HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ոստիկանապետն ասաց, որ իրենք ունեն խիստ հիմնավոր պարզաբանումներ»

Մայիսի 31-ին ուշ երեկոյան Սարյանի արձանի մոտակայքից բռնությամբ ոստիկանության կենտրոնի բաժանմունք են բերման ենթարկվել մոտ 2 տասնյակ ընդդիմադիր երիտասարդներ եւ լրագրողներ, որոնցից երեքին ձերբակալել են: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Իսկ նրա եղբայր Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ են կասկածվում: Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ նշված է, որ երիտասարդները, խախտելով հասարակական կարգը, փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ: Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներին հարցրինք, թե արդյոք ոստիկանները գործողությունները չե՞ն հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ). «Իմ կարծիքով` ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում. թե ոստիկանները պետք է իրենց գործողություններն իրականացնեն` ելնելով մեր օրենսդրությունից, թե մեր քաղաքացիները պետք է պահպանեն հասարակական կարգը: Ես մանրամասներին տեղյակ չեմ, թե այնտեղ ինչ է եղել եւ ես իրավաբան չեմ, որպեսզի իրավական գնահատական տամ: Իրավական գնահատական կարող է տալ դատարանը: Իմ քաղաքական գնահատականը հետեւյալն է. քաղաքացին պետք է ունենա իր ազատությունները լիարժեք իրականացնելու իրավունք` օրենքով սահմանված կարգով, իսկ ոստիկանները պետք է միայն ու միայն օրենքի սահմաններում իրականացնի իր գործառույթները: Եթե որեւէ մեկը այստեղ անցել է օրենքի տառը, բնականաբար, դա շատ դատապարտելի է եւ դա պետք է կանխվի»: -Ոստիկանության պարզաբանման մեջ նշված է, որ երիտասարդները, խախտելով հասարակական կարգը, փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ: Ձեր պատկերացմամբ` ինչպե՞ս կարող էին նրանք խախտել հասարակական կարգը: -Ես չեմ կարող ասել, թե նրանք ինչ են արել, որ օրենքը խախտել են: Ես ոստիկանության փաստաբանը չեմ, ընդհակառակը` Ազգային ժողովի պատգամավորը սպասարկում է հասարակությանը, այս հարցը պետք է լուծվի դատական ատյաններում: Մեր դիրքորոշումը հետեւյալն է. ցանկացած հակաօրինական քայլ, անկախ նրանից, թե ով է այն արել, դատապարտելի է: Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ). «Ես այսօր առավոտյան զրուցել եմ ոստիկանապետի հետ Ձեր բարձրացված խնդրի վերաբերյալ եւ մասնավորապես` լրագրողի վերաբերյալ, ով 72 ժամվա կալանքի է վերցված: Ես խնդրել եմ պարզաբանումներ, ոստիկանապետն ինձ ասել է, որ իրենք որեւէ օրենք չեն խախտել եւ առաջիկայում հանդես կգան պարզաբանումներով, եւ հանրությունը կհամոզվի, որ օրենքից դուրս իրենք որեւէ քայլ չեն կատարել: Ես, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ, ոստիկանապետն ասաց, որ կան համապատասխան տեսագրություններ, որոնք կտեղադրեն իրենց կայքում: Մեկ բան միանշանակ է, որ որեւէ բռնություն որեւէ մեկի հանդեպ մեզ համար ուղղակի անթույլատրելի է եւ քանի որ «Բարգավաճ Հայաստանին» է վստահված Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը, մեր կուսակից Արամ Սաֆարյանը եւս այսօր զրուցել է ոստիկանապետի հետ եւ նա նույն պարզաբանումներն է տվել: Մենք խիստ հետեւողական ենք լինելու եւ այս հարցը պահելու ենք ինչպես մեր հանձնաժողովների եւ մեր կուսակցության ուշադրության կենտրոնում: Թող հստակ պարզաբանումները լինեն, որից հետո մենք կորոշենք` բավարար են այդ պարզաբանումները, թե ոչ, որից հետո էլ կորոշենք մեր հետագա քայլերը»: -Մինչ այժմ տված պարզաբանման մեջ նշված է, որ քաղաքացիները «փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ քաղաքացիների արգելվում է այդտեղ գտնվել: -Իհարկե, դա չի կարող հիմնավոր պարզաբանում լինել, բայց ոստիկանապետն ասաց, որ իրենք ունեն խիստ հիմնավոր պարզաբանումներ, սպասենք դրանց, որից հետո անենք մեր հետեւությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter