«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր մոտավորապես 1500 դոլարից ոչ պակաս պարտք ունի»
Ըստ Բ Ասատրյանի` ԱՄՀ-ի ներկայացուցիչները «հանգիստ իրենց սուրճերն են խմում, լանչեր են անում, զբոսնում են մեր երկրում, մեր հաշվին»
Հայաստանը 5-6 տարի պետք է աշխատի, արտահանի ու չծախսի, որպեսզի կարողանա մարել իր արտաքին պարտքը: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա 5-6 տարի ժամկետը գնահատեց` հաշվի առնելով 2009 թ.-ին Հայաստանի արտահանման ծավալները (մոտ 700-750 մլն դոլարի արտահանում):
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի` մեկ օրեկանից մինչև զառամյալ, տարեց մարդիկ, այսօր մոտավորապես 1500 դոլարից ոչ պակաս պարտք ունի: Այսօր Ձեր երեխան ծնվի, մեր երեխաները ծնվեն, նրանք ծնվում են այդ պարտքով: Այ դա ո՞ւմ պիտի անհանգստացնի: Իհարկե, մեզ պիտի անհանգստացնի»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Նրա համոզմամբ` այն դասագրքային մոտեցումը, որ արտաքին պարտքի ծավալի` թույլատրելի կամ անթույլատրելի լինելը որոշում են` ՀՆԱ-ի հետ համադրելով, չպետք է հանգստացնի իշխանություններին: Կառավարությունը, ըստ ԿԲ նախկին նախագահի, արտաքին պարտքի իրական չափը գնահատելու համար այն պետք է համարդի արտահանման ծավալների հետ ու հաշվարկի, թե քանի տարի մեր երկիրը պետք է արտահանի և չսպառի, որ կարողանա այդ արտաքին պարտքը մարել:
«Արտաքին պարտքի անգամ սպասարկման տեսանկյունից ակնհայտ է, որ մենք առաջիկայում ունենալու ենք դժվարություններ: Կարծում եմ` պետք է իշխանությունները խիստ անհանգստանան: Քայլեր, միջոցներ պետք է ձեռնարկվեն: Քայլերը համակարգային են: Այդ տրանսֆերտները` այդ նվերները, հավերժական չեն: Դա պետությանը չէ, դա մեր անհատներինն է, դա իմ ու Ձեր հարազատներինն է: Եվ կարող է իրավիճակ լինել, որ մեր հարազատները ի վիճակի չլինեն: Այսինքն` պետությունը գոնե դրա վրա հույս չպիտի դնի»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ ի տարբերություն իր մտահոգության` Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, համոզված են, որ Հայաստանը կկարողանա սպասարկել արտաքին պարտքը` Բագրատ Ասատրյանը ասաց, թե հավանաբար ԱՄՀ-ն ամեն ինչ գնահատում է իր հնարավորությունների տեսանկյունից և ասենք «4-5 մլրդ-ը թիվ չի» համարում: Սակայն դա ահռելի թիվ է Հայաստանի տնտեսության համար:
«Վերջին շրջանում ես տեսնում եմ զուտ չինովնիկական մոտեցում ԱՄՀ-ի կողմից. կարծես եկել են, մի հատ ստորագրություն պետք է դնեն և հեռանան: Էնտեղ ինչ-որ մի հատ աղյուսակ կա, որ կարմիր գիծը էսքան է, չհասնելու պարագայում չպետք է անհանգստանաս: Իրենք հանգիստ իրենց սուրճերն են խմում, լանչեր են անում, զբոսնում են և այլն մեր երկրում, մեր հաշվին»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել