գտնվող նախագահ Սարգսյանն այցելել է տեղի հայ առաքելական Սուրբ Համբարձման եկեղեցի, պատմաազատագրական թանգարան, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հիշատակին:
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:
Հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն ասել է. «Դոնի Ռոստովն այնքան շատ բան է տվել մեր գրականությանը, մշակույթին եւ քաղաքական մտքի զարգացմանը, որ այստեղ Հայաստանի նախագահի խոսքը կարող է հնչել առանձնահատուկ շեշտադրումով: Նկատի ունեմ, որ իմ թիկունքին են մեծանուն նորնախիջեւանցիները` Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Մարտիրոս Սարյանը եւ շատերը, որոնց անուններն ու գործը նվիրական են բոլորիս համար:
Սա պարտավորեցնող է հատկապես նրանց համար, ովքեր այսօր ճակատագրի բերումով ապրում եւ աշխատում են այստեղ, եւ կոչված են արժանավայել կերպով շարունակելու հայկականության մեծ ու հարուստ այդ ավանդույթները: Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ, համոզված եմ, այդպես էլ շարունակվելու է:
Այս իրողությունը մեր համայնքների զարգացման համար ակնհայտ առավելություն է եւ բարենպաստ պայման, քանզի կա փայլուն բարեկամություն նոր հայրենիքի` Ռուսաստանի եւ պատմական հայրենիքի` Հայաստանի միջեւ: Ավելին` կա փոխըմբռնման եւ փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար»:
Խոսելով Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակի մասին` Սերժ Սարգսյանն ասել է. «Դուք իհարկե տեղյակ եք, որ մենք սառեցրել ենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները: Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում:
Ավելին` նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք:
Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղեւորության ընթացքում հենց այստեղª Դոնի Ռոստովում, ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները£ Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան£
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ»:
Հայաստանի ղեկավարը խոսել է նաեւ երկրի ներքին կյանքի, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման եւ տնտեսության վերականգնման մասին:
Ավարտելով խոսքը` նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք մեր պատմությունն ենք կերտում: Պատմություն, որ նոր շունչ է առել Հայաստանի անկախացմամբ: Պատմություն, որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին£ Եվ գրելու ենք լավ ձեռագրով, գրելու ենք այնպես, որ սերունդները հետագայում հպարտանան մեր ձեռքբերումներով:
Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: Աշխատենք ձեռք ձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել