HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Հասկացա, որ ես պետք է համարձակ լինեմ, որ մարդիկ ինձ լսեն»

ԴերՀովան Կանադայում ակտիվորեն չէր մասնակցում հայապահպանության ցույցերին: Համայնքի հետ շփումը մեծ չէր, չէր սիրում հավաքներ: «Ես էլ շատ տարբեր էի, միշտ տարբեր էի` հագով, ամեն ինչով, երաժշտությունով, որ լսում էի, դրա համար էլ չէի գնում, անհանգիստ էի զգում»,- հիշում է կանադահայ երգահան Հարութ Տեր-Հովակիմյանը` ԴերՀովան: Վերցնելով իր ազգանվան առաջին վանկերը` Հարութը որոշեց հանդես գալ ԴերՀովա անվամբ: Նա զարմանում է, որ չնայած իր բոլոր ծանոթները ակտիվորեն մասնակցում էին Կանադայում հայերի կողմից կազմակերպվող տարաբնույթ ցույցերին, այդուհանդերձ միայն ինքը վերադարձավ հայրենիք: «Իմ ծանոթների կարծիքով` իրենք ավելի հայրենասեր են, ավելի շատ էին մասնակցում էդ միտինգներին, իսկ ես ավելի հեռու էի էդ բաներից, բայց վերջում տեսանք, որ մենակ ես էի, որ եկա Հայաստան, իրենք էնտեղ են մնացել»,- պատմում է կանադահայ երգահանը: Հայաստանում ԴերՀովան հայտնի դարձավ 2008 թ.-ին: «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի «Քելե-քելե» երգի երաժշտության հեղինակը ԴերՀովան է: ԴերՀովան առաջին անգամ Հայաստան է եկել 1983 թ. իրենց հայկական դպրոցի աշակերտների հետ: Դրանից հետո սկսել է հայկական երգեր լսել: «Սիրտս այստեղ է կապված, ուզում էի այստեղ գալ: Մտածեցի` ուրիշի համար չեմ աշխատում, իմ աշխատանքի բոսը ես եմ, կարելի է գնալ, փորձել աշխատել Հայաստանում, եթե ստացվի, ստացվի, չստացվի` չստացվի»,- պատմում է կանադահայ երգահանը: Հաջորդ անգամ` 2000 թ., արձակուրդն է անցկացրել Հայաստանում, իսկ 2002 թ. վերջնականապես տեղափոխվել է Հայաստան: Տատերը եւ պապերը Ցեղասպանության ժամանակ գաղթել են Սիրիա: Հայրը արմատներով Խարբերդից եւ Ուրֆայից է, մոր ծնողները Կիլիկիայից են: ԴերՀովան դեռ չի եղել Արեւմտյան Հայաստանում, ոչ Էլ` Կիլիկիայում, բայց մեծ ցանկություն ունի լինել հատկապես Կիլիկիայում: Ասում է` մենակ չի գնա, սպասում է հարմար առիթի: ԴերՀովայի հայրը 69 տարեկան է, ավտոմեխանիկ է, մայրն էլ աշխատում է դեղատանը: Կանադայում ապրող ծնողների համար դժվար է եղել. նախ որդին է տեղափոխվել Հայաստան, ապա դուստրը ամուսնու հետ` Շվեդիա: Հայաստան տեղափոխվելու նրա որոշումը ընտանիքը չի ողջունել: «Այդ ժամանակ Հայաստանի մասին շատ վատ բաներ էին ասում սփյուռքում, ես էլ ուզում էի հասկանալ, թե ինչու համար են այդպես խոսում»,- պատմում է կանադահայ երգահանը: ԴերՀովան բարձրագույն կրթություն չունի, իսկ երգը եւ երաժշտությունը դեռ դպրոցական տարիներից հոբբի են եղել, հետո սկսել է ավելի լուրջ զբաղվել իր սիրելի գործով: ԴերՀովան գրում է երաժշտություն եւ գործիքավորում: Երգի տեքստը` խոսքերը, գրում է միայն անգլերենով, ասում է` իր հայերենն այդքան զարգացած չէ: 16 տարեկանից սկսել է ալբոմներ թողարկել. «Ես հասկացա, որ դրանով էի զբաղվելու, համալսարան գնալն արդեն անիմաստ էր դարձել, որովհետեւ ինչ-որ չափով հաջողությունների հասել էի»: 1992 թ.-ից մինչ օրս ԴերՀովան 250 երգ է գրել: Կանադայում նա որոշ հաջողությունների հասել է, բայց իր համար արդեն անհետաքրքիր էր այնտեղ մնալը, իրեն սպառված էր զգում, թարմ մտքերի կարիք ուներ. «Ես երբեք չեմ ափսոսա, որ եկա, որովհետեւ ինձ թվում է, որ էնտեղ մնայի` էսքան հաջողությունների չէի հասնի իմ ոլորտում»: Հայաստանի շոու բիզնեսում աշխատելու առավելությունը ԴերՀովայի համար այն է, որ ում հետ աշխատել է` երաժշտական կրթություն են ունեցել, ինչն ինքը չունի, ասում է` Կանադայում փոփ երաժշտության մեջ քչերը ունեն կրթություն. «Իրենց հետ շփվելը, մտածելակերպը, բնությունը նոր շունչ տվեցին իմ աշխատանքին»: «Այստեղ կրակ կա, որ այնտեղ չկա» Հայաստանում ապրելու 8 տարվա փորձը ԴերՀովային ցույց է տվել, որ հայերը սիրում են բողոքել, բայց ոչ ոք չի ուզում որեւէ բան փոխել: «Մի քիչ կոմպլեքսներից հեռանանք, մի քիչ ավելի ազատ մտածենք, պետք է իրար հարգենք, իրար չքննադատենք, վերջիվերջո առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք»,- ասում է նա: Հայաստանում նրան ամենից շատ հիասթափեցրել է մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ` «իրար չօգնելը, նախանձը, չուզելը»: Նախկինում Հայաստանում առավել շատ զայրացնող հանգամանքներ են եղել երգահանի համար, իսկ հիմա որոշ փոխոխություններ է նկատում, նաեւ ինքն է ինչ-որ բաների հարմարվել: Կանադայի եւ Հայաստանի միջեւ ԴերՀովան ոչ մի նմանություն չի տեսնում: «Կանադան սոցիալական առումով շատ զարգացած է, ես կարոտել եմ այնտեղի մաքրությունը, բնությունը»,- օրինակ է բերում ԴերՀովան: Երգահանն ասում է, որ Կանադայում կյանքը շատ միապաղաղ է, «միայն աշխատանք, աշխատանք, աշխատանք, ոնց որ ռոբոտ լինեն»: Իսկ այստեղ, ըստ նրա, կյանքը վայելում են. «Աստեղ կարող է մի օր հանգիստ լինի, հաջորդ օրը վեճի մեջ, որ սաղ ներվերիս ազդեն, այստեղ կրակ կա, որ այնտեղ չկա»,- նշում է նա: Հայաստան գալուց հետո ավելի համարձակ եւ համբերատար է դարձել, ինչ մտածում է` ասում է, բայց ոչ թե դիմացինին վիրավորելու միտումով, այլ իր կարծիքը արտահայտելու, երբեմն նաեւ դիմացինին լավություն անելու համար: «Հասկացա, որ ես պետք է համարձակ լինեմ, որ մարդիկ ինձ լսեն»,- նշում է ԴերՀովան: «Հայաստանի հետ քեզ ի՞նչն է կապում, արմատնե՞րը, թե՞...» հարցին պատասխանում է. «Չէ, ես այդքան ռոմանտիկ չեմ մտածում այդ մասին»: ԴերՀովան խոստովանում է, որ Հայաստան է եկել` չունենալով որեւէ կոնկրետ նպատակ. «Ճիշտ է, երբ տեղացիները ասում են, որ սփյուռքահայերը գալիս են լիքը փողով, որ էստեղ փող աշխատեն, բայց ինձ հետաքրքրիր էր իմ աշխատանքի մեջ նորություն մտցնելը, որ ոգեւորվեմ»: Կամաց-կամաց սկսել է ինչ-որ նպատակներ ունենալ, որոշներն արդեն կյանքի է կոչել: Նախ` ուսումնասիրել է հայկական շոու բիզնեսը, շուկան: Օրինակ` հիշում է, որ երբ նոր էր եկել, մարդիկ շատ էին լսում ռուսական փոփ երաժշտություն, ինքն էլ դրանից զզվել է, քանի որ այդ լեզուն չէր հասկանում, այդ երգերի մեջ ջերմություն չէր տեսնում, ուզում էր, որ հայերը լսեն հայկական փոփ: Այդ նպատակն իրագործելու համար գործիքավորել է «Հայք» խմբի «Քամի, փչիր» երգը, որը, իր համոզմամբ, դեռ երկար կհիշվի: «Շոու բիզնես չասենք, որովհետեւ շոու բիզնեսում պիտի փող աշխատենք, երգիչները փող չեն աշխատում, մենք ենք փող աշխատում` երգահաններս, գործիքավորողները, ռեժիսորները»,- նկատում է երգահանը: ԴերՀովան չի կարծում, որ այստեղ ավելի քիչ են վաստակում, քան արտասահմանում, ուղղակի արտասահմանում փող վաստակելու մեխանիզմն այլ է, հնարավոր է` միանգամից, հնարավոր է` գործն անելուց հետո: Ինչ վերաբերում է հայկական շոու բիզնեսի վիճակին, ԴերՀովան կամաց-կամաց զարգացման միտումներ է տեսնում: Ապագա ծրագրերի առումով ԴերՀովան գաղտնապահ է, չի սիրում նախապես խոսել: Վերջին 4 տարիներին արտասահմանից պատվերներ չի ընդունում, այժմ մտադիր է նաեւ արտասահմանցիների համար երգեր գրել, ինչպես նաեւ` հայ շոու բիզնեսի աստղերին ներկայացնել արտասահմանյան շուկայում: ԴերՀովան իր ստեղծագործություններում օգտագործում է հայկական գործիքներ, փոխում է ռիթմը` հանդես գալ ավելի շատ action ոճում: Երգերից բացի` նաեւ բիզնեսով է զբաղվում: Ասում է` իրեն միշտ հետաքրքրել է «լանչի բիզնեսը», դրա համար էլ երբ սփյուռքահայ ընկերներն առաջարկել են ռեստորան հիմնել, մեծ հաճույքով համաձայնել է: Չարենցի 28 հասցեում ԴերՀովան նրանց հետ ռեստորան է բացել: Մյուս ռեստորաններից «Չարենցի 28»-ը տարբերվում է նախ դիզայնով. պարզ է, գերակշռում է սպիտակ գույնը, հնչող երաժշտությունն էլ ընտրում եւ հավաքում է ԴերՀովան` տարբեր ազգերի էթնիկ երաժշտություն: Երգահանի խոսքերով` միջավայրը հանգիստ է, չնայած կենտրոնում է գտնվում, բայց շատ քողարկված վայրում է, դրա համար էլ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում շոու բիզնեսի աստղերը, պատգամավորները, քաղաքական գործիչները, բիզնեսմեններ եւ այլ հայտնի անձինք, ովքեր չեն ուզում աչքի ընկնել: Կերակրացանկը ներառում է տարբեր խոհանոցներ, այդ թվում` արեւմտահայկական, հունական, արաբական, իտալական, թաիլանդական եւ այլն: «Հիմա ռեստորանն է քեզ պահու՞մ, թե՞ երգը» հարցին պատասխանում է. «Երգն է ինձ պահում: Ռեստորանի աշխատանքը ավելի ծանր է, ամեն օր պետք է ամեն ինչ թարմ լինի, չգիտես` այսօր կարող է շատ մարդ լինի, վաղը` քիչ, ահավոր մեծ աշխատանք է, դրա համար մենակ չես կարող անել, դրա համար էլ կան փայատերեր»,- պատասխանում է ԴերՀովան: Նա հայկական խոհանոցը համեմատում է մյուսների հետ եւ ասում, որ այդքան էլ հարուստ չէ, ոչինչ պատրաստել չգիտի, բայց շատ է սիրում հարիսա: Ինչ վերաբերում է հոբբիներին, ապա սիրում է ճանապարհորդել: Գիշերային կյանքի մասին խոսելիս ԴերՀովան նշեց, որ այդքան էլ ակտիվ չէ, եթե հայտնվում է ինչ-որ փարթիներում, ուրեմն կամ հրավիրել են, կամ էլ գնացել է դիջեյություն անելու: Չնայած ստեղծում է ակումբային երաժշտություն, բայց մեծ սիրահար չէ ակումբային կյանքի, հատկապես Հայաստանում, որտեղ ակումբներում ծխում են: Ինքը չի ծխում: ԴերՀովան իր ապագա կյանքը պատկերացնում է Հայաստանում` ամուսնացած միայն ու միայն հայուհու հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter