
Ալեքպոլցի մեծահարուստներ Դրամփյանների տոհմի պատմությունը
19-րդ դարավերջին Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից տեղափոխված եւ Ալեքսանդրապոլում հաստատված Դրամփյանների գերդաստանը համարվում էր մեծ կարողության տեր: Քաղաքում Դրամփյաններն ունեին մի քանի առանձնատներ, զբաղվում էին հողագործությամբ ու բանջարաբուծությամբ: Նրանց տոհմում քիչ չէին վաճառականները:
Դրամփյանները մի առանձին անուն ու համբավ էին ձեռք բերել նաեւ շնորհիվ իրենց բանջարանոցի: «Դրմփենց բոստանը» գտնվում էր քաղաքից մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա` Անի տանող ճանապարհի աջ եզրին եւ Դուզիքենդի տափարակում: Դրամփյանների անունը մշտապես կապված է եղել բարեգործության հետ: Ալեքսանդրապոլում Սահականուշյան օրիորդաց դպրոցի շինարարությունը հովանավորել են հենց Դրամփյանները:
Նրանք մեծ գումարներ են հատկացրել նաեւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար: Պատմում են, որ հանգանակություն կատարող վարդապետն ուղղակի չի հավատացել աչքերին, երբ Նիկողայոս Դրամփյանի կարգադրությամբ կինը գոգնոցով լի ոսկի է բերել ու հանձնել նրան: Ըստ ավանդության` գերդաստանի անունը ծագել է այն բանից հետո, երբ եկեղեցու կառուցման համար Դրամփյանները սեղանին «դրըմփացրել են» մի խոշոր գումար ոսկով: Գերդաստանի անվան ծագման մեկ այլ բացատրություն էլ կա. մասնավորապես նշվում է, որ գերդաստանի մեծերը զբաղվել են դրամափոխությամբ, ինչն էլ առիթ է տվել ձեւավորելու գերդաստանի անունը: Դրամփյանների մեկ այլ բարեգործության մասին տեղեկանում ենք ՀՀ պետական ազգային արխիվում պահպանվող մի փաստաթղթից: Այն իրականում Դրամփյաններից Արտաշես եւ Գասպար եղբայրների` հողահատկացման վերաբերյալ դիմումն է` ուղղված քաղաքապետարանին: Վերջիններս խնդրում են իրենց տրամադրել Բեյբութովսկի (ներկայիս Գորկի) եւ Միխայլովսկի (ներկայիս Վարպետաց) փողոցների անկյունում գտնվող առանձնատանը կից համայնքային նշանակության հողատարածքը: Քանի որ 1892 թ. նախկին գավառապետ Բուտկեվիչի պահանջով իրենք ստիպված են եղել Միխայլովսկի փողոցի կողմից կրճատել տան շինարարության ծավալները` կապված փողոցաշինության հետ, այդ պատճառով էլ որպես փոխհատուցում ցանկանում են 1 քմ-ը 3 ռուբլի վճարային արժեքով ձեռք բերել տան արեւմտյան կողմում գտնվող մոտ 51 քմ ազատ տարածքը: Իրենց խնդրանքը Դրամփյանները հիմնավորում են նրանով, որ ժամանակին իրենց միջոցներով, 1000 ռուբլի գումարով ստորգետնյա ջրահեռացման ուղի են կառուցել, որպեսզի սուրբ Նշան եկեղեցու հիմքերը հարեւանությամբ հոսող Գյումրի գետակի ջրերը չվնասեն: Մի բան, որ պիտի անեին քաղաքային իշխանությունները, բացի դրանից, կատարելով Բուտկեվիչի պահանջը` իրենք 200 ռուբլու վնաս են կրել: Այս հարցով Դրամփյանները երեք խնդրագիր են հանձնել քաղաքապետարան: Ու քանի որ Կոստանով եղբայրները եւս աչք են ունեցել այդ տարածքի վրա, եղել է մշտական վեճ երկու տոհմերի միջեւ: Հողահատկացումը կատարվել է դիմելուց երկու տարի անց միայն: Դրամփյան եղբայրներին, նկատի ունենալով քաղաքի համար կատարած նրանց բարեգործությունը (1000 ռուբլի ջրանցքի համար կատարած ծախսը), որոշվում է հատկացնել 31,03 քմ` 1 քմ-ը 3 ռուբլի պայմանով: Նույն պայմաններով էլ 17,04 քմ տրամադրվում է Կոստանովներին, քանզի վերջիններիս պնդումները, որ իրենք եւս մասնակցել են ջրանցքի կառուցմանը, ունեցել են վճռորոշ դերակատարում հողահատկացման գործում: Դրամփյանների կառուցած որոշ շենք-շինություններ կոչվել են «շահութաբեր» տներ, դրանք վարձով տրվել են ալեքպոլցի ընտանիքներին եւ համարվել են հասարակական նշանակության տներ:
Այդպիսի օրինակ է Գորկու 30 հասցեում գտնվող շենքը, որը պատկանել է Նիկողայոս Դրամփյանին, եւ որտեղ հետագայում տեղավորվել է «Չեկան»: Այժմ դրա մի մասը բնակելի է, իսկ մյուս հատվածում գործում է «Գյումրի» ռեստորանը: Շենքն ունեցել է 37 սենյակ, որոնց դրամական արժեքը կազմել է 72 հազար ռուբլի: Նրա երկրորդ առանձնատունը կառուցվել է քաղաքային այգու դիմաց:
1897 թ., երբ Նիկողայոսն իր աղջկան ամուսնացրել է այն ժամանակվա առաջին ընտրովի քաղաքագլուխ Գեղամ Մարգարի Տեր-Պետրոսյանի հետ (ընտրվել է 1897 թ.), որպես օժիտ դստերը տվել է այդ շենքը, որը հետագայում պետականացվել է: Երկար տարիներ երկհարկանի այդ տանը տեղավորված է եղել պիոներների պալատը: Դրամփյաններից Լեւոն Դրամփյանին է պատկանել նախկին Ժողդատարանի շենքը, որն ունեցել է 22 սենյակ` իրենց մառաններով, ձիանոցով: Դրանց գրավական արժեքը եղել է 325 հազար ռուբլի:
Կառուցվել է 1873 թ.: Ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող այս շենքը 1920 թ. հանձնվել է ժողդատարանին: Լեւոն Դրամփյանին է պատկանել նաեւ Աբովյան (Ալեքսանդրովսկի) փողոցի 206 համարի շենքը` բաղկացած 25 սենյակներից, արժեքը` 52 հազար ռուբլի: Այդ շենքը սկզբում հատկացվել է «Ամերկոմին», հետո` 4-րդ դպրոցին: Այժմ այդ շենքում գործում է Գյումրու թիվ 2 երաժշտական դպրոցը: Հիշյալ կառույցներից հատկապես հետաքրքիր է նախկին ժողդատարանի շենքի ճակատագիրը: Այս շենքի շուրջ ծավալված դատական գործը տեւել է 10 տարուց ավելի: 53.389.747 դրամ կադաստրային արժեքով համայնքային գույք համարվող շենքը, որտեղ 1988-ի երկրաշարժից հետո երկար տարիներ գործել է մարզի Ընդհանուր իրավասության դատարանը, ի վերջո քաղաքապետարանը վաճառել է: Թե ում եւ ինչ նպատակով, կամ ինչ դատական քաշքշուկի մասին է խոսքը, կանդրադառնանք առաջիկայում: Լեւոն Դրամփյանը 1920 թ. ամուսնացել է բժշկուհի Աստղիկ Մանուկյան-Դրամփյանի հետ: Վերջինս իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ զբաղվել է հասարակական աշխատանքով: Աստղիկ Դրամփյանը 15 տարի անընդմեջ եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի անդամ, որից 5 տարին` ԳԽ նախագահի տեղակալ: Ա. Դրամփյանը մահացել է 98 տարեկան հասակում: Իսկ նրա ամուսինը` Լեւոն Դրամփյանը, մահացել է 1941 թ.:
Իր բարի գործերով հայտնի Նիկողայոս աղան ունեցել է 8 զավակ: Նրա կինը` Յասամանը, երկրորդ անունը` Հեղինե, հլու եւ հնազանդ հայ կնոջ ու հոգատար մոր տիպիկ օրինակ է եղել: Եվ հենց այդ հոգատարությանն էլ զոհ է գնացել: Ալեքսանդրովսկի փողոցի առանձնատան պատշգամբում ուշ ժամի կանգնած, անհանգիստ սպասելով որդու տունդարձին` սպանվել է պատահական կրակոցից: Նիկողայոս Դրամփյանն ուներ չորս որդի` Լեւոնը, Միհրանը, Պողոսը եւ Պետրոսը: Բոլորն էլ լավ կրթություն են ստացել Սանկտ-Պետերբուրգում եւ Եվրոպայում:
Ընդհանրապես, Ալեքսանդրապոլում Դրամփյանները կիրթ ու բարձրախավ ընտանիքի հեղինակություն են վայելել: Միհրանը 1917 թ. սիրահարվել եւ ամուսնացել է մի ռուս աղջկա` Եվդակիայի հետ: Այդ ժամանակ դա հերոսությանը հավասարազոր քայլ էր: Եվդակիան, որպես կամավոր բուժաշխատող, այդ տարիներին Ուկրաինայից ընկերուհու հետ եկել էր Ալեքպոլ: Թեեւ քաղաքի բնակչությունն այդ տարիներին ռուսականացված էր, սակայն նահապետական բարքերը իշխող էին, բնականաբար Միհրանի արարքը խիստ դատապարտվել է: Ծնողներն այդպես էլ չեն կարողացել հաշտվել որդու որոշման հետ: Ու թեպետ Դրամփյանները բոլորն էլ ռուսական կրթություն են ունեցել, շատ լավ տիրապետել են ռուսերենին, բայց ցանկանալով վիրավորել ռուս հարսին` նրա ներկայությամբ միայն հայերեն են խոսել: Միհրանն արժեքավոր նկարների, հին զենքերի, տարազների ու հին դրամների մեծ հավաքածու է ունեցել, որոնք պահել է Գորկու փողոցում գտնվող իրենց առանձնատանը: Սակայն այս հավաքածուները մինչեւ վերջին նմուշը կողոպտվել են Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրերին: Այդ ժամանակ, բոլոր հարուստների նման, Դրամփյաններն էլ են հալածվել, նրանցից խլել եւ պետականացրել են քաղաքի տարբեր մասերում գտնվող տներն ու կարողությունը: Արդեն Խորհրդային Հայաստանում Միհրանն աշխատել է բանտում, որպես հաշվապահ: 1926 թ. երկրաշարժի ժամանակ Միհրանը, բացելով բանտախցերի դռները, փրկում է բանտարկյալների կյանքը` վստահելով նրանց «ազնիվ խոսքին», որ առավոտյան հետ կվերադառնան: Նշանակված ժամին բանտարկյալներն իրոք վերադարձել են, սակայն Միհրանին հեռացրել են աշխատանքից «ինքնագլուխ» արարքի համար: Ն. Դրամփյանի մյուս որդին` Պետրոսը, ի ծնե հաշմանդամ է եղել, մեջքին սապատ է ունեցել, որը, սակայն, նրան չի խանգարել ցոփ ու շվայտ կյանք վարել: Շվեյցարիայում բուժվելու համար իրեն հատկացված գումարները Պետրոսը վատնել է թեթեւաբարո կանանց վրա եւ այդպես էլ չապաքինվելով` վերադարձել հայրենիք: Ալեքսանդրապոլում նա ամեն ինչ արել է կանանց հաճոյանալու համար, մինչեւ իսկ վարդի թերթիկներից անկողին է պատրաստել: Պետրոսը բավական էքսցենտրիկ մարդ է եղել եւ, զգալով մոտալուտ մահը, Գորկու փողոցում գտնվող իրենց առանձնատանը հրաժեշտի խնջույք է կազմակերպել:
Չորս դուստրերից ավագը Ելենան էր, որին ծնողները ամուսնացրել էին Թիֆլիսի հարուստ հայ ընտանիքներից մեկի` Աֆրիկյանների զավակի հետ: Աղջիկներից մյուսը, որին Ջավահիր խանում էին անվանում, ամուսնացած է եղել այդ ժամանակվա քաղաքագլխի հետ: Մյուս երկու քույրերի ճակատագիրն այլ կերպ է դասավորվել: Սաթենիկն ու Շուշանիկն այդպես էլ չեն ամուսնացել` իբր թե իրենց «հարմար» թեկնածու չգտնելով: Մնացել են հայրական տանը, իսկ դրա պետականացումից հետո, մինչեւ խոր ծերություն ապրել շենքի բակում: Հետագայում Դրամփյանների բազմանդամ գերդաստանի շատ ժառանգներ, չդիմանալով խորհրդային տարիների ռեժիմին, հեռացել են հայրենիքից: Այս տոհմի բավական նշանավոր մի ժառանգի` Ռուբեն Դրամփյանի անվան հետ է կապվում Հայաստանի ազգային պատկերասրահի կայացումը: 1952 թ. Լենինգրադից Երեւան է հրավիրվել արվեստաբան, թանգարանային գործի խոշոր գիտակ Ռուբեն Դրամփյանը: Նրա ավելի քան քառորդդարյա գործունեության օրոք էլ ձեւավորվել է Պատկերասրահի դեմքը:
Մեկնաբանել