HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Լեզուն գույք չէ, որ պարտքի դիմաց տանք»

«Չի կարելի պետական լեզուն ուղարկել խոհանոց, դարձնել կենցաղային լեզու, հայոց լեզուն գիտության լեզու է սկսած 5-րդ դարից, ո՞վ է իրավունք տվել, որ մենք հրաժարվենք սրանից: Ուրեմն` տանը կխոսեն հայերեն, շուկայում կխոսեն հայերեն, իսկ գիտություն, քաղաքականություն, կրոն եւ այլն կխոսեն անգլերեն եւ ռուսերեն: Ամոթ եւ խայտառակություն, եթե մարդն այսպես է մտածում, այսպես մտածողը իրավունք չունի որեւէ պաշտոն զբաղեցնելու Հայաստանի Հանրապետությունում, այդպիսի մարդը վնասական տարր է...»,- հունիսի 2-ին Թեքեյան մշակութային կենտրոնում հրավիրած համաժողովի ժամանակ հայտարարեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը: Համաժողովը կազմակերպել էր «Մենք դեմ ենք օտար լեզվով ուսուցմանը Հայաստանում» նախաձեռնությունը, որը հրավիրել էր նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, սակայն նրան ելույթի իրավունք չէր տվել, այդ պատճառով էլ նախարարը հրաժարվել էր մասնակցել համաժողովին: Նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Առաքելյանը հայտարարեց, որ իրենք նախարարի տեսակետը լսելու կամ բանավիճելու ցանկություն չունեն եւ համաժողովը բողոքի ակցիա է` ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, այնպես որ դրա ընթացքում պետք է հնչեն միայն դեմ կարծիքները: Հենրիկ Հովհաննիսյանը մեջբերեց Ավետիկ Իսահակյանի խոսքերը`«Մեր լեզուն մեր հայրենիքն է» եւ ասաց, որ մտավորականները ամեն միջոցով կռիվ կտան լեզվի համար. «Թույլ չենք տա, որ մեր հայրենիքը պղծեն»: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը իր ելույթում նշեց, որ հայկական դպրոցների մակարդակը բարձրացնելու փոխարեն նախարարությունը մտածում է օտարալեզու դպրոցներ բացելու մասին. «Ժողովրդին ձուլելու լավագույն միջոցը լեզուն վերացնելն է, պարզապես անհանդուրժելի է, որ անկախ երկիրը թույլ է տալիս օտարելեզու դպրոցներ բացել»,- ասաց պրոֆեսորը: Բանասիրության դոկտոր Լավրենտի Հովհաննիսյանը կարծում է, որ «Լեզվի մասին» օրանքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը արտաքին ուժերի պարտադրանք է. «Բայց բոլոր պարտադրանքները չէ, որ պետք է ընդունել, լեզուն գույք չէ, որ պարտքի դիմաց տանք, մենք կկորցնենք մեր ինքնությունը»: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը հայտարարեց, որ օտարալեզու դպրոցների վերաբացումը ժողովրդին բաժանելու միջոց է. «Հայ մարդու ինքնությունը խաթարվում է. ես դեմ եմ այս հարցն ընդհարապես քննարկելուն»: Աշխարհագրության դոկտոր Կարինե Դանիելյանն էլ հիշեց, թե ինչպես էին Սովետական միության տարիներին Պուշկինի անվան ռուսալեզու դպրոցի սաներն իրենց բարձր դասում` հայալեզու կրթություն ստացողներից: Նա նշեց, որ օտարալեզու դպրոցներ վերաբացելու դեպքում կառանձնանա «էլիտար» մասսա, որը ապազգային է լինելու եւ գալու է իշխանության` իր հետեւից տանելով ամբողջ ազգը: Տնտեսական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը առաջարկեց հասարակական հիմունքներով ստեղծել համապատասխան կառույց, որը կստանձնի այն պետական կառույցի դերը, որը չի կատարում օրենքով նախատեսված իր պարտավորությունները: «Այսպիսով մենք կառավարության համար կստեղծենք մրցակցություն»,- նշեց տնտեսագետը: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանն էլ Կրթության եւ գիտության նախարարին անվանեց դավաճան, որին դատ է հասնում: «Եւ բոլոր այն մարդիկ, որոնք կպաշտպանեն դավաճանին, նույնպես կլինեն դավաճան»: Օտարին հաճոյանալու պիղծ մղում. Գարեգին Չուգասզյանն այսպես որակեց նախարարի նախաձեռնությունը: Չուգասզյանն առաջարկում է սետղծել 4-րդ Հանրապետություն, քանի որ 3-րդ Հանրապետությունը, նրա կարծիքով, բանկրոտ վիճակում է հայտնվել, եթե այսպիսի հարցեր է քննարկվում: «Մենք պետք է 3-րդ Հանրապետությունը ձգենք այնքան ժամանակ, մինչեւ 4-րդը ծնվի մեր մեջ: Այս ազգը ուժեղ իմունային համակարգ ունի եւ այն վարակիչ 1-2 տոկոսը, որ ուզում է մտնել մեր մեջ, չի լինելու, հանելու ենք դուրս: Վարակը տարածողներին կարանտինի են ենթարկում»,- հայտարարեց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter