«ԼՂՀ ազատագրված տարածքները մեր սեփականությունն են եւ ենթակա չեն հանձնման»
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում նկատելի աշխուժացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատրվակով Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ միջազգային տարատեսակ կառույցների, առանձին պետությունների ու պաշտոնատար անձանց արված անհիմն ու կողմնակալ մոտեցումների եւ հայտարարությունների շրջանառումը:
Փորձ է արվում հայկական կողմերին պարտադրել այնպիսի լուծում, որը կհանգեցնի տարածքային կորուստների ԼՂՀ-ում ու կբխի բացառապես ադրբեջանցի ներքին տեղաշարժի ենթարկված անձանց ու փախստականների շահերից` շրջանցելով կես միլիոն ադրբեջանահայ փախստականների շահերը:
Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւի` ազատագրված տարածքներից հայկական զինուժի անհապաղ դուրսբերմանը, այդ տարածքներ` ղարաբաղյան պատերազմի կամ դրա հետ կապված փախստականների եւ ներքին տեղաշարժի ենթարկված անձանց վերադարձի, սեփականության եւ անձնական անվտանգության իրավունքների իրացման, անցումային շրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան Ղարաբաղի ազգաբնակչության հետ նրանց անվտանգ գոյակցության ապահոմանը վերաբերվող դրույթները, ՄԱԿ-ի փախստականների եւ ներքին տեղաշարժի ենթարկված անձանց հարցերով հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Վալտեր Կալինի Բաքվում արած կոչերն առ համաշխարհային հանրություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստիպելու Հայաստանին ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները` ապահովելու համար ադրբեջանցի փախստականների եւ բռնի տեղահանված անձանց վերադարձն իրենց նախկին բնակության վայրեր, ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների մերժումը մի շարք միջազգային կառույցների ու տարբեր պետությունների կողմից վկայում են, որ վտանգված են Հայաստանի եւ Արցախի շահերը, իսկ հայ փախստականների իրավունքներն անտեսված են եւ ոտնահարված:
Մենք բազմիցս ենք հորդորել Հայաստանի եւ Արցախի իշխանություններին տեր կանգնել ադրբեջանահայության իրավունքներին, քանի որ, մեր համոզմամբ, հայ փախստականների հիմնախնդրի արծարծումը կարող է դառնալ ԼՂ հիմնախնդրի արդարացի եւ իրավական առումով անթերի լուծման բանալին: Ստիպված ենք արձանագրել, որ այսօր ստեղծված ծանր վիճակը հետեւանքն է մեր հորդորների անտեսման: Հայաստանում բարձր պաշտոնատար անձինք եւ ատյանները, որոնք օրենքով կոչված են զբաղվել հայ փախստականների հիմնախնդիրների լուծմամբ, շատ յուրօրինակ կերպով են ընկալում իրենց խնդիրը. իրենց վերաբերմունքով, գործելակերպով, հայ պետականության շահերի բացառիկ անտեսմամբ մեծապես աջակցում են նրան, որ հայ փախստականները Հայաստանի հետ չկապեն իրենց ապագան:
Միակ դրական տեղաշարժը կարելի է համարել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի օրերս արած այն պնդումը, որ առանց կես միլիոն հայ փախստականների հիմնախնդրի լուծման եւ բանակցային օրակարգի ու սկզբունքների ձեւավորման գործընթացին ԼՂՀ անմիջական մասնակցության ԼՂ հիմնախնդրի կարգավորումն անհնար է:
Մենք հայտարարում ենք, ի գիտություն տարատեսակ միջազգային կառույցների եւ չինովնիկների, որ ԼՂՀ ազատագրված տարածքները ադրբեջանահայության, այսինքն` մեր սեփականությունն են եւ ենթակա չեն հանձնման, չեն կարող լինել սակարկության առարկա:
Ի գիտություն Հայաստանի պետական պատկան կառույցների ու չինովնիկների. մենք հայտարարում ենք, որ ի հեճուկս ձեր բոլոր ջանքերի, գործադրած բռնությունների ու չարաշահումների, մենք մեր ապագան չենք տեսնում առանց Հայաստանի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել