HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Քարի բիզնես` ողողված հավատքի լույսով

Իջեւան քաղաքի ծայրին, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին, «Քարարտ» գործարանի առաջ հայկական դրոշի կողքին ծածանվում է ռուսական եռագույնը: «Քարարտ» ՓԲԸ-ն հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն չէ, ինչո՞ւ է կախված ռուսական դրոշը: Ընկերության տնօրեն Կարեն Գիշյանն ասաց, որ  սեփականատեր Արթուր Բաղրյանը Ռուսաստանում աշխատած փողերով է հիմնել գործարանը եւ այդ պատճառով է կախել ռուսական պետական խորհրդանիշը:

2003 թվականից «Քարարտ» ընկերությունը շահագործում է Զորականի ֆելզիտի հանքավայրը, 2005թ. սեպտեմբերի 16-ին Իջեւանում շահագործման հանձնվեց քարի վերամշակման գործարանը: Այն ժամանակ հայտարարվեց, որ կատարվել է 5 մլն դոլարի ներդրում: Հետագայում կառուցվեցին նոր մասնաշենքներ, ձեռնարկությունը հագեցվեց իտալական արտադրության վերամշակող սարքավորումներով:

2008թ.-ից «Քարարտ» ՓԲԸ  տնօրենը Կարեն Գիշյանն է: Ընկերությունը զբաղվում է բնական քարերի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ: «Քարատը» 3 հանքավայր է շահագործում` Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի տարածքում  3 հա ֆելզիտային տուֆի, Նոյեմբերյան քաղաքում` 2 հա ցելոլիտային տուֆի եւ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղում` ավազաքարային կրաքարի  հանքերը: Կարեն Գիշյանի վկայությամբ` հանքավայրերում եւ գործարանում աշխատում է 85 մարդ, աշխատանքային եռուն սեզոնին նրանց թիվը հասնում է 100-ի:

Միջին աշխատավարձը ցածր է`  52 հազար դրամ, սակայն հանքավայրերի եւ վարչական աշխատողների աշխատավարձը բարձր է` շուրջ 200 հազար դրամ: Արտադրանքը` բնական քարերից երեսպատման սալիկներ, քիվեր, ճաղեր, սյուներ, վաճառվում են Հայաստանում, արտահանվում Ռուսաստան,Հարավային Կորեա, Չինաստան, ԱՄՆ:

«Քարարտը» Երեւանում գրասենյակ ունի, որտեղ ցուցադրված են արտադրանքի նմուշները, սակայն մայրաքաղաքում  չունի ֆիրմային խանութ: Տնօրենին հարցրի, թե որքանո՞վ էր նպատակահարմար գործարանը կառուցել Զորականի ֆելզիտի հանքավայրից 75 եւ երկաթուղային Այրում կայարանից մոտ 85 կմ հեռու, հումքն ու արտադրանքն էլ տեղափոխել հայ-ադրբեջանական սահմանի վտանգավոր հատվածով:

Գործարանն ամենից շատ հենց ֆելզիտի վերամշակումից է ապրանք թողարկում: Պատրաստի արտադրանքն արտերկիր է առաքվում Այրում կայարանից: Չէ՞ որ  տնտեսագիտության տարրական աքսիոմ է` գործարանը կառուցում են հումքին ու տրանսպորտային կոմունիկացիներին մոտ:

Կ. Գիշյանը գործարանի տեղադրության վայրի ընտրությունը բացատրեց նրանով, որ հետագայում մարզի տարբեր տարածքներում նոր հանքավայրեր կարող են շահագործվել, եւ Իջեւանում տեղակայված գործարանը աշխարհագրական առումով հարմար կլինի դրանց հումքը վերամշակելու համար, որ չգործող Իջեւան-Հրազդան երկաթգիծը ձգվում է գործարանից ընդամենը 50մ հեռավորության վրա, այն մի օր կգործարկվի:

Սակայն այդ երկաթգծի մի հատված Հաղարծին գյուղի  սողանքի պատճառով քանդված է, երկաթգիծը սնուցող էլեկտրական լարերը` թալանված: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը տնտեսապես նպատակահարմար կհամարի՞ երկաթգիծը վերականգնելը եւ այն շահագործելը, ինչքանո՞վ է իրական «Քարարտի» կողմից Տավուշի մարզի այլ տարածաշրջաններում  նոր հանքավայրերի շահագործումը:

Գործարանը շահույթով է աշխատում, սակայն Այրում կայարանի մոտ ազատ տարածքում վերամշակող գործարան կառուցելու դեպքում գերշահույթներ կստանար: Չէ՞ որ Այրում կայարանը Զորականից ընդամենը 10 կմ հեռավորությամբ է գտնվում: Կարեն Գիշյանն ասաց, որ տրանսպորտային ծախսերի պատճառով վնասներ չկրելու համար այնպես են կազմակերպում, որ Այրում կայարան պատրաստի արտադրանք տարած բեռնատարը Իջեւան դատարկ չի վերադառնում, այլ` Զորականի ֆելզիտե հումքով:

Գործարանի տնօրենին հարցրի նաեւ նշանավոր Մակարավանքից գործարան բերված վեց  խաչքարի մասին: Նա տրամադրեց պատմական արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Է. Քամալյանին ուղղված  գրությունը, որով  ինքը հայտնել  է. «Մակարավանքի  վանական համալիրի տարածքից «Քարարտ» ՓԲԸ-ի տարածք է տեղափոխվել 6 (վեց խաչքար), ռեստավրացիոն աշխատանքների համար: Խաչքարերը պետք է հետ վերադարձվեն Մակարավանքի վանական համալիրի տարածք»:

Գործարանի տնօրենին հարցնում եմ, թե քարի վերամշակող ձեռնարկությունն ի՞նչ իրավունք ունի հին խաչքարերը վերանորոգելու: Կարեն Գիշյանն ասաց, որ խաչքարերին չեն դիպել, միայն մաքրել են հողից: Նրա խոսքերով` խաչքարերը բուն Մակարավանքի տարածքից չեն բերվել, այլ վանքի շրջակա գոտուց, նաեւ` աչաջրեցիների բակերից: «Քարարտ» ՓԲԸ-ի սեփականատեր Արթուր Բաղրյանը անցյալ տարի  եղել է Մակարավանքի խաչքավորը, այս տարի Կարեն Գիշյանն է այդ «պաշտոնը» զբաղեցնում:

«Մաքրման բավական աշխատանքներ ենք կատարել Մակարավանքի տարածքում, ֆելզիտից պատրաստել եւ տեղադրել ենք սուրբ խորան եւ մկրտության սեղան: Մկրտության սեղանը փայտից էր, խարխուլ»,- ասում է Կարեն Գիշյանը:

Նա նաեւ խոսեց սողանքից Մակարավանքի վատթար վիճակի մասին:  «Քարարտ» ՓԲԸ-ն ներկայումս զբաղված է նաեւ ճանապարհաշինությամբ, կատարում է Իջեւան քաղաքի Իջեւանյան փողոցի սալիկապատումը: Կարեն Գիշյանի վկայությամբ՝ ընկերությունը հաղթել է այդ փողոցի սալիկապատման մրցույթում: Պետբյուջեի միջոցներով  իրականացված ծրագրի արժեքը 43 մլն 800 հազար դրամ է, աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 7-ին: 3 ամսվա ընթացքում ընկերությունը պետք  է 3000 քմ սալիկապատում կատարի: Եվ դա պետք է արվի աշնանային անձրեւների սեզոնին:

Գործադիր տնօրենի հետ զրույցը գրեթե ավարտվել էր, երբ նրա աշխատասենյակ մտավ «Քարարտի» սեփականատեր Արթուր Բաղրյանը, ում աշխատողները ռուսական ձեւով «Արթուր Իվանիչ» են կոչում: Դաշտային Ղարաբաղի շրջաններից մեկի ծնունդ լինելով` նա խորհրդային շրջանում եղել է ազգային անվտանգության պատասխանատու աշխատող:

Մի քանի տարի առաջ նա Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվանում նորոգեց տեղի կիսավեր եկեղեցին, այն կոչվեց Սուրբ Գայանե: Այդ անունը ոչ միայն քրիստոնյա նահատակված կույսի, այլեւ Արթուր Բաղրյանի՝ ծագումով ոսկեվանցի տիկնոջ` Գայանե Բաբաջանյանի անունն է: Այդպես Սուրբ Հովհաննես եկեղեցին դարձավ Սուրբ Գայանե:

Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով կատարեց եկեղեցու օծումը, չէր կարող չիմանալ, որ եկեղեցու կանոններով օծված եկեղեցին չի կարող անունը փոխել: Իսկ ոսկեվանցիները գոհ են ոչ միայն հիմնանորոգված գեղեցիկ կառույցով, այլեւ դրա հարեւանությամբ վերակառուցված, կարելի է ասել` նորեն կառուցված մարզադահլիճով, որ խորհրդային տարիներին խանութ էր ծառայում:

Ի դեպ, հետո Արթուր Բաղրյանը բաժանվեց տիկին Գայանեից եւ այժմ երրորդ կնոջ հետ է ապրում: Նա մերթ Մոսկվայում է, մերթ «Քարարտ» ձեռնարկության տարածքում կառուցված հոյակերտ եռահարկ տանը: Իմանալով, որ լրագրող եմ, Արթուր Բաղրյանը կեսլուրջ, կեսկատակ պատվիրեց «պրիվետ պերեդած» հասարակությանը: Նրա հետագա զրույցն էլ ռուսերեն էր` համեմված հայերեն որոշ բառերով եւ արտահայտություններով: 

Վերջին մի քանի տարում Արթուր Բաղրյանը փոխվել է, հավատում է Աստծուն, երեկոները Մակարավանքում ռուսերեն լեզվով Աստվածաշունչ է կարդում, նրա խոսքով՝ հայ ազգն առանձնահատուկ է, քանզի առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Նրա քարոզն ուղղված էր ինձ (մամուլի միջոցով` հասարակությանը), իմաստն այն էր, որ ամեն ինչ աստծո կամոք է, մարդիկ այդպես էլ չգիտեն, թե որն է իրենց կյանքի իմաստը, երկրային ամեն ինչ ունայն է, մարդ պետք է ժուժկալ լինի:

«Ինձ ամիսն առավելագույնը ընդամենը 3 հազար դոլար է պետք, ես քառասուն նոր վերնաշապիկ ունեմ, 20 կոստյում, ինչի՞ս է պետք այդքանը, նվիրում  եմ ուրիշներին»,-ասում է Արթուր Բաղրյանը:

Նկատեցի, որ հայ օլիգարխները միայն կուտակելու մոլուցքով են տառապում, նաեւ հարցրի, թե քրիստոնեական արժեքներն ընդունող Բաղրյանն ինչո՞ւ բարեգործությամբ չի զբաղվում կամ չի բարձրացնում աշխատողների ցածր աշխատավարձը: Մինչ այդ Կարեն Գիշյանն ասել էր, որ մի քանի հաշմանդամ ազատամարտիկների օգնել են:

Բաղրյանն ասաց, որ եթե սկսի փողերը բաժանել, ներդրումների, գործարանն աշխատացնելու համար փող չի մնա: Նրա խոսքերով` քարի արդյունահանումը եւ վերամշակումը լավ գործ է, սակայն կայացած երկրներում, իսկ Հայաստանի տնտեսական շրջափակումը, քաղաքական եւ տնտեսական անկայունությունն անընդհատ խանգարել են, որ ձեռնարկությունը արտադրական թափ հավաքի:

Բաղրյանն ասում է, որ Հայաստանի անկախացումից հետո ինքը միակն է, ով Տավուշի մարզի տարածքում այդքան նշանակալի ներդրում է կատարել, աշխատատեղեր ստեղծել, որ մի քանի տարի առաջ տնտեսական ճգնաժամի պատճառով  քարի վերամշակումը յուրացրած, համակարգիչներով աշխատող մասնագետները գնացել են Ռուսաստան եւ այլուր:

Մեկնաբանություններ (3)

SEVAK
BARON et marmnavachar porniknel petqe Turqyayi drosh@# kaxi
Baron
Ընկերության տնօրեն Կարեն Գիշյանն ասաց, որ սեփականատեր Արթուր Բաղրյանը Ռուսաստանում աշխատած փողերով է հիմնել գործարանը եւ այդ պատճառով է կախել ռուսական պետական խորհրդանիշը:- Այդ դեպքում, ինչ պիտի կախի թոշակի անցած մարմնավաճառուհին, օռալային սեքսով աշխատած փողերով իր հիմնած արտադրամասի գլխին?
sos
Խելացի և հայրենաեր մարդ: Լավ կլիներ այդպես մտածողներ շատ լինեին.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter