HY RU EN

Անի Հովհաննիսյան

«Այո, ես բիզնես եմ անում»,- ասում է ռեկտորը

Երեւանի հումանիտար ինստիտուտը բաղկացած է 4 լսարաններից եւ գտնվում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում: Սա միակ մասնավոր բուհն է, որ ունի ոչ ավանդական օտար լեզուների` չինարենի, ճապոներենի, հնդկերենի բաժիններ: 2010 թ. հունվարի 18-ին «Սագամար» ՓԲԸ-ն պայմանագիր է կնքել «Երեւանի հումանիտար ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ` թարգմանություններ կատարելու մասին: «Սագամարը» Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասում ոսկու ֆաբրիկա է կառուցում եւ մոնտաժման աշխատանքների համար հրավիրել է չինացի մասնագետների: Պայմանագրի կատարողը` ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը, Ստեփանավան է գործուղել չինարեն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Մալիշենկոյին` չինարեն-հայերեն թարգմանություն կատարելու համար: Ըստ «Սագամար» ՓԲԸ-ի եւ «Երեւանի հումանիտար ինստիտուտ» ՍՊԸ-ի պայմանագրի` կատարողի օրական վարձատրությունը կազմում է 38.000 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Հումանիտար ինստիտուտի ռեկտորը աշխատանքային պայմանագիր է կնքել Գայանե Մալիշենկոյի հետ, ըստ որի ուսանողուհու վարձատրությունն օրական 19.000 դրամ է կազմում: Միքայել Ամիրխանյանը հավատացնում է, որ գումարի 50-60 տոկոսը վճարվում է որպես հարկ: Ուսանողի եւ ռեկտորի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրին չկարողացանք ծանոթանալ, քանի որ դրա կրկնօրինակը չի հանձնվել Գայանե Մալիշենկոյին, իսկ օրիգինալ տարբերակը ռեկտորը մեզ ցույց չտվեց` պատճառաբանելով. «Ես խաբեբա չեմ. պայմանագրի կրկնօրինակն ինչու՞ հատկացնեմ»: Գայանեն պատմում է, որ իր երկամսյա աշխատանքի վարձատրությունը ստանալիս Միքայել Ամիրխանյանն առաջարկել է գումարի (մոտ 911 000 դրամ) 30 տոկոսը (մոտ 273 300 դրամ) թողնել ինստիտուտի ֆոնդին` անվճարունակ ուսանողներին աջակցելու համար: «Սակայն ես որեւէ մեկին չէի ճանաչում, ում վարձը զեղչված լիներ եւ, հետեւաբար, չգիտեի էլ` իմ գումարը որտեղ կգնա: Նա ինձ առաջարկել է, իսկ ես իրավունք ունեմ մերժելու: Բացի այդ, նա մեծ գումարներ էր պահանջում, որի կարիքն իմ ընտանիքը նույնպես ունի»,- ասում է Գայանեն: Ինստիտուտի ռեկտոր Մ. Ամիրխանյանը Գայանեի այս քայլը որակելով «անշնորհակալություն»` հայտարարեց. «Կոպիտ սխալ եմ թույլ տվել, որ վարձատրել եմ նրան: Որովհետեւ երբ առաջարկեցի իր աշխատած մեծ գումարից 10-20, թող լինի 30 տոկոսը թողնել կարիքավոր ուսանողներին, նա հրաժարվեց: Եթե 100.000 չէր կարող թողնել, թող 15.000 թողներ»: «Սագամար» ՓԲԸ-ի հետ պայմանագրի կատարման երրորդ ամսից Միքայել Ամիրխանյանն նույն բաժնի այլ ուսանողուհիների է ուղարկել աշխատելու: Այս անգամ, սակայն, ռեկտորն այդ աշխատանքը ձեւակերպել է որպես պրակտիկա տվյալ ուսանողի համար: Նույն կարգով ամեն ամիս տարբեր ուսանողներ, ազատվելով դասերից, գործուղվում են աշխատանքի (օրական 8 ժամ, շաբաթական 1 հանգստյան օրով), որոնց դիմաց վարձատրությունը ստանում է բուհի ռեկտորը: Այս երեւույթը Միքայել Ամիրխանյանը բիզնեսի օրենք է համարում: «Այո, սա բիզնես է, եւ ես բիզնես եմ անում»,- ասում է նա: Իսկ այն հարցին, թե ուր են գնում ուսանողների հաշվին բիզնեսից ստացված շահույթները, ռեկտորը պատասխանեց. «Հոգում ենք կարիքավոր ուսանողների ուսման վարձը: Այս տարի ես 1.627.000 դրամով զեղչել եմ մեր ուսանողների վարձը»: Այս խոսքերը հավաստող միակ փաստաթուղթը, որ ռեկտորը ցույց տվեց մեզ, առանց անուն, ազգանունների եւ կնիքի մի թուղթ էր (տես լուսանկարը): Լուսանկարելուց առաջ նա հասցրեց ստորագրել թղթի տակ: Նույն րոպեին, երբ Միքայել Ամիրխանյանը պատմում էր զեղչերի մասին, նրա աշխատասենյակ մտավ ուսանողներից մեկի հայրը` խնդրանքով. «Մի քիչ համբերեք, վարձի 50.000-ը կմուծենք»: Երբ ծնողին հարցրինք, թե արդյոք սովորելու ընթացքում իր երեխայի ուսման վարձը զեղչվե՞լ է, նա անակնկալի եկավ, իսկ ռեկտորը նրա փոխարեն պատասխանեց` այո, 30.000 դրամով, ինչը կրկնեց նաեւ ծնողը: Միակ մարդը, որ «համարձակվեց» պատմել մեզ ուսման վարձերի զեղչերի եւ վճարման կարգի մասին, Գայանե Մալիշենկոյի մայրը` Լիլիա Տոնականյանցն էր. «Իմ երեխան 4 տարի է, ինչ գերազանց է սովորում, սակայն նրա եւ ընդհանրապես որեւէ մեկի վարձը չենք տեսել, որ զեղչվի: Հակառակը, տարբեր պատճառաբանություններով ռեկտորը նույնիսկ ժամանակից շուտ է պահանջում այն»: Լիլիա Տոնականյանցը պատմում է նաեւ, որ Միքայել Ամիրխանյանը մոտ 1 ամիս դասի չի թողել իր աղջկան եւ նրա համակուրսեցիներին` ուսման վարձը ժամանակից շուտ չվճարելու պատճառով: 2008-2009 ուս. տարվա ամռանը Միքայել Ամիրխանյանն ուսանողներին ուղարկել է Չինաստանի դեսպանատուն` ասելով. «Գնացեք, տեսեք` ինչ են ասում, պիտի որ պրակտիկայի լինեք»: Դեսպանատունն ընդամենը գրքեր է նվիրել ուսանողներին եւ ոչինչ չի հայտնել պրակտիկայի մասին: «Սեպտեմբերին, երբ գնացինք ինստիտուտ, նա մեզ ասաց, որ մասնագիտական դասին չի թողնի այնքան ժամանակ, մինչեւ ողջ տարվա վարձը չվճարենք: Հայտնեց, որ վարձը ժամանակից շուտ պահանջելը տույժ է նրա համար, որ դեսպանատուն պրակտիկայի չենք գնացել: Սակայն մեզ ոչ դեսպանատնից ու ոչ էլ ինստիտուտից ոչինչ չեն ասել եւ որեւէ ժամանակացույց չեն տվել պրակտիկայի մասին: Փորձեցինք բողոքել, բայց ապարդյուն: Ծնողների բողոքից հետո համաձայնեց դասի թողնել` վարձի մի մասը վճարելուց հետո: Հոկտեմբերից թույլ տվեց մասնագիտական դասի գնալ, սակայն չէ՞ որ մենք վճարում ենք ողջ տարվա համար»,- ասում է Գայանեն: Ուսման վարձի զեղչերի մասին հարցումներից ճշտեցինք միայն, որ ռեկտորը խոստացել է 10.000 դրամով զեղչել նրանց վարձը, ով նոր ուսանողի կբերի ինստիտուտում սովորելու: Այս փաստը չհերքեց նաեւ Միքայել Ամիրխանյանը. «Այո, ես բոլոր ուսանողներին ասել եմ, որ նոր մարդ բերելու դեպքում կզեղչեմ վարձերը 10.000-ով: Միայն Գայանե Մալիշենկոյինը չեմ զեղչել` իր անշնորհակալ վերաբերմունքի համար»: Իսկ հարցին, թե ո՞ր օրենքով է սահմանված զեղչերի տվյալ կարգը, Ամիրխանյանը պատասխանեց. «Ոչ մի օրենքով. օրենքով մենք էլ պիտի լավ ապրենք, բայց լավ չենք ապրում»: Ուսանողները հավաստում են նաեւ, որ իրենց բուհում քննությունների ժամանակացույց չկա: «Մեր ինստիտուտ կարող են ընդունվել բոլորը եւ երբ ուզեն: Քննությունն էլ իրենից ներկայացնում է մի հարցազրույց ամեն ինչի մասին»,- ասում է Ալիսան, ով անցյալ տարի է ավարտել Երեւանի հումանիտար ինստիտուտը: Ի դեպ, Ալիսան իր դիպլոմում հայտնաբերել է «Երկրագիտության հիմունքներ» 46-ժամյա դասընթացը, որն իրենք չեն անցել: Կրթության որակի մասին բուհի ռեկտորը նշեց, որ իրենց ինստիտուտում դասավանդում են որակավորված եւ հատուկ հրավիրված դասախոսներ, ինչը հերքում են չինարենի եւ ճապոներենի բաժնի ուսանողները: «Մեր դասախոսը չինացի էր, սովորում էր Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում եւ մեր դասերի հաշվին հաճախ կատարում էր իր տնային հանձնարարությունները: Խոսում էր ոչ գրական չինարենով, այլ բարբառով: Երբ բողոքեցինք ռեկտորատ, պնդում էին, որ նրա ծնողները Չինաստանում լավ մանկավարժներ են, ինչը չի նշանակում, որ նա նույնպես կարող է դասավանդել»,- ասում է չինարեն բաժնի ուսանողուհիներից մեկը: Դասախոսների որակի մասին ուսանողների բողոքները Մ. Ամիրխանյանը զրպարտություն համարեց եւ ավելացրեց. «Քո թերթում գրածը ոչինչ չի փոխում ոչ մեզ, ոչ ձեզ եւ ոչ էլ ազգի համար. այն միայն կարող է լավ պրոպագանդա լինել մեր ինստիտուտի համար»: Ռեկտորի հետ հարցազրույցի հաջորդ օրը նա սպառնացել եւ անձնական վիրավորանքներ է հասցրել Գայանե Մալիշենկոյին` բուհի դեմ բողոքելու համար: «Քննության օրը նա եկավ լսարան, ասաց, որ անդաստիարակ եմ, անշնորհակալ ու ապերախտ, քանի որ «լրագրող եմ ուղարկել իրենց վրա»: Նա նաեւ սպառնաց, թե դատի կտա ինձ բարոյական վնասի եւ զրպարտության համար, եթե որեւէ սուտ խոսք լինի հոդվածում»,- պատմեց Գայանեն: