Ցուցահանդես` նվիրված Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին
Երեկ Հայաստանի նկարիչների միության պատկերասրահում բացվել է կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների «Մրցանակաբաշխություն-2009»-ի շրջանակներում ներկայացված Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված գործերի ցուցահանդես, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) և Հայաստանի նկարիչների միությունը:
Ցուցադրության է հանվել 80 աշխատանք, որից 70-ը` նկարներ, իսկ 10-ը` քանդակներ:
Բացման խոսքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվելիք մրցանակաբաշխությանը: Արդեն ստեղծվել է հանձնախումբ, որը ցուցադրության հանված աշխատանքներից ընտրելու է լավագույնները: Դրանց հեղինակները խրախուսվելու են ՀՀԿ-ի և ՌՀՄ-ի կողմից:
«Մեր նկարիչները շատ ասելիք ունեն: Այսօր ցուցահանդեսների բացումը դարձել է երևանյան կյանքի սովորական երևույթ, ու տա Աստված, որ այս գեղեցիկ մշակութային հրավառությունը շարունակվի անընդհատ, և մենք փորձենք մեր հոգևոր, մշակութային արժեքներն առավել զարգացնել, հզորացնել ու տարածել»,- ասել է նախարար Հ.Հակոբյանը:
Այս մասին տեղեկացնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել