«Նախագծով նաև չի հաջողվել ամուր հիմքեր ստեղծել թվայնացման գործընթացի համար»
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը համապատասխանեցնել ԵԱՀԿ և եվրոպական չափանիշներին` նախքան նախագծի վերջնական ընդունումը:
«Եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, այն չի երաշխավորի հեռարձակման ոլորտում բազմակարծությունը: Նախագծով նաև չի հաջողվել ամուր հիմքեր ստեղծել թվայնացման գործընթացի համար»,- նշել է Միյատովիչը: Լավ նախագիծը կարող է պաշտպանել հեռարձակողների անկախությունը` դրանով իսկ նպաստելով ԶԼՄ-ների ազատությանը` միևնույն ժամանակ խթանելով մրցունակ և տնտեսապես կայուն հեռարձակման դաշտի ստեղծմանը Հայաստանում»:
Միյատովիչը նշել է, որ վերջերս Հայաստան կատարած իր այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է իրեն, որ իր գրասենյակի և քաղաքացիական հասարակության առաջարկությունները հաշվի կառնվեն նախագիծը վերջնական տեսքի բերելուց առաջ: Միյատովիչը ողջունել է այն փաստը, որ նախագիծը քննարկվել է խորհրդարանի կազմակերպած հանրային լսումների ընթացքում:
Ս.թ. մայիսի 20-ին Հայաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը` այն հանրությանը ներկայացնելուց քիչ անց: Չորս օր անց` նախքան խորհրդարանական լսումները, Միյատովիչի գրասենյակը տրամադրեց օրենքի նախագծի մասին փորձագիտական կարծիք` մանրամասնելով մտահոգություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Փորձագիտական կարծիքը, որը ներկայացվել է Հայաստանի իշխանություններին, նաև ներառում է առաջարկություններ լրամշակումների համար:
Ըստ փորձագիտական վերլուծության նախագծում առկա թերությունների թվում են հետևյալ խնդիրները.
- Նախագիծը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) այլևս չի պարտավորեցնում հիմնավորել հեռարձակման լիցենզիայի համար ներկայացված դիմումները մերժելու պատճառները:
- Անորոշ ժամանակով հետաձգում է թվային հեռարձակման համար մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծման հնարավորությունը` միևնույն ժամանակ պահանջելով, որպեսզի 2013թ. հուլիսի 20-ին դադարեցվի անալոգային հեռարձակումը: Սա կարող է խախտել մրցակցության կանոնները:
- Օրինագիծը ՀՌԱՀ-ի ներկայիս պարտականություններից հանում է տարին առնվազն մեկ անգամ հաճախականությունների պլանը հրապարակելու պարտականությունը: Սա լիցենզավորման և մրցույթների ընթացակարգերը, ինչպես նաև մուլտիպլեքսների հստակ կարողությունը և թիվը անորոշ է դարձնում և տարբեր մեկնաբանությունների և բյուրոկրատական հայեցողության ենթակա:
- Հստակ կաննոններ չի պարունակում արբանյակային, բջջային և ինտերնետային հեռարձակման վերաբերյալ` փորձելով տեսաձայնային լրատվամիջոցների ծառայությունների բոլոր ձևերն ու տեսակները դնել ՀՌԱՀ-ի լիցենզավորման կամ թույլտվությունների խիստ ռեժիմի ներքո:
- Սահմանափակում է հեռուստաալիքների թիվը` առանց որևէ մեկնաբանության:
- Չի համապատասխանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության և նշանակման միջազգային չափանիշներին:
Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել