Խորոնքում ավագանու անդամներին «քաղաքակիրթ» ձեւով մեկուսացնում են
Արմավիրի մարզի Խորոնք գյուղական համայնքի ավագանու անդամ Ռոբերտ Շահբազյանն արդեն մեկ տարի է` չի մասնակցում ավագանու նիստերին: Նա ընդդիմադիր հայացքներ ունի, եւ համայնքապետարանը որոշել է նրան ավագանու նիստերից մեկուսացնելով` ազատվել «գլխացավանքից»:
Ռոբերտ Շահբազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե քանի որ իրեն չեն տեղեկացնում ավագանու նիստերի մասին, ինքը պարբերաբար այցելում է համայնքապետարան` տեսնելու` արդյոք ավագանու նիստի մասին հայտարարություն կա՞ փակցված: Նրա ասելով` ոչ մի անգամ չի հանդիպել նման հայտարարության, ինչը նշանակում է, որ նիստերը գաղտնի են արվում:
Համայնքապետարանի աշխատակիցներից մեկն էլ անկեղծացավ (անունը չնշելու պայմանով), որ հազվադեպ է ավագանին հավաքվում «իրար գլխի»: Որոշումները հիմնականում կայացնում է համայնքապետը, իսկ ավագանին վերջում ստորագրում է:
Տեւական ժամանակ նիստերի մասին չի ծանուցվում նաեւ ավագանու մեկ այլ անդամ՝ Տիգրան Բասմաջյանը: Վերջինս չցանկացավ այդ մասին բացատրություններ տալ` պատճառաբանելով, թե համայնքապետարանի հետ խնդիրներ չունի: Այնուամենայնիվ, ավագանու անդամն ասաց, որ իրեն նախկինում տեղեկացնում էին ավագանու նիստերի ու հանդիպումների մասին, սակայն ինքը չի գնացել: «Երեւի տեսան, որ չեմ գնում, էլ չեն տեղեկացնում»,- ավելացրեց Տ. Բասմաջյանը:
Խորոնքի համայնքապետ Սարգիս Նահապետյանը ճիշտ հակառակն է պնդում` ասելով, թե բոլորին ծանուցում են նիստերի օրվա եւ ժամի մասին, ով հետաքրքրված է՝ գալիս է: «Ավագանու հետ միշտ ես եմ շփվում, պարտադիր ամիսը մեկ անգամ հանդիպում, քննարկում ենք գյուղին հուզող հարցերը: Եթե մի ամիս ավագանու ժողով չանենք, երկրորդ ամիսը պարտադիր է, որովհետեւ ավագանին է հաստատում բոլոր նորմերը, օրենքները»,- ասաց Ս. Նահապետյանը` այդպես էլ չպարզաբանելով, թե ինչ «օրենք» է հաստատում ավագանին:
Երբ համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ավագանին որտեղ է հավաքվում քննարկումների համար, եւ որոնք են ավագանու անդամների ընդունելության օրերը, Սարգիս Նահապետյանն ասաց, թե ավագանին համայնքապետարանում սենյակ չունի տեղի բացակայության պատճառով: Ըստ նրա` մշակույթի տան տնօրենը ավագանու անդամ է, եւ նրանք այնտեղ էլ հավաքվում են, գյուղին հուզող խնդիրների մասին քննարկումներ անում, իսկ վերջում գալիս են համայնքապետարան՝ իր հետ հանդիպելու: Նա նաեւ տեղյակ չէր ավագանու ընդունելության օրերից եւ իր աշխատասենյակ հրավիրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Կարապետյանին:
Մինչ համայնքապետը պնդում էր, թե համայնքապետարանում ավագանու սենյակ չունեն, Սամվել Կարապետյանը նրա աշխատասենյակ մտնելով ուրախ-ուրախ հայտարարեց, թե «ո՞նց ավագանու սենյակ չունենք, ունենք: Ավագանու սենյակ ունենք, հրահանգավորումը տրված է մարզպետարանի կողմից, դիմումներ էլ ենք ստանում»:
Երբ հերթը հասավ դիմումներին, պարզվեց, որ ավագանին այս տարի ոչ մի դիմում չի ստացել գյուղացիներից, իսկ համայնքի ղեկավարի անունով մինչ օրս ստացվել է 27 դիմում՝ հիմնականում ֆինանսական օգնություն հատկացնելու խնդրանքով: Մինչդեռ տարածքային կառավարման նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն` միայն այս տարվա երկրորդ եռամսյակում Խորոնքի համայնքապետը ստացել է 41, իսկ ավագանին՝ 2 դիմում: Ստացվում է, որ համայնքապետարանն ուռճացված թվեր է ներկայացնում մարզպետարան, այնտեղից էլ՝ նախարարություն:
Համայնքապետ Նահապետյանն ավագանու անդամների անունով դիմումներ չստանալը պատճառաբանեց ավագանու ինստիտուտի չկայանալով: Թեեւ ավագանին դիմում չի ստանում քաղաքացիներից, սակայն համայնքապետին հասցեագրված բոլոր դիմումները, վերջինիս հավաստմամբ, դրվում են ավագանու քննարկման: Աշխատակազմի քարտուղարն անկեղծորեն խոստովանեց, որ ավագանուն մեծ դժվարությամբ են բերում նիստերին, քանի որ գործից կտրվում են 2-3 ժամ: «Եթե ձեզ խաբենք ասենք, որ ամեն օր ավագանին գալիս է ստեղ, ո՞նց կլինի: Բոլորն էլ հողում աշխատող մարդիկ են ու առանց վարձատրության չեն գա այստեղ նստեն»,- ասաց Ս. Կարապետյանը:
Ինչ վերաբերում է ավագանու ընդունելության օրերին, ապա, ըստ աշխատակազմի քարտուղար Ս. Կարապետյանի, ձեւական փակցված է: Սակայն պարզվեց, որ այդ «ձեւականն» էլ հրապարակային չէ, եթե, իհարկե, նման գրություն կա: Ս. Կարապետյանի ասելով` այն փակցված է ավագանու անդամների համար նախատեսված սենյակի պատին՝ ներսի կողմից: Երբ խնդրեցինք բացել այդ «խորհրդավոր» դուռը, աշխատակազմի քարտուղարը նախ պատճառաբանեց, թե աշխատակիցը տեղում չէ, եւ բանալին նրա մոտ է, հետո էլ ասաց, թե այդ սենյակում «ինչ ասես լցրած է», դրա համար են դուռը փակ պահում: Մի խոսքով, անուղղակի հաստատեց, որ ավագանին ոչ քաղաքացիների ընդունելություն է կատարում, ոչ էլ ընդունելության համար սենյակ ունի:
«Մենք պայմանները ստեղծում ենք, բայց բնակչությունը դեռ այդ մակարդակին չի հասել, որ կարելի է ավագանու անդամին որեւէ խնդրով դիմել: Մինչեւ ավագանին չվարձատրվի, այդ ինստիտուտը չի կայանա»,- եզրափակեց Սամվել Կարապետյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել