HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորներն անհասանելի են ինչպես լրագրողների, այնպես էլ ընտրողների համար

2007 թվականի մայիսի 12-ին Արմավիրի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են ընտրվել երեքը` Սեդրակ (Սեյրան) Սարոյանը (թիվ 19 ընտրատարածք), Հրանտ Գրիգորյանը (թիվ 20) եւ Ռուստամ Գասպարյանը (թիվ 21): Երեք պատգամավորներից ոչ մեկը երբեւէ որեւէ հարց չի բարձրացրել ԱԺ ամբիոնից եւ իր ընտրողներին հուզող խնդիրներով չի դիմել Կառավարությանը: Մի քանի փորձեր արեցինք, որպեսզի նրանցից լսենք մեզ եւ ընտրողներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Պատգամավորների հետ զրուցել այդպես էլ չհաջողվեց: Միայն Հրանտ Գրիգորյանի հետ կարողացանք կարճ հեռախոսազրույց ունենալ: Սեյրան Սարոյանի` Ազգային ժողովի աշխատասենյակի հեռախոսին պատասխանող չկար: Պատգամավորի հետ կապ հաստատելու համար ստիպված զանգահարեցինք նրա հորը` Ֆիրդուս Սարոյանին: «Սեյրանը Հայաստանում չի, երկուշաբթի է Հայաստանից դուրս գնացել, չգիտեմ, թե երբ կգա»,- ասաց Ֆ. Սարոյանը: Նշենք, որ գեներալ-մայորի կոչում ունեցող պատգամավորին գտնելը շատ դժվար է: Նա միշտ խուսափում է լրագրողների հետ հանդիպել: Ս. Սարոյանն ընտրվել է Էջմիածին քաղաքից ու եւս 12 գյուղական համայնքներից: Իր ընտրողների հետ հանդիպումներ չի ունենում: Լավագույն դեպքում պատգամավորին կարող են գտնել Էջմիածնում կազմակերպված հանրային միջոցառումների ժամանակ, այն էլ այն դեպքում, երբ ներկա է լինում գեներալ Մանվել Գրիգորյանը: 40 համայնքի բնակչության ձայներով ընտրված Հրանտ Գրիգորյանը նույնպես լրագրողներին չի սիրում: 2003-2007 թթ. պատգամավորական գործունեության ժամանակ նա ամեն հինգշաբթի քաղաքացիների ընդունելություն էր կատարում, մարդկանց գումարներ էր տալիս, իսկ տոնական օրերին ձեթ, խմիչք ու սնունդ էր բաժանում: Նույնիսկ ձմռան վառելափայտ էր հատկացնում սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն 2007-ից հետո դադարեցրել է ընդունելությունները, իսկ մարդկանց օգնում է շատ քիչ դեպքերում: Դեռեւս ամիսներ առաջ Հ. Գրիգորյանից հարցազրույց վերցնելու համար ուղիղ մեկ ամիս զանգահարում էինք նրան, որ հանդիպման տեղի ու ժամի շուրջ պայմանավորվենք, սակայն պատգամավորն իրար ետեւից չեղյալ էր հայտարարում նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ վերջում ընդհանրապես չցանկացավ հանդիպել: Պատգամավորի գույքի եւ եկամուտների հայտարարագրի վերաբերյալ նյութը տպագրվեց առանց նրա պարզաբանման: Այս անգամ պատգամավորն ավելի վատ էր տրամադրված «Հետքի» լրագրողի նկատմամբ, քանի որ նրան դուր չէր եկել մեր նախորդ հրապարակումը: Ներկայացնում ենք պատգամավորի հետ ունեցած մեր հեռախոսազրույցն ամբողջությամբ. - Մի քանի հարց ունեմ` կապված ձեր գործունեության հետ, կպատասխանե՞ք: - Դե մի անգամ գրել էս, էլի, էլ ի՞նչ մի քանի հարց ունես: - Եթե մի անգամ գրել եմ, ուրեմն էլ չպետք է անդրադառնա՞մ: - Ուզում ես` գրի, ուզում ես` մի գրի: - Մի քանի հարց է...(հարցս մնաց կիսատ): - Հեռախոսով չեմ պատասխանում: -Իսկ որտե՞ղ հանդիպենք, որ հարցերին պատասխանեք: - Ամսի 7-ին Ազգային ժողովի նիստի օր է, կգաս` կպատասխանեմ: - Ազգային ժողովից դուրս հարցերին չեք պատասխանո՞ւմ: - Ազգային ժողովից դուրս կպատասխանեմ: Կգաս նիստերի դահլիճի մոտ, որտեղ նիստերն են անցկացվում, այնտեղ էլ կպատասխանեմ: - Իսկ ավելի շուտ հանդիպել հնարավոր չէ՞: - Հնարավոր չի, հիմա զբաղված եմ: -Ընդամենը մի քանի հարց եմ ուղղելու, հիմա չեք պատասխանո՞ւմ: - Հլա ասա: - Ձեր ընտրատարածքի գյուղացիները դժգոհում են, որ դուք գյուղեր չեք գնում եւ իրենց չեք ընդունում... (դարձյալ հարցս չավարտեցի): - Հա լավ, ուրիշ բաներ ես խոսում արդեն, այ տղա,- ասաց Հրանտ Գրիգորյանը եւ անջատեց հեռախոսը: Հ. Գրիգորյանի ընտրատարածքի մեջ մտնող Եղեգնուտ գյուղի համայնքապետ Ռազմիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ պատգամավորը ե՞րբ է այցելել իրենց գյուղ եւ ի՞նչ նպատակով: Համայնքապետը կոնկրետ չհիշեց, թե որ օրն է պատգամավորն այցելել գյուղ, բայց հաստատ գիտեր, որ մոտ մեկ ամիս առաջ է եղել: Ըստ համայնքապետի` գյուղացիները բողոքել էին, որ հող մշակելով եկամուտ չեն ստանում, եւ անձրեւներն ու կարկուտը վնասել են տարվա բերքը, պատգամավորն էլ այցելել է գյուղ: «Իսկ հաճա՞խ է պատգամավորը լինում գյուղում» հարցին համայնքապետը պատասխանեց, որ տարվա մեջ 1-2 անգամ լինում է: «Դպրոցին ահագին օգնություն ա տալիս, մայիսի 9-ին էլ իրա դելեգացիային էր ուղարկել գյուղ, Ալեքսանյան Համլետն էր եկել: 150 հազար դրամ օգնություն է տվել մեր գյուղացիներից մեկին, որի հողաշեն տունը փուլ էր եկել»,- ասաց Ռ. Մարգարյանը: Նրա ասելով` Հրանտ Գրիգորյանը քաղաքացիներին ընդունում է Ծաղկունք գյուղի իր գրասենյակում, ինքն էլ արդեն 2-3 անգամ այցելել է պատգամավորին: «Ես խնդիր չեմ տեսել, ուղիղ կապով զանգում եմ, ասում է` էս ինչ օրը, էս ինչ ժամին սպասում եմ ու վերջ, մենք էլ գնում ենք»,- ավելացրեց համայնքապետը: Ռազմիկ Մարգարյանն ասաց, որ ինքը տեղյակ է լինում, երբ գյուղացիները ընդունելության են գնում պատգամավորի մոտ, բայց «հազվագյուտ» մարդիկ են գնում ընդունելության: Մարզից ընտրված մեկ այլ պատգամավորի` Ռուստամ Գասպարյանի հետ զրուցելու մի քանի փորձերը անհաջողության մատնվեցին: Նրա բջջային հեռախոսին մի քանի անգամ պատասխանեց մի տղամարդ: Սկզբում ներկայացա, որ լրագրող եմ, ապա խնդրեցի հեռախոսը փոխանցել պատգամավորին: Նա էլ հետաքրքրվեց, թե «ի՞նչ ենք ուզում պատգամավորից եւ ի՞նչ է մեզ հետաքրքրում»: «Խոսելու ենք իր գործունեությունից, գյուղական այցերից ու ընտրողների հետ հանդիպումներից»,- պատասխանեցի անծանոթ տղամարդուն: Մի քանի վայրկյան մտածելուց հետո պատասխանեց. «Ճիշտն ասած` ներսում խորհրդակցություն է, մի փոքր ուշ զանգեք»: Այդպես էլ չիմացանք, թե պատգամավորն ինչ խորհրդակցության էր մասնակցում: Երբ ավելի ուշ զանգահարեցինք Ռուստամ Գասպարյանին, ոչ ոք չպատասխանեց, ապա պատգամավորը դարձավ «անհասանելի»: Տանձուտ գյուղը նույնպես Ռ. Գասպարյանի ընտրատարածքի մեջ է մտնում: Համայնքապետ Գնել Ստեփանյանն ասաց, որ պատգամավորը վերջին անգամ իրենց գյուղ այցելել է «վիպուսկնոյի օրը»: «Իսկ ուրիշ ժամանակ պատգամավորը չի գալի՞ս գյուղ» հարցին համայնքապետը բարկացած պատասխանեց. «Ինչի՞ համար եք ինձ ըտենց հարցեր տալիս, գնացեք իրանից հարցրեք: Մնացած հարցերն էլ իրանից պարզեք, բայց ի՞նչ է եղել, որ չի եկել, լավ էլ եկել է»: Այնուամենայնիվ, համայնքապետը չհիշեց, թե բացի «վիպուսկնոն» ուրիշ էլ ինչ առիթով է Ռուստամ Գասպարյանը եղել Տանձուտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter