
Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ գարնանացանի աշխատանքներում այս տարի մոտ մեկ ամսով հետ ենք ընկել` անցյալ տարվա համեմատությամբ, ինչի պատճառը բնակլիմայական պայմաններն են` սկսած մարտի սկզբի ցրտահարությունից, տևական, հորդարատ անձրևներից, վարարումներից և այլն: Դրանք բոլորը վատ են անդրադարձել գյուղմթերքների ու գյուղատնտեսական աշխատանքների վրա:
Սակայն այս պահի դրությամբ արդեն կատարվել են 87 հազար 731 հեկտարի հացահատիկի գարնանացանի աշխատանքներ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 3 000 հեկտարով ավելի է:
«Բնական աղետներից` կարկուտից, ցրտահարությունից լուրջ վնասներ կան` թե մրգատու ծառերի, թե հացահատիկային ցանքերի և թե բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված: Հիմա վնասների չափսերն ամբողջությամբ ուսումնասիրվում, գույքագրվում են»,- ասաց նա:
Նախորդ տարի ունեցել ենք 85 հազար տոննա ծիրանի բերք, սակայն այս տարի 30-40 տոկոսով պակաս բերք կունենանք` միայն ցրտահարության պատճառով:
Գյուղնախարարի խոսքով` խնդիրներ կունենանք շուկայում ծավալի կրճատման հետ կապված, ծիրանի գնաճ կնկատվի: «Բայց կարծում եմ, որ այժմ ավելի լուրջ խնդիրներ ունենք` միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի գոնե եղած բերքը պահենք»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել