HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Բ.Ասատրյանի` վերջին օրերի դրամի արժևորումը զուրկ է տնտեսական տրամաբանությունից

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը չի կարողանում բացատրել մայիսի վերջին և հունիսի առաջին օրերին դրսևորվող դրամի արժևորումը: «Ցավոք, բազմաթիվ երևույթներ կան մեր տնտեսական կյանքում, որոնք դժվար է բացատրել, որոնք զուրկ են օրինաչափությունից, տնտեսական տրամաբանությունից»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Բագրատ Ասատրյանը: Նա նշեց, որ արժույթային շուկայում միտումներն այնպիսին էին, որ մարտի վերջին արդեն տեսանելի էր, որ դրամը պետք է որոշակիորեն արժևորվեր: Դա նախ և առաջ պայմանավորված էր ԿԲ-ի սեղմողական, պայմանականորեն ասած, դրամի քանակը նվազեցնելու քաղաքականությամբ և պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկման մեխանիզմով: Եթե նախկինում ներգրավված արտարժույթի դիմաց պահուստավորումը իրականացվում էր նույն արտարժույթով` դոլարով, ապա ԿԲ-ն որոշ չափերով պարտադրեց, որ առևտրային բանկերը պահուստավորումն իրականացնեն դրամով: Այսինքն` դրամի լրացուցիչ պահանջարկ առաջացավ, որի պարագայում թեև պարտադիր չէ, որ դրամը արժևորվեր, սակայն դրամի արժեզրկման համար որևէ նախադրյալ ևս չկար: Սակայն, Բագրատ Ասատրյանի համոզմամբ, այս գործոններն իրենց ազդեցությունը պետք է ունենային մինչև մայիսի սկիզբը կամ մայիսի կեսերը: Ահա թե ինչու ինքը չի կարողանում բացատրել դրամի` մայիսի վերջին ու հունիսի առաջին օրերին դրսևորվող արժևորումը: Բագրատ Ասատրյանը նշեց, որ ինքը դատապարտել է ԿԲ-ի կողմից դոլարի կուրսը պահելը և համոզված է, որ լողացող փոխարժեքի քաղաքականությունը այլընտրանք չունի մեր տիպի տնտեսությունում, երբ ունենք արտաքին առևտրի էական ճեղքվածք. 2008-ի արդյունքներով` ներմուծումն արտահանումից մոտավորապես 4 անգամ ավելի էր, պակասորդը 3,5 մլրդ դոլար էր կազմում: «Այս պարագայում, իհարկե, միակ ձևը լողացող փոխարժեքի քաղաքականությունն էր, որից հրաժարվելու հետևանքները մենք առաջիկայում ևս զգալու ենք: ԿԲ-ը մոտավորապես 1 մլրդ (մի քիչ պակաս) դրեց իրացրեց մեր միջոցներից (դրանք հասարակության փողերն են, դրանք ոչ իշխանությունների փողերն են, ոչ կառավարության, ոչ էլ ԿԲ-ի): Դա մեզանից է խլել, մեր երեխաներից է դա տարել, որը ես ուղղակի դատապարտելի եմ համարում, և հուսով եմ, որ առաջիկայում նման կոպիտ սխալներ ԿԲ-ն թույլ չի տա»,- ասաց ԿԲ նախկին նախագահը: Լրագրողներից մեկը նշեց, որ ՀՀ կառավարությունը հայտարարում է, թե քայլեր է ձեռնարկում` խթանելու տնտեսական աճը, բայց մյուս կողմից ԿԲ-ը բավականին բարձր է պահում տրվող վարկային միջոցների տոկոսադրույքը: Հետևաբար, այն տնտեսավարող սուբյեկտը, որն ուզում է տնտեսությունը խթանելու նպատակով վարկ վերցնել, հանդիպում է դժվարությունների է: Բագրատ Ասատրյանը նշեց, որ իսկապես ողջ աշխարհում տնտեսական իշխանությունները նվազեցնում էին տոկոսադրույքը` որպես տնտեսության աշխուժացմանն ուղղված առանցքային քայլ: Սակայն Հայաստանի տնտեսության վրա ԿԲ-ի տոկոսադրույքների քաղաքականությունը էական ազդեցություն չունի, և դրսևորվում է միայն 1-2 հատվածում: Դրանք են բանկերին տրամադրվող շատ սահմանափակ ռեսուրսները և ռեպո գործարքների տոկոսադրույքները, որտեղ իսկապես աճ է արձանագրվել: «Այսինքն` կապը այստեղ ուղղակի չկա, մեր տնտեսությունն այդպիսին է, մեր ԿԲ-ը այդպիսի կառույց է: Սա Միացյալ Նահանգներ չի, ռեզերվային համակարգ չի, որտեղ պահուսատային դաշնային համակարգի միջոցները շատ ժամանակ որոշիչ են դառնում բանկերի վարկային ռեսուրսների ձևավորման տեսանկյունից»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Նա հիշեցրեց, որ 2009 թ. ընթացքում կառավարությունը արտաքին փոխառություններ վերցրեց և հսկայական ֆինանսական միջոցներ լցրեց շուկա, որպեսզի դրանով աշխուժացնի տնտեսությունը: Սա, բնականաբար, գնաճային սպասումների տեղիք էր տալիս: Եվ այս պարագայում ԿԲ-ն զսպողական քաղաքականություն է իրականացնում, քանի որ, բանախոսի համոզմամբ, գնաճը, ըստ էության, կոչնչացնի տնտեսական աճը և աճի հնարավորությունն անգամ: «Եթե ասեք, որ տնտեսական քաղաքականություն իրականացնող 2 օղակների միջև համագործակցությունը ցածր է, ես կասեմ` այո, որովհետև ընդհանրապես այն, ինչ կատարվեց 2009 թ.-ին տնտեսական քաղաքականության տեսանկյունից, դժվար ընկալելի, դժվար բացատրելի է: Կառավարությունը միաբերան ասում էր, որ փրկության միջոցը արտաքին միջոցներ ներգրավելը և տննտեսության մեջ լցնելն էր, ԿԲ-ն, բնականաբար, լռում էր, որովհետև պիտի որ հասկանար, որ դա միջոց չէ: Բոլորս տեսանք, որ սրա արդյունավետությունը ցածր էր: Գործադրված ջանքերի արդյունքում մենք ունեցանք աշխարհում անկման ամենաբարձր ցուցանիշներից մեկը»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter