Լոռու մարզի երեք ծրագրերից երկուսը` Արծնիում
Ս.թ փետրվարին «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկեց Արծնիի համայնքային կենտրոնի հիմնանորոգումը: Ձեռնարկը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը:
Հիմնադրամի կողմից Համայնքում իրականացվող երկրորդ ծրագիրը դպրոցի հիմնանորոգումն է` Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ:
Համայնքայի երկհարկանի կենտրոնը 40 տարվա կառույց է եւ նորոգման խիստ կարիք ուներ: Վերանորոգումից հետո այնտեղ տեղակայված գյուղապետարանը կծառայի համայնքին, իսկ հանդիսությունների սրահն ու բուժկետը կսպասարկեն նաեւ հարեւան Ապավեն գյուղի բնակիչներին:Արդեն տեղադրվել են դռներն եւ լուսամուտները, միջանցքի հատակն ու աստիճանները երեսապատվել են մամլված գրանիտե սալիկներով: Ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները:
«Գյուղի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ երկու շենք է բարեկարգվում, շուրջ մեկ տասնյակ գյուղացի էլ աշխատանք է գտել` թեկուզ ժամանակավոր: Հուսով եմ` իրենց տները լքած գյուղացիները կվերադառնան»,- մեզ հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը, ապա մեզ փոխանցեց համագյուղացիների խոսքը,- «Գազն էլ որ լիներ, մեր կյանքը կհեշտանար»:
Գյուղի 350 բնակիչների մեծ մասը Գետաշենից եկած փախստականներ են: Նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: 1991թ-ին համայնքը վերանվանվեց Արծնի:
Ինչպես տեղեկացնում է ՀԻմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը, Լոռու մարզում ներկայումս իրականացվող երրորդ ծրագիրը Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցի մարզադահլիճի կառուցումն է, որը պատրաստ կլինի այս տարվա հունիսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել