Իսրայելական թերթեր. «Կասեցվեց օսմանյան նավատորմի մուտքը Գազա»
Կկարողանա՞ Իսրայելը չեզոքացնել տարածաշրջանային առաջնորդ դառնալու թուրքական հավակնությունները
Մայիսի 31-ի թուրք-իսրայելական կոնֆլիկտում սադրանքը սկսել է Թուրքիան, որի գլխավոր նպատակն է առաջնորդողի դիրք գրավել արաբական և իսլամական աշխարհում: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ-վերլուծաբան Հակոբ Չաքրյանը:
«Խնդիրը տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացումն է: Թուրքական գործոնը միշտ էլ փորձել է ակտիվանալ: Ուղղակի սա նոր առիթ է»,- ասաց թուրքագետը: Քանի որ ռազմական գործողությունը ձեռնարկվել է միայն «Մարմարա» նավի վրա, և զարգացում չի ունեցել, տեղի ունեցածը լոկալ պատերազմ համարել չի կարելի:
Հակոբ Չաքրյանը նշեց, որ թեև օգնությունը չհասավ 3 տարի շարունակ Իսրայելի կողմից շրջափակված Գազայի բնակչությանը (օգնությունը հիմնականում շինանյութ էր, որը նախատեսված էր Իսրայելի ռմբակոծություններից ավիրված Գազան վերականգնելու համար), սակայն «Համաս»-ի հեղինակությունը աճեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի վարչակարգի հեղինակության նկատմամբ: Թուրքիայի հեղինակությունն էլ Պաղեստինում աճեց Սիրիայի և Իրանի հեղինակության նկատմամբ: Սիրիայի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ը և Արևմուտքը բացասական վերաբերմունք ունեն, Իսրայելը` առավել ևս: Թուրքիան հենց ԱՄՆ-ի միջոցով է ուզում ազդել Իսրայելի վրա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ գումարեց և դատապարտեց Իսրայելի գործողությունները, բայց պատժամիջոցների կիրառման որոշում չընդունեց` հակառակ Թուրքիայի պահանջներին: Թուրքիան Իսրայելից պահանջում էր նաև անհապաղ ազատ արձակել ձերբակալված 682 ուղևորին: Թեև միջազգային լրատվամիջոցները ներկայացրին, թե ուղևորներն ազատ են արձակվել, սակայն իրականում Իսրայելը նրանց վտարել է երկրից. քաղաքականության մեջ «երկրից վտարել» և «ազատ արձակել» երևույթները տարբեր են:
Թուրքիան Իսրայելից պահանջում է նաև ներողություն խնդրել: Սակայն երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բացառել է, որ Իսրայելը ներողություն կխնդրի և հայտարարել, որ իրենք միջադեպի ժամանակ իրացրել են իրենց ինքնապաշտպանության իրավունքը:
«Թուրքիայի պահանջներից գրեթե ոչ մեկը չի կատարվել: Իսրայելում առավելագույնս Պաշտպանության նախարարը կարող է հրաժարական տալ, թեև չեմ կարծում: Իսրայելն այն պետություն չէ, որ թուրքերին զիջի: Թուրքերն էլ գիտեն, ուղղակի աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկը մասսայականացնում են, որ միջազգային հնչողություն հաղորդեն: Թուրքիան լուրջ հայտ է ներկայացրել տարածաշրջանում առաջնորդի դերակատարության համար, դրա համար էլ ամուր կառչում է, իհարկե եթե Իսրայելը չչեզոքացնի: Իսրայելի հնարավորություններն էլ այդքան սահմանափակ չեն: Այդպես Իսրայելին սպառնալով` թուրքերը շատ մեծ օգուտներ չեն քաղի»,- ասաց բանախոսը:
Նրա համոզմամբ` Իսրայելը կարող է չեզոքացնել Թուրքիայի հակաիսրայելական գործողությունները ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, նույնիսկ Գերմանիայի բավական հզոր հրեական լոբբիի միջոցով:
Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ԱՄՆ պետաքրտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ պահանջների, ասել էր, որ միջազգային անկախ հետաքննություն պետք է անցկացվի: «Հիլարի Քլինթոնը ասել էր. «Միացյալ Նահանգները կարծում է, որ հետաքննությունը կանեն իրենք` իսրայելցիները»: Այսինքն` փաստորեն, ապտակել է»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Նրա կարծիքով` միջազգային լրատվամիջոցները կոնֆլիտի մեջ հիմնականում մեղադրում են Իսրայելին, քանի որ այդ լրատվական հոսքերը ուղղորդում է Իսրայելի ամենասերտ դաշնակից ԱՄՆ-ը:
«Միջազգային առաջնակարգ լրատվամիջոցները Էրդողանի ասածները ներկայացնում են, բայց Իսրայելում ասվածները մի տեսակ մեղմ են ներկայացնում կամ շրջանցում են: Միջազգային լրատվամիջոցները հիմանականում Իսրայելին են մեղադրում, որպեսզի հասարակություններում Իսրայելի նկատմամբ չլինի ավելի մեծ հակազդեցություն: Այսինքն` նախապես դու մի քայլ ես կատարում` կանխում ես ավելի կոշտ հակազդեցություն, որովհետև ենթադրենք, Թուրքիայի քաղաքականությունը կարող է փոխվել, բայց եթե թուրքական հասարակության մեջ հրեաների նկատմամբ թշնամանք առաջանա, դա փոխել չես կարող 1-2 կամ 10 տարում»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Նա նշեց, որ կոնֆլիկտի մասին իսրայելական թերթերը գրել էին` «Կասեցվեց օսմանյան նավատորմի մուտքը Գազա»: Թուրքագետն այսպիսի հրապարակումները խորհրդանշական է համարում. Թուրքիան հավակնում է վերականգնել իր հեղինակությունը Օսմանյան կայսրության նախկին տարածքում, իսկ Գազան և Իսրայելը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրության մաս են կազմել:
Միաժամանակ նա համոզված է, որ թուրք-իսրայելական այս կոնֆլիկտը կհարթվի, Թուրքիան կհամակերպվի ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշման հետ, թեև թուրք-իսրայելական հարաբերություններում առաջվա ջերմությունը չի լինի: Գուցե ընթացքում Թուրքիան նորից կոշտ հայտարարություններ անի, ինչպես նախկինում: Օրինակ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ լքեց Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը` Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հետ բանավեճից հետո, երբ Իսրայելին մեղադրեց պաղեստինցիների սպանությունների մեջ: Սակայն միջադեպից հետո Թուրքիան թույլ տվեց, որ Կոնիայի տարածքում իսրայելական ռազմաօդային ուժերը ուսումնամարզական թռիչքներ անցկացնեն, թեև այդ ժամանակ արդեն նրանց հարաբերությունները լարված էին: Այնուհետև Թուրքիան թույլ տվեց, որ իր տարածքից իսրայելական ինքնաթիռները ներխուժեն Սիրիա և ռմբակոծեն այդ երկրի տարածքը:
«Դուք շատ այդ հայտարարությունների վրա մի կենտրոնացեք: Դրանք ասում են, անցնում էլ է: Արտաքուստ սրում կլինի: Բայց իրականում Թուրքիան, ինձ թվում է, այդ հնարավորությունը չունի»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Սակայն եթե թուրք-իսրայելական այս լարվածությունը խորանա, ապա, ի վերջո, կհանգեցնի հարաբերությունների խզման: «Էրդողանի հայտարարությունները լսում են, հեռուստատեսությունը անընդհատ հակաիսրայելական նյութեր է ցույց տալիս, թուրք հասարակության մեջ հակասեմականություն է առաջանում: Այդ հակասեմականությունը մի օր որոշակի փուլում (դեռ չէ) կհանգեցնի թուրք-իսրայելական հարաբերությունների իսկապես սրմանը: Այսինքն` թուրքական հասարակությունը ճնշում կգործադրի կառավարության վրա, կառավարությունը չի կարողանա մանևրել այլևս հասարակության ու Իսրայելի միջև, տեղի կտա, և հարաբերությունները մի օր կսրվեն: Դրան է տանում»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Թուրք հասարակության մեջ հակասեմականությունը կարող է առաջանալ այնպես, ինչպես արդեն իսկ արմատացած է հայատյացությունը: Հակոբ Չաքրյանը բերեց Թուրքիայի խանութներից մեկի վրա գրված տողերի օրինակը. «Հայերի, հրեաների, շների մուտքը արգելվում է», կամ հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի տարբեր մարզադահլիճներում ֆուտբոլային հանդիպումների ժամանակ բազմահազար թուրքերի «Մենք բոլորս Օգյուն Սամաստ ենք» բացականչելը:
Հակոբ Չաքրյանի կանխատեսմամբ` մայիսի 31-ի միջադեպի հետևանքով գուցե Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման համար դրական մթնոլորտ ստեղծվի, սակայն տվյալ դեպքում խնդիրը ոչ թե Քնեսեթի կողմից Ցեղասպանության ճանաչումն է, այլ այն, թե արդյոք Թուրքիան իսլամական և արաբական աշխարհում կստանձնի՞ առաջնորդի դեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել