HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Խաղաղություն եմ ուզում, բայց եթե պատերազմ չլինի, ավելի թանկ կհատուցենք»

Երաժիշտ Դավիթ Ամալյանի անունը չի կապվում մեծ բեմերի, փայլուն զգեստների ու ճոխ տեսահոլովակների հետ: Վերջերս նրան լսեցի «The club» ակումբում, որտեղ ամեն ուրբաթ նա իր ընկերների հետ ստեղծում է ջերմ միջավայր, որտեղ հանդիսատես ու արտիստ բաժանումը չկա: «...Իմ վառ հեքիաթում բարբարոս ստի աղոթք չկա..., հավատից թաքուն կեղծը տարածող սուրբ կրոն չկա, փառքի կածանով մարդուն սատանի տուն տանող չկա...»:

«Կտակ» երգում այս երկու տողը հենց Դավիթի հեքիաթն է, որը թեեւ բախվում է իրականությանը, բայց նա փորձում է իր մեջ պահել այն այնպես, ինչպես իր մանկության տոնածառն է պահում` ամենավառ ու ուրախ զգացողությունը, որ ունեցել է մանկության տարիներին: «Հիմա էլ եմ փորձում մեկ-մեկ վերադարձնել այդ տոնածառը, երեխաներիս հետ ուրախանալ, բայց ոչ հաճախ է ստացվում»: Հեքիաթը կորցնելու նրա միակ բացատրությունը հավերժության բացակայության մասին գիտակցումն է, որին հասնելուց հետո այլեւս անհնար է դառնում հեքիաթի մեջ մնալ: Դավիթ Ամալյանի մտածելակերպի ու արժեքների կայացումը տեղի ունեցավ պատերազմի դաշտում: Տասներորդ դասարանցի Դավիթը, լսելով պատերազմի մասին, գնում է կռվելու: Չի խոսում այդ տարիների մասին, միայն ասում է, որ պատերազմի նկատմամբ ինքը էգոիստ գտնվեց. ավելի շատ վերցրեց, քան տվեց կռվի դաշտում:

Այսօրվա քաղաքական առուծախի մասին կտրուկ է խոսում. «Ասում են` հող են տալու, չգիտեմ ինչ են անելու... ոչ մի բան էլ չեն տալու, իրենք չեն վերցրել, որ տան: Ես սրտով ու տրամաբանությամբ մի բան եմ հասկացել, որ եթե զիջեն, հնարավոր չէ, որ չհատուցեն դրա համար: Չզիջելու առաջ մենք ավելի քիչ կկորցնենք, քանի որ այդ դեպքում նրանք պահանջատեր կլինեն իրենց կորցրածը վերականգնելու համար»: Գերտերությունների ճնշումների ու խաղերի մասին երաժիշտը չի ուզում մտածել ու չի ուզում դրանք ընդունել այն բացատրությամբ, թե մենք թույլ ենք. «Ես կուզեի, որ մեր ժողովուրդը հասկանար, որ եթե մենք թույլ ենք, ուրեմն թույլ ենք մեզնով, այսինքն` մենք մարդկային արժեքների ռեսուրս չունենք, քանակը չի խնդիրը, այլ արժեքները, որոնք հանվեցին մեր միջից»: Նա համոզված է, որ այսօրվա սերնդի արժեքների վերադասավորումը արտաքին քաղաքական ազդակների ու ներքին դավաճանության արդյունք են, երբ նյութը դառնում է չափանիշ, իսկ ուժը` թույլից նվաստ: «Որովհետեւ հաղթած ու դրան գումարած մշակութային մեծ բազայով Հայաստան թելադրողներին ձեռք չի տալիս: Բայց կուլ գնալ էլ չի կարելի: Այսինքն, եթե դրսի պահանջ է` այստեղի մշակույթը փչացնելով մարդկանց մակարդակը իջեցնել, ապա ամեն դեպքում փչացնողը հենց մենք ենք: Ու մենք չպիտի դա թույլ տանք: Հավատացեք, որ դրսի ճնշումը այդքան մեծ չէ, որքան ներսի դավաճանությունը: Մինչեւ մենք չպատժենք մեր միջի դավաճանությունը, մենք ոչինչ հաղթել չենք կարողանա: Ես այսօր մի բանից եմ միայն վախենում` դավաճանությունից: Անկաշկանդ, սրտանց վախենում եմ..ու կապ չունի, թե որ տեսակի դավաճանությունն է»: «Իսկ պատերազմի նկատմամբ վախ կա՞»,- հարցնում եմ: «Վախ չի կարող չլինել... բայց սա ուրիշ տեսակ վախ է, դավաճանության վախի նման չէ: Ես պատերազմ տեսել եմ ու չեմ ուզում այն կրկնվի: Միշտ ասում եմ, որ խաղաղությունն իմ երեխաներից շատ եմ սիրում, որովհետեւ խաղաղությունը սիրելով ես սիրում եմ բոլոր երեխաներին: Բայց հիմա մի վատ բան պիտի ասեմ... Որքան էլ սիրում եմ խաղաղությունը, կուզեի, որ նորից պատերազմ լիներ, որովհետեւ հակառակ դեպքում մենք ավելի թանկ կհատուցենք: Պատերազմը որձ է, խաղաղությունը` էգ: Էգը ձգտում է որձին, որձը` էգին... Որքան երկարի այս խաղաղությունը, մենք այդքան թանկ կվճարենք: Այսօր հայրենիքից խոսում են միայն էլիտար վիճակներում, ու դու արդեն սկսում ես ամաչել այդ թեման շոշափելուց:

Եւ եթե այսպես մի 20-30 տարի էլ գնա, կարող է էլ պատերազմի կարիք չլինի: Ինքնաճանաչման համար մեզ պետք է այն, ցավով եմ ասում, բայց պետք է: Գոնե պատերազմով որձ տեսակը կպահպանենք, որ հետո նա գա այստեղ ու մեկը ասի` «բռատ», ինքը կասի` այդպես չի, այդպիսի բան չկա, մեր մեջ «բռատ» չկա: Դիրքերում շատ եմ լինում: Հոգեբանական ուրիշ պահ կա այդտեղ: Դու դառնում ես տերը, ինչ եղավ` դու գիտես, դու ես պաշտպանում, քո թիկունքն է, քո «փայ էգը» հետեւումդ է: Ու զինվորները, անկախ դրանից` պատերազմ կա՞, թե՞ չկա, զգում են այդ պատասխանատվությունը, իրենց տղամարդ են զգում: Դոշդ առաջն է, թիկունքդ պիտի պաշտպանես: Ահա հենց այստեղ էլ ես վախենում եմ դավաճանությունից` թիկունքի հարվածից»:

Դավիթը կարծում է, որ վախն ազնիվ զգացողություն է, ու նշում է, որ կնախընտրեր, որ բոլոր դավաճանությունների պատճառը վախը լիներ եւ ոչ թե ես-ի գերարժեւորումը: Նրա համար մարդու ինքնաքննադատությունը լիցքավորման միջոց է, բայց պետք է զգույշ լինել եւ չհասնել ինքնաստորացման: Ցանկացած հարցում Դավիթ Ամալյանը կարեւորում է առաջին հերթին մարդուն, ցանկացած իրավիճակում ու ցանկացած պահի նրա համար գլխավոր արժեքը եղել ու մնում է մարդը: Ասում է, որ իրեն ամենից շատ տանջում է այն, որ այսօր մասնագիտությունը դարձել է նպատակ, մարդը` միջոց, երբ իրականում պետք է հակառակը լիներ: Մարդը էակ է, որը պետք է սիրի, իսկ սիրո լավագույն ապացույցը անձնազոհությունն է, հենց այդ անձնազոհությունն է, որ պետք է դրսեւորի զինվորը մարտի դաշտում: «Այդ ժամանակ չկա մեկը, ով ասի, թե թքած ունի իր կյանքի համար: Մենք միասին էինք, մենք ընկերներ էինք, ու մեկս մեկի համար դողում էր: Ոչ ոք իրեն վեր չէր համարում: Ցավոք, այդ մթնոլորտից թանկ ոչինչ չի կարող լինել: Հենց դա եմ ուզում, որ այս սերունդը ձեռք բերի պատերազմով»:

- Կարծում եք հիմա նույն ոգին կլինի՞:

- Ես բոլոր հարցերում վատատես եմ, բայց այս դեպքում համոզված եմ, որ այդ մթնոլորտը կլինի: Վշտի դեպքում մենք միավորվում ենք:

- Հայի՞ բնույթ է, թե՞ մարդու:

- Հետաքրքիր է... չէ, երեւի մենակ հայի: Ավելի շատ հայի: Մենք ուրիշ ձեւով ենք տեսել ցավը: Ես միշտ ասում եմ` հայի միջից պետք չի հանել ցավը: Ասում են` չենք տեսնում ձեր ժպիտները, ձեր ձեռքերը` ավելորդ շոու, որը մերը չէ իրականում: Գոնե ցավի կողքը կանգնելու կարողություն կա: Տղերքի կենացը խմելիս միշտ ասում եմ` մատաղ են եղել չգիտես ինչին: Ազատագրված տարածքները` այո, արժեք են: Բայց այն, ինչ կուզեի ձեռք բերվեր տղերքի չլինելով, չկա հիմա: Իմ երազած հայրենիքը չկա: Շատ կուզեի խեղճ չլինեինք, կուզեի մենակ գերբով ու դրոշով չտարբերվեինք Ռուսաստանից: Չեմ ուզում ուրիշին թելադրենք, բայց թույլ չտանք, որ մեզ թելադրեն: Ու դրա ճանապարհը հեռու չէր, ուղղակի դավաճանությունը խեղդեց: Ախր միայն տարածության համար մարդ կորցնելն անիմաստ է: Նժդեհը շատ լավ խոսք ունի. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը նրա մշակույթն ու ժողովորդն են»: Աշխարհագրական տարածքը հայրենիքը չէ, հայրենիքը մեր տղերքն էին, որ հիմա չկան, մշակույթը չկա... Ես կուզեի վերականգնվեր: Կուզեի, որ տղերքը հետ գան, ֆիզիկապես հնարավոր չէ, բայց ուզում եմ, որ նրանք արժեւորվեն: Կարիք չկա ամեն երկրորդ նախադասության մեջ հայրենիքից խոսել, բայց անկեղծություն է պետք»:

- Ուրեմն ստացվում է, որ այն, ինչի համար մենք կռվեցինք, հիմա կորցրե՞լ ենք` անկախ ֆիզիկական տարածքներից:

-Այո, այդպես է... Ես վատատես չեմ ուզում լինել: Բայց այսօր դա այսպես է: Այն տղերքը, որ չկան, չեն շահել: Ու հայրենիքը հեռուստացույցով խոսող քաղաքական գործիչը չի, ոչ էլ` «մեր հայրենիք, ազատ անկախ»-ն է, ոչ էլ` գերբն ու դրոշը: Սուտ է ամեն ինչ: Ու դու, ստից զզված, ստեղծում ես այն դաշտը, որում ուզում ես ապրել, բայց զգում ես, որ մյուսների համար այն թույլ է, որովհետեւ նյութական արժեք չունի: Բայց գիտեմ, որ վերջը լավ է լինելու: Փոքրուց այդ լույսը իմ մեջ կա:

- Ու այն չի մարո՞ւմ:

- Հենց սկսում է մարել, խմում եմ (ծիծաղում է): Իր երկու տղաներին Դավիթը դաստիարակում է միայն սեփական օրինակով, այլ ոչ երկար ճառերով: Իր ընկերներն ու սեփական կյանքը բավական են, որ տղաները ճիշտ արժեքներով մեծանան: Ասում է, որ չի էլ պատմում պատերազմից: Միայն մեկ-մեկ մայրիկից են պատասխաններ ստանում հոր մասին: Իսկ հայրը ավելորդ խոսքերի փոխարեն վերցնում է իր փոքրիկի ձեռքը ու գնում Եռաբլուր: «Փոքրս դեռ նոր էր բլբլում: Միասին գնացինք Եռաբլուր, քայլում էինք... մարդ չկար, լռություն էր... ասեցի` ինչ լավ լռություն է, չէ՞: Նայեց մեծ աչքերով ինձ ու թե` լռությունը ի՞նչ է: Ասացի` դե, որ այսքան հոպարներ կան, ու ոչ մեկը չի խոսում: Նա մի րոպե նայեց իր շուրջն ու ասաց` հոպարները խոսում են, մենք չենք լսում: Ապշել էի...»:

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Շատ տխուր բան է պատահել այս պատերազմին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter