«Ազատության» հրապարակ գնալ, թե` չգնալ
Ս/թ մայիսի 28-31-ը մեր` «Ազատության» հրապարակում գտնվելու բնական ընթացքն արգելվեց ոստիկանության և քաղաքացիական համազգեստով հանցագործ խմբավորումների միջոցով: Ցավոք սադրիչները գողական բանդայի կազմակերպվածությամբ կարողացան խառնակել մեր շարքերը, նաև պատանդ վերցնել ՀԱԿ երեք ամենաերիտասարդ ակտիվիստների:
Ըստ ինձ, իշխանության սադրիչ բանդաների գործողություններին մենք կարող ենք դիմակայել մեր կազմակերպվածությամբ, եւ քաղաքացիական համարժեք քայլերով, ինչը դեռեւս հեռու է բավարար մակարդակից:
Օրինակ, հիշյալ օրերին կատարված հանցավոր գործողությունների կապակցությամբ մեզանից յուրաքանչյուրը, ում նկատմամբ կիրառվել են բռնություններ, գոնե պետք է կազմեր և ներկայացներ «հաղորդագրություն հանցագործության» մասին և չսպասեր ՀԱԿ փաստաբանները անեին դա:
Կամ այլ խնդիր` ցավոք մեզանում դեռ շատերս չենք յուրացրել, որ ոստիկանության և հանցագործ խմբերի սադրանքներին չենթարկվելու համար գործնականորեն ինչ վարքագիծ պետք է որդեգրենք:
Վերոհիշյալ բացթողումների լրացմը եւ լավագույն լուծումը կարող է լինել ՀԱԿ-ի «քաղաքացիական հասարակություն, Մարդու իրավունքներ» հանձնախմբում ներգրավվելը և ակտիվ գործնեությունը:
Ինձ համար, որպես ՀԱԿ շարքային անդամի, օրենքի պահանջներից բացի, ուղղենիշ է ՀԱԿ առաջնորդների և առաջին հերթին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բարոյական նկարագիրը:
Առաջնորդվում եմ այն սկբունքներով, որ մեր նպատակները հետապնդեմ բացառապես սեփական զրկանքների և ինքնազսպվածության ճանապարհով: Օրինակ որևէ դեպքում, մասնավորապես «Ազատության» հրապարակ մուտք գործելիս, երբ ոստիկանները կամ նրանց ուղեկցող խուժանը ինչ սադրանք էլ հրահրի, որքան էլ ծաղրի իմ ըմբոստությունը, եթե նույնիսկ իմ գանգը ջարդեն ես, թեկուզ ինքնապաշտպանության նկատառումով հակառակ գործողության չեմ գնա: Սա է իմ լուման Համաժողովրդական Շարժման և այն մարմնավորող ՀԱԿ-ի պայքարում:
Պատրաստ եմ մասնակցել տարբեր ակցիաների այն անձանց հետ, ում համար ընդունելի է պայքարի այս ձևը:
Ես գնալու եմ «Ազատության» հրապարակ` իմ բողոքի պաստառներով, թերևս ոչ ամեն օր և ոչ սահմանված ինչ-որ ժամի:
Վարդգես Գասպարի, 02.06.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել