HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Փշալարն ու վրաց սահմանապահները` ընդդեմ գյուղացիների

Տավուշի մարզի Դեղձավան գյուղը 300 բնակիչ ունի: Վրաստանին սահմանակցելը գյուղի համար խնդիրներ է առաջացրել: 52-ամյա դեղձավանցի Լյովա Սահակյանն ասում է. «3 տարի առաջ այստեղ մեր սահմանապահները փշալար են անցկացրել: Փշալարից այն կողմ 2900 քառ. մետր սեփականաշնորհված հող ունեմ, որն արդեն 3 տարի չեմ մշակում: Մենակ ես չեմ, ինձ նման էլի մարդիկ կան: Ո՞վ է մեզ սահմանի մոտ թողնում, որ հողը մշակենք: Մեր սահմանապահներն ասում են` անցաթուղթ հանեք»: - Այդ 2900 մետրի համար հա՞րկ ես վճարում,- հարցնում եմ: - Այո, հարկը միայն այս տարի չեմ տվել: - Նախկինում այդ տարածքում ի՞նչ էիր մշակում: - Խոտ էի հնձում, նաեւ արեւածաղիկ եմ ցանել, անջրդի հող ա: Սահակյանի հասակակից եւ անվանակից Լյովա Թորոսյանն էլ նույն խնդիրն ունի: «Փշալարից այն կողմ 1500 մ սեփականաշնորհված հող ունեմ, որտեղ գարի, ցորեն էի մշակում: Մեր սահմանապահների անցկացրած փշալարը հենց իմ հողամասով է ձգվում, 3 տարի է` չեմ մշակում: Բայց ես այդ հողի համար հարկ եմ տալիս: Երբ ուզում եմ իմ հողամաս գնալ, մեր սահմանապահներն անցագիր են ուզում: Անհնար է վարելու համար այնտեղ տրակտոր տանել, հնարավոր չէ գործ անել, որովհետեւ փշալարը հենց հողամասիս մեջտեղով է ձգվում: Տրակտորը ո՞նց կարող է փշալարին կպած աշխատել, գութանը կամ հնձիչը կպչելու է լարին, քաշի-հանի: Մեր սահմանապահներն ասում են` եթե անցագրի համար դիմեք, կտանք, սակայն դեռ գյուղից ոչ մեկը նրանցից անցագիր չի վերցրել»,- ասում է Լ. Թորոսյանը: 74-ամյա Համբարձում Մանուկյանը նախկինում իր սեփականաշնորհված 4000 մ տարածքում հացահատիկ է մշակել: Նրա հողը եւս փշալարը կիսել է: Սակայն հայ սահմանապահների անցկացրած փշալարը դեղձավանցիների ունեցվածքի անվտանգությունը չի ապահովում: «2 ամիս առաջ` մարտի 26-ին, իմ եւ եղբորս 11 խոշոր եղջերավոր անասունը գիշերով գողացան: Հետքով գնացինք, ասացին, թե անցել են Վրաստանի սահմանը: Մինչեւ հիմա Նոյեմբերյանի քննչական բաժնից գալիս են, ինձ քննում, գնում են, բայց ձեւական բան է, ոչ մի արդյունք»,- ասում է Լյովա Սահակյանը: Դեղձավանի համայնքապետարանի հաշվապահ, 25-ամյա Յուրա Հովհաննիսյանն էլ այս անասնագողության վերաբերյալ հավելում է, որ գողերը անասունները հասցրել են Զորական գյուղի քարհանքից վերեւ, այնուհետեւ Ղիասի քար հանդամասով բարձրացրել: Այստեղ սահմանապահների տեղադրած փշալարը վերջանում է: Անասնագողերը փշալարը շրջանցելով` մտել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հսկվող գոտի եւ, ի վերջո, գողոնը հասցրել Վրաստանի տարածք: Յուրա Հովհաննիսյանը փաստում է, որ փշալարից այն կողմ Դեղձավանը 50 հա հող ունի, որից 5 հա-ն սեփականաշնորհված է, 5 հա-ն էլ` գյուղացիներին վարձակալությամբ տրված, մնացած 40 հեկտարն արոտավայր է: Արդեն 3 տարի է` այդ հողերը չեն մշակվում, ժողովուրդը վախենում է վրաց սահմանապահներից: «Վրացի զինվորները եկել, մեր հողերի մեջ նստել են, սահման են պահում: Ասեմ, որ նրանք նաեւ ինձ պատկանող հողն են զբաղեցրել: Մեր սահմանապահներն ասում են` անցագիր հանեք, բայց եթե վրացիները մեզ բռնեն-տանեն, ո՞վ է պատասխան տալու»,- ասում է Յուրան: «Այդ 50 հեկտարից 5 հեկտարն է հարկվում, ճիշտն ասած` 30 հազար դրամի պատմություն է: Սակայն, օրինակ, երբ դեղձավանցին սահմանագոտուց զատ ուրիշ տեղ էլ հող ունի, նրան ասում եմ` հողի հարկը տուր, նա էլ հակադարձում է` էն հողս ինձ տվեք, սրա հարկն էլ տամ: Փաստորեն, դուրս է գալիս, որ մարդը ոչ թե սահմանին գտնվող 2900 մետրի, այլ ընդհանուր 2 հեկտարի հարկը չի տալիս: Այդպես 18 սեփականատեր ունենք, ովքեր պատճառաբանելով, որ իրենց սեփական հողը փշալարից այն կողմ է, չեն կարող մշակել, թերանում են ընդհանրապես հարկ վճարել»,- ասում է համայնքապետարանի հաշվապահը: Նրա խոսքերով` այս խնդիրը բարձրացրել են Տավուշի մարզպետի, ազգային անվտանգության, ոստիկանության ծառայությունների առաջ, դիմել են ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, երկրի նախագահին: Նախագահականից պատասխան է ստացվել` անցագիր հանեք, անցեք-մշակեք, եթե սահմանի դարպասները չեն հերիքում, պահանջ դրեք, մի դարպաս էլ կավելացվի: Այժմ նման երկու դարպաս է գործում: «Հիմա մենք անասունների համար ո՞նց անցագիր հանենք, որ տանենք-արածացնենք այնտեղ»,- սրտնեղում է Յուրան: Սահմանի հետ կապված խնդիրը սուր է նաեւ նաեւ 850 բնակիչ ունեցող Դեբեդավանում: Հայ սահմանապահների անցկացրած փշալարը մեջտեղից կիսել է 1991 թ. մայիսի 6-ին Ոսկեպարում նոյեմբերյանցի միլիցիոներների հետ գերված եւ ադրբեջանական գերության մեջ դժնդակ օրեր անցկացրած Վալերիկ Երեմյանի 4000 մ հողամասը: Վերջերս ընտրված, իր պարտականությունների կատարմանն անցնող համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանն ասում է, որ մեկ տասնյակ դեբեդավանցու հողամասերով է ձգվում փշալարը: Դամիրչյանը համայնքապետարանում քարտեզի վրա ցույց է տալիս վրացիների հավակնած հողերը: Նրանք Դեբեդի աջ, հայկական ափին մոտ 10 հա հող են պահանջում: Այդ տարածքից կես հեկտարը սեփականաշնորհված հող է, եւս կես հեկտարը մշակվում է նոտարական վավերացում ստացած երկարաժամկետ վարձակալության պայմանագրով, մնացած 9 հեկտարից 7000 քառ. մետրը դեբեդավանացի տրակտորիստ Ռուբիկ Բադալյանն է վարձակալությամբ մշակում, 8.3 հա-ն էլ ավազուտ արոտավայր է: Ռուբիկ Բադալյանը Դեբեդի աջ ափին, գետի եզրին գտնվող հողամասը նախկինում մաքրել է, տրակտորով թմբերը հարթեցրել: Նա անցյալ տարի այստեղ արեւածաղիկ է մշակել: Արեւածաղկի անցյալ տարվա չորացած, ավելի հաստ ցողունները համագյուղացիները որպես վառելիք հանել-տարել են, իսկ բարակ ցողուններն այդպես էլ ցցված մնում են: Դեբեդն այս գարնանը վարարել էր, հողամասը ավազ լցրել: Մայիսի 2-ին Ռուբիկը ցանկանում էր ավազից մաքրել հողամասը, որպեսզի այստեղ նորից արեւածաղիկ ցանի: Դեբեդի աջ ափին հայտնվեցին վրացի 2 սահմանապահ` ավտոմատներով զինված: «Վրացի զինվորներն ինձ ասացին` սա մեր հողն է, այլեւս այստեղ չգաս: Ես էլ նրանց ցույց տվեցի անցյալ տարվա արեւածաղկից մնացած ցողունները, ասացի, որ այս հողն արդեն 12 տարի մշակում եմ»,- ասում է Ռուբիկը: 46-ամյա Կարո Սարգսյանը նույնպես բախվել է այս խնդրին: «Գետի ափին 1.5 հա սեփականաշնորհված հող ունեմ, արեւածաղիկ եմ ցանել, ցանելուց հետո` մի ամիս առաջ, վրացիները եկել, դաշտի կողքին հողով նշան են արել: Մենք հարցրինք մեր գյուղի սահմանապահ ուղեկալի հրամանատար Նարեկին, նա էլ ասաց, որ վրաց զինվորականներն այս տարի թույլատրել են հողը մշակել, նաեւ պատվիրել` հաջորդ տարի այդ հողին չկպչեք»: Նորընտիր համայնքապետ Վանյա Դամիրչյանի, Ռուբիկ Բադալյանի հետ գնում եմ Դեբեդի ափ, այն տարածք, որին հավակնում են վրացիները: Վրաց սահմանապահների հարուցած խոչընդոտների պատճառով ափամերձ արեւածաղկի դաշտը չի քաղհանվել, որի հետեւանքով բույսերը գրեթե չեն աճել: Տրակտորիստ Ռուբիկ Բադալյանն այդպես էլ չի կարողացել վարել Դեբեդի ափին գտնվող հողը: Գետի ափից մոտ 100 մ հեռավորության վրա, դեբեդավանցու սեփականաշնորհված հողամասում տեսնում եմ վրացիների դրած սահմանային հենասյունը` հողի մի կույտ, որի ուղղությամբ էլ, ըստ վրաց սահմանապահների, պետք է ձգվի սահմանը: Հարեւան երկրի սահմանապահները պատճառաբանում են, որ Դեբեդի հունը փոխվել է` ի վնաս իրենց: Մինչդեռ իրականությունն այլ է, ճիշտ հակառակը: «Նայեք, գետն այս տարի մեր տարածքից հողի մեծ պատնեշը քանդել է, 2.5 հա հող էլ դրանից վերեւ է քշել-տարել: Գետի հունը դեպի մեզ է փոխվել, ոչ թե դեպի վրացական ափը: Վարարած Դեբեդը քշել է ընդհանուր առմամբ 2.8 հա տարածք, որից, օրինակ, Ալեքսեյ Մելիքսեթյանի 7000 մ դեղձի այգին, որը նա վարձակալությամբ էր մշակում, Հովհաննես Ավետիսյանի սեփականաշնորհված վարելահողը եւ այլն»,- վկայում է համայնքապետը: Նրա խոսքերով` գետի հոսանքից հողը քշել-տանելու կապակցությամբ Արտակարգ իրավիճակների ծառայության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Գագիկ Հովսեփյանը եկել է, իրավիճակին տեղում ծանոթացել: Վրաց սահմանապահների հողային պահանջների հետ կապված Դեբեդավան է եկել Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը, ով առկա դրության մասին տեղեկացրել է հայ-վրացական սահմանի ճշգրտմամբ զբաղվող հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Հայ-վրացական սահմանի, մեր սահմանապահների անցկացրած փշալարի հետ կապված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված ուղեկալների հրամանատար, պարետ, փոխգնդապետ Ատոմ Հակոբյանին: Նա ասաց, որ այդ հարցերին պատասխանելն իր իրավասության շրջանակներում չէ` խորհուրդ տալով դիմել Երեւանում գտնվող սահմանապահ ծառայության վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter