ՀԱԿ-ի հայտարարությունը
Վերջին օրերին անհատ քաղաքացիներ բողոքի քաղաքացիական ակցաներ են փորձում կազմակերպել նորաբաց Ազատության հրապարակում, ինչը ապօրինաբար խոչընդոտվում է ոստիկանության կողմից։ Մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվում, նրանց ապօրինաբար տանում են ոստականական բաժանմունք։ Մայիսի 31-ին ոստիկանական բաժանմունք տարված 17 քաղաքացիներից 3-ին, այդ թվում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին ձերբակալել են շինծու մեղադրանքներով, ինչպես միշտ՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա։
Ազատության հրապարակում տարբեր ակցիաներ անցկացնելու մարդկանց ցանկությունը ավելի քան բնական է։ Առաջին իսկ պահից, դեռ 1987թ. աշնանից, երբ ԽՍՀՄ պայմաններում հնարավոր եղավ իրացնել ազատ հավաքների իրավունքը, Օպերային թատրոնին կից Թատերական հրապարակը դարձավ առաջին ինքնաբուխ հավաքների, զանազան ակցիաների, քննարկումների վայր։
Հետագայում այն վերանվանվեց Ազատության հրապարակը հենց այն պատճառով, որ տարիներ շարունակ եղել էր հարյուրավոր նման քաղաքացիական ու քաղաքական միջոցառումների տեղ ու ձեռք բերել ժողովրդավարական ազատությունների ծննդավայրի խորհրդանիշի համարում։
Ազատության հրապարակը 2008թ. մարտիմեկյան ջարդից ու սպանդից, ապօրինաբար հայտարարված արտակարգ դրությունից ի վեր ոստիկանության կողմից փակված էր քաղաքացիների համար։
Ոստիկանությամբ շրջափակված այդ հրապարակում անցկացվեց չընտրված նախագահի երդման արարողությունը, ինչից հետո անհիմն երկար՝ երկու տարի ժամկետով այն դարձվեց շինհրապարակ՝ հույս ունենալով, որ այդ ընթացքում կմարի համաժողովրդական շարժումը։
Այդ ծրագիրը տապալվեց, հույսը չիրականացավ եւ այսօր, հրապարակի բացումից հետո իշխանությունն ստիպված է դիմել ցցուն ապօրինությունների՝ ընդհուպ զբոսնելու համար հրապարակի մուտքերը փակելով։
Ընդ որում, հրապարակ պարզ մուտք գործելը արգելվում է միայն քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին, որոնց բոլորին արդեն դեմքով ճանաչում են։
Նաեւ խոչընդոտվում են մեկ կամ մի քանի քաղաքացիների՝ իրենց սահմանադրական իրավունքների իրացման շրջանակներում որեւէ ակցիա՝ խաթարելով այդ հրապարակում նման միջոցառումների անցկացման երկու տասնամյակի ընթացքում ձեւավորված ավանդույթը։
Հայ Ազգային Կոնգրեսն առայժմ որոշում չի ընդունել Ազատության հրապարակում միջոցառումներ անցկացնելու մասին, սակայն իրեն հասու բոլոր միջոցներով, ներառյալ բարոյական, քաղաքական ու իրավական աջակցությունը, պաշտպանելու է այն անհատներին, քաղաքացիներին, ովքեր տարբեր հավաքների անհատական կամ խմբային ակցիաներ անցկացնելու իրենց իրավունքնքը կորոշեն իրացնել դրա համար ավանդական դարձած Ազատության հրապարակում։
Վստահեցնում ենք, որ Ազատության հրապարակը բացվելու է ու շարունակելու է գործել որպես ազատ խոսքի, ազատությունների ընդլայնման ու մարդու իրավունքների իրացման տեղի, ինչպիսին այն եղել է, ու մնալու է այդպիսին այս եւ հաջորդ իշխանությունների օրոք։ Իսկ այսօրվա օրինախախտները, ապօրինի հրամաններ տվողները եւ կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել