«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների շուրջ
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխություններով Հայաստանի իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` թվայնացման գործնթացը ծառայեցնել ՝ խոչընդոտելու անկախ որեւէ հեռուստատեսության մուտքը եթեր, մասնավորապես՝ արգելելու 2002 թ. ապօրինաբար փակված «Ա1+»-ի վերաբացումը:
«Ա1+»-ի տեղեկատվություն տարածելու իրավունքի վերականգնումը ենթադրող՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը չկատարելու եւ ընդհանրապես հեռուստաեթերը իշխանության խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով իշխող վարչախումբը չի խորշել խաբեության, պետական շահի ոտնահարման, հանցավոր անգործության, սահմանադրական իրավունքների խախտման եւ անարժանապատիվ հնարքների որեւէ փորձից:
2002-2008թթ. առանց հիմնավորումների եւ արժանահավատ տեխնիկական աուդիտի հայտարարեցին, որ Հայաստանում հասանելի են միայն 22 անալոգային հաճախականություններ, եւ շինծու մրցույթներով «ապահովեցին» Ա1+-ի "պարտությունը"՝ բոլոր 22 հաճախականությունները տրամադրելով հլու-հնազանդ հեռուստաընկերություններին, որոնք նախագահականի հրամանով են լուսաբանում քաղաքական նորությունները եւ անցուդարձը, անում զավեշտալի քայլեր՝ ընդհուպ մինչեւ ընդդիմության ասուլիսների կոլեկտիվ «բոյկոտները»:
Մի ժամանակշրջանում, երբ ամբողջ աշխարհը անցում է կատարում թվայնացմանը, ինչը հնարավորություն է տալիս անհամեմատ ավելացնել հեռարձակման հնարավորությունները, Հայաստանի իշխանությունները ամեն բան արեցին այդ հնարավորությունները արհեստականորեն սահմանափակելու, չօգտագործելու եւ թվայնացման գործընթացը ձգձգելու համար: Մասնավորապես, Միջազգային Հեռահաղորդակցման Միությունում /International Telecommunications Union/ անգործության, իսկ ավելի ճիշտ՝ միտումնավոր անսկզբունքային եւ անհետեւողական աշխատանքի պատճառով, Հայաստանին հատկացվելիք անալոգային հաճախականությունների թիվը կրճատվել է 11-ի:
Երկու տարի խնդիրն անհիմն ձգձգելուց հետո Հայաստանի կառավարությունը պատրաստել է թվայնացման մի ծրագիր, որով մոտակա տարիներին կթվայնացնեն ՀՀ տրամադրության տակ գտնվող 11 անալոգային հաճախականություններից միայն 4-ը, ինչի հետեւանքով հեռարձակման հնարավորություն կստանա միայն 18 հեռուստաընկերություն: Իսկ դա նշանակում է, որ հակառակ երկու տարի առաջ տրված խոստումների, պետական շահագործման մուլտիպլեքսների գործարկմամբ ոչ միայն չեն ավելանալու հեռարձակաման հնարավորությունները, ինչը կվերացներ անկախ հեռուստատեսությունների գործունեության համար բոլոր տեխնիկական խոչնդոտները, այլ հակառակը`կրճատվելու են անգամ եղածները: Իսկ մասնավոր մուլտիպլեքսների մուտքը նախատեսվում է միայն 2015 թվականին այն էլ` անորոշ պայմաններով:
Նման անմեղսունակ ծրագրի հիմնավորման համար Հայաստանի իշխանությունները որեւէ հոդաբշխ պատասխան չեն տալիս հասարակության, անկախ փորձագետների, հեռարձակման բնագավառում մասնագիտական հետաքրքրություն ունեցող կազմակերպությունների հարցերին:
Թվայնացման ծրագրի հետ կապված ֆինանսական եւ տեխնիկական ասպեկտների ապօրինի քողարկումը հանրությունից եւ ոչնչով չհիմնավորված, հեռարձակման ոլորտում արհեստական սահմանանափակումներ պարունակող թվայնացման ծրագիրը ուղղված է երկու նպատակի. 1/ պահպանել իշխանության վերահսկողությունը հեռուստառադիոյի ոլորտի նկատմամբ, մասնավորապես շարունակել Ա1+ հեռուստատեսության ապօրինի արգելումը, 2/ սահմանել վարչախմբի կոռուպցիոն հնարավորությունները խոստումնալից հեռանկարներ ունեցող հեռահաղորդակցության բնագավառում:
Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է հրաժարվել հեռահաղորդակցության բնագավառում արհեստական եւ անհիմն սահմանափակումներ ստեղծող այդ հակապետական եւ հակաժողովրդական ծրագրից եւ Ազգային Ժողով ներկայացվելիք օրինագծում ընդգրկել համապատասխան միջազգային եւ տեղական մասնագիտական կազմակերպությունների առաջարկները, որոնք ուղղված են խոսքի ազատության եւ անկախ հեռուստատեսության հեռարձակման հնարավորությունների ապահովմանը, կերաշխավորեն բնագավառի կառավարման թափանցիկությունը եւ հաշվետվությունը հանրության առջեւ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել