HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Տները ծախեք, իջեք ներքեւ»

Այս պատասխանն են ստանում Լոռու մարզի Գուգարք գյուղի Շամլուղ թաղամասի (6-րդ փողոց, 2-րդ փակուղի) բնակիչները, երբ, տարրական կենսապայմանների բացակայությունից դժգոհ, դիմում են համայնքի ղեկավարներին։ Այսպես էր հորդորում Յուրիկ Ենգոյանը, ով 1994-ից հետո տասը տարի ղեկավարեց գյուղը, այս պատասխանն է տալիս նաեւ ներկայիս համայնքապետ Աշոտ Աշուղյանը։ Տների արանքով դեպի գյուղամեջ ձգվող մոտ 600 մ ճանապարհն անանցանելի ճահճուտ է։ Սարերից իջնող ջուրը լցվում է դարուփոսերի մեջ և ցեխ ու տիղմ դառնում: Մարդատար ավտոմեքենան այդ ճանապարհով չի բարձրանում։ Տաքսի կանչելիս էլ բնակիչները բարձր թափքով մեքենա են փնտրում, այլապես ստիպված կլինեն Շահումյան ֆաբրիկայի տարածքից 300-400 մ ոտքով ճանապարհ կտրել։ Դե իսկ տնից գյուղամեջ հասնում են մինչև ծնկները հասնող կրկնակոշիկներով։ Իսկ հիվանդին հիվանդանոց տեղափոխելն արդեն լուրջ մտահոգություն է։ «Հիվանդ էի, շտապօգնություն կանչեցինք, մեքենան չբարձրացավ մեր թաղամաս»,- պատմում է Սվետա Թեմուրյանը։ Հարեւանները հիվանդ կնոջը պատգարակով են իջեցրել, իջեցնելիս էլ սայթաքել ու գցել են նրան ցեխի մեջ։ Ճանապարհը ոչ թե մի թաղամաս է սպասարկում, այլ ամբողջ գյուղը։ Այն հանդամասերն ու արոտավայրերը գյուղին կապող միակ ճանապարհն է։ Բնակիչները փորձում են իրենց ուժերով անցանելի դարձնել ճանապարհը: «Քանի անգամ գյուղում ճանապարհները վերանորոգել են, շիբիլ լցրել, մեր թաղամասում չեն անում: Ասում են՝ դեռ ձեր թաղի ժամանակը չի, ժամանակը կգա, եթե հնարավոր լինի, կանենք։ Համ էլ՝ ձեզ ո՞վ ա ասել էդտեղ տուն սարքեք»,- ասում է բնակիչներից մեկը։ Արդեն մեկ ամիս է` շամլուղցիները խմելու ջուր չունեն։ Ամբողջ թաղամասը մի բարակ ծորակից է օգտվում (հարեւան թաղամասի բնակիչներից մեկն է բաժին հանել նրանց իր ջրից), որն էլ այժմ խցանվել է։ «Մի բարակ խողովակ ա, ջուրն էլ մաքուր չի. հանդից եկող ջուր ա՝ ավազոտ, ճիճվոտ։ Անձրեւներն էլ տերեւ, կեղտ, ավազ են բերում ու փակում ջրի հունը։ Ջուր չունենք, ստիպված կոմպոտ ենք խմում»,- ասում է Կարինե Ամիրխանյանը։ «Կոյուղի չունենք, ջուրը ճամփին թափում ենք, արեւ օրերին հոտը գալիս ա. իմ կոյուղին ճամփեն ա»,- ասում է Մարիետա Անանյանը։ Շամլուղցիները չունեն նաեւ աղբամաններ, ստիպված աղբն այրում են «բախչեքում կամ որտեղ հարմար են գտնում» կամ լցնում են պարկերն ու հետո թափում Վանաձորի աղբանոցներում։ Շենքերի աղբանոցներում թափելիս հանդիպում են բնակիչների դիմադրությանը։ Վերջիններս թույլ չեն տալիս իրենց աղբանոցում թափել դրսից բերված աղբը, քանի որ աղբի սպասարկման վարձ են տալիս։ «Ջուրը մեր ուժերով ենք քաշել, հեռախոսն էլ, գազն էլ»,- ասում է Սվետա Դարչինյանը։ Գուգարքի համայնքապետը, սակայն, վստահեցնում է, որ համայնքային միջոցներով են գազիֆիկացվել Շամլուղն ու Մինսկի տնակները։ Ինչ վերաբերում է Շամլուղի ճանապարհի բարեկարգմանը, ապա այն մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: «Ամբողջ համայնքում խնդիր կա թե՛ ասֆալտապատման, թե՛ խճապատման։ Հազիվ գլխավոր ճանապարհն ենք խճով պահում, որ ավտոբուսի վարորդները չհրաժարվեն քշել: Մինչեւ քաղաք 5 աղբի կետ կա»,- ասում է Աշոտ Աշուղյանը՝ զարմանալով, որ բնակիչներն աղբը քաղաք են հասցնում։ 200-300 մ է Շամլուղից մինչեւ առաջին աղբի խցիկը։ Իսկ այդ ճանապարհը, համայնքի ղեկավարի կարծիքով, այնքան էլ երկար չէ։ Շամլուղում աղբի տարաներ չտեղադրելու պատճառը դարձյալ ճանապարհի անբարեկարգությունն է։ «Ճամփա չկա, աղբի մեքենան չի բարձրանում, որ աղբը տանի, բնակչությունն է փոքրաթիվ»,- ասում է համայնքապետը։ Իսկ ջրի խնդիրը նա բնակիչների խնդիրն է համարում. «Համայնքը հնարավորություն չունի ինչ-որ տեղից ջուր բերի։ Բնակիչներն իրենց միջոցներով բերել են, սարերի ջուրն ա։ Սելավների ժամանակ խողովակները խցանվում են։ Ամեն թաղամաս պետք ա իրա ջրի խցանումը բացի։ Թող սարքեն, օգտվեն։ Մեր ջուրն էլ ա դրանից, հո ուրիշին չենք գնում ասում՝ եկեք բացեք»։ Գյուղի բնակչության 60%-ն է օգտվում «Լոռի ջրմուղկոյուղուց»: Շամլուղն այդ թվում չէ: «Շամլուղում ջրագիծ չենք քաշում, որովհետև ճնշումը բավարարող ջուր չկա։ Ճնշումը թույլ է, չի բարձրանում. Շամլուղը բարձր դիրքում ա, ջրամբարը՝ ցածր»,- ասում է համայնքապետը։ Գուգարքում այժմ երկրորդ ջրամբարն է կառուցվում։ Համայնքապետը ջրամբարի հետ կապված մանրամասներ չգիտի, տեղյակ չէ Ջրմուղի ծրագրերից։ Փորձել է իմանալ, բայց նրան չի հաջողվել որևէ կոնկրետ բան ճշտել. «Գիծը քաշած է, թե ո՞ր թաղամասին պիտի ջուր տրվի, Ջրմուղը կիմանա։ Ինքը սարքում է, ինքն էլ կորոշի։ Իրենք չեն համաձայնեցնում ծրագիրը մեզ հետ»։ Գիտի միայն, որ ջրամբարը նախատեսված է բարձրադիր գոտիների համար։ «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում հավատացնում են, որ ջրամբարի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն, և այն կգործարկվի: Ջրամբարն այնպիսի դիրքում է, որ կջրամատակարարի նաև Շամլուղը։ Շամլուղցիները թող հանգիստ լինեն և առայժմ «կոմպոտ խմեն»...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter