Պահանջում են ազատ արձակել
Հայազն երիտասարդների միաբանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Երկուշաբթի ուշ երեկոյան ձերբակալվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը, եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը:
Նրանք մեկ տասնյակից ավելի քաղաքացիների հետ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Ազատության հրապարակի շրջակայքից, երբ ոստիկանությունը ընդդիմադիր ակտիվիստներին արգելում էր մտնել հրապարակ:
Ժամը 21:30-ից 22:00 ընկած ժամանակահատվածում ոստիկանական բաժանմունքից ազատ էր արձակվել բերման ենթարկվածների մեծ մասը` բացառությամբ «Հայկական
ժամանակ»-ի լրագրող Անի Գեւորգյանի եւ ՀԱԿ-ի երկու ակտիվիստների։ Անի Գեւորգյանին եւ Սարգիս Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի առաջին մասով (ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը):
Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի երրորդ մասով` խուլիգանության համար մեղադրանքով: Անի Գեւորգյանն ու Սարգիս Գեւորգյանը ձերբակալությունից 72 ժամ անց ազատ արձակվեցին,իսկ ավելի ուշ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Մենք` որպես Հայաստանի Հանրապետությունում գործող ապաքաղաքական երիտասարդական-ազգային կառույց, չհարելով որևէ քաղաքական ուժի, դատապարտում ենք նմանատիպ քայլերը հասարակական-քաղաքական կյանքով զբաղվող երիտասարդների հանդեպ և պահանջում ենք ազատ արձակել ձերբակալված երիտասարդ ակտիվիստ Դավիթին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել