HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Հիմնականում աճում են այն ապրանքատեսակների գները, որոնք ներքին տեղական արտադրության են»

2010 թ.-ը բավականին լարված է գնաճի տեսանկյունից: Պաշտոնական տվյալներով` առաջին 5 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսը կազմել է մոտ 5,3 %: Սակայն ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով` ընդհանուր գնաճի մակարդակը ավելի բարձր է: «Երբ խոսում ենք գնաճի մասին, վերցրեք ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը: Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 %-ից ավելի մեծ թիվ է կազմում: Իսկ սա, ըստ էության, արտահայտում է գնաճի իրական պատկերը»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Ասատրյանը: Նա նշեց, որ 5 ամսվա կտրվածքով սպառողական գների 5 % անկման պարագայում հիմնական ծանրությունը ընկել է պարենային ապրանքների վրա, որոնց գնաճի տեմպը այս 5 ամիսների ընթացքում ավելի բարձր է եղել, քան արդյունաբերական ապրանքների և ծառայությունների գնաճը: «Ավելի տխուր, ցավալի է, որ հիմնականում աճում են այն ապրանքատեսակների գները, որոնք ներքին տեղական արտադրության են, դրսից չեն ներկրվում»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Օրինակ` Հայաստանում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենը, կարտոֆիլը աճել են 11 %-ով, ապրիլի նկատմամբ մայիսին այս ապրանքատեսակների գնաճը կազմել է 10 %: Մինչդեռ միջազգային շուկայում պարենային ապրանքների գները նվազել են: Օրինակ` ըստ Չիկագոյի ապրանքահումքային բորսայի գների` այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում հացահատիկը արձանագրել է 5 %-ով, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` 15,6 %-ով գնանկում: Բրինձը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել է 7,5 %-ով, իսկ շաքարավազը` 5 %-ով գնանկում: Տարվա սկզբից եվրոն արժեզրկվել է մոտ 15-20 %-ով: Սակայն եվրագոտու հիմնական երկրներում այդ ժամանակահատվածում գնաճը կազմել է 1-2 %: «Եթե աշխարհում որևէ ապրանքի գին իջնում է, ապա Հայաստանում բարձրանում է: Իհարկե, Երբ աշխարհում գները բարձրանում են, այո, Հայաստանում գները ևս բարձրանում են: Սա մեր տնտեսության իրական ձևն է, իրական պատկերն է: Որ ասում ենք` մոնոպոլիաներ, օլիգարխիկ, օլիգոպոլ համակարգ, իսկապես սրա արդյունքն է: Տնտեսության մեջ տնտեսական օրինաչափություններ չեն շխատում. մի քանի անհատների վճիռներն են աշխատում: Նրանք են տեր-տիրական, նրանք են որոշում, որ «էս գինը էսպես պիտի լինի, էս ապրանքը էս գնով պետք է իրացվի, վերջ»»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Օլիգարխիկ համակարգի դրսևորումներից մեկը, ըստ նրա, բենզինի գներն են: Պաշտոնական տվյալներով` Հայաստանում 2010 թ. մայիսին 2009 թ. մայիսի նկատմամբ բենզինի և դիզվառելիքի գինն աճել է համապատասխանաբար 31 և 34 %-ով: Մինչդեռ միջազգային շուկայում նավթի գները գրեթե չեն փոփոխվել: Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ երբ Հայաստանում դոլարը արժևորվում է, ապրանքների գները բարձրանում են, բայց երբ դոլարը արժեզրկվում է, գները չեն իջնում` Բագրատ Ասատրյանն ասաց, որ չի կարող մասնագիտական գնահատական տալ այդ երևույթին: «Այստեղ արդեն անհատներն են, մոնոպոլիաների գլուխներն են, օլիգարխներն են վճիռներ կայացնում: Իսկ նրանք պետք է այնպես անեն, որ իրենց շահույթները մեծանան: Դրա համար արժևորման պարագայում ևս գները պետք է աճեն: Ի՞նչ մասնագիտական բացատրություն: Դատախազությունը պետք է այդ հարցով զբաղվի: Եթե մենք նորմալ երկիր լինեինք, դրանով, այո, իրավապահ մարմինները կզբաղվեին»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter