HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Բ.Ասատրյանի` Հյուսիսային պողոտան ամբողջովին կառուցվել է կեղտոտ փողերով

«Մենք չաշխատող, բայց շռայլ ծախսումներ անող ազգ ենք դառել: Փողոց նայեք. աշխարհի շատ ու շատ հարուստ երկրներում այսքան ճոխ մեքենաներ դուք չեք տեսնի: Մենք սպառող ենք դառել մեր էությամբ, մենք դառել ենք մի հասարակություն, որը չի արտադրում, բայց սպառում է (և սպառման մակարդակը բավականին բարձր է)»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ասածը հիմնավորելու համար նա վկայակոչեց Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշները: Թեև 2010 թ. 4 ամիսների ընթացքում արտահանումը աճել է 60 %-ով, սակայն այդ աճի պարագայում էլ չի գերազանցել 300 մլն դոլարը: Այսինքն` նախորդ տարի արտահանումը 200 մլն դոլարից էլ պակաս է եղել, մինչդեռ 2010 թ. առաջին 4 ամիսների ընթացքում ներմուծումը գերազանցել է 1 մլրդ 100 մլն դոլարը և շարունակում է աճել: «Ըստ էության, մենք էքսպորտ չունենք: Արտաքին առևտրի տեսանկյունից մենք նահանջ ենք ապրել այս հազարամյակի ընթացքում, արդեն 10 տարին անցել է: Կարծում եմ` մեր և տնտեսական քաղաքականություն վարողների մտահոգության առանցքը պետք է լինի հենց սա»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Անդրադառնալով փոքր ու միջին ձեռնարկությունները զարգացնելու մասին կառավարության հայտարարություններին` բանախոսը նշեց, թե դրանք ընդամենը զրույցներ են, իսկ իրականում տնտեսությունը կառավարում են կոնկրետ անհատներ, որոնք ամեն ինչ անելու են, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնես չկայանա, որովհետև դա վնասում է այդ անհատների եկամուտների հավաքագրմանը: «Մեր համակարգը կոչված է ոչնչացնելու փոքր և միջին բիզնեսը, որը հաջողությամբ և մեզանում կատարվում է: Տնտեսությունը ամբողջովին մոնոպոլիզացված է: Երբ մի բաց տեղ է լինում, տնտեսական մեխանիզմներ իրականում չեն աշխատում, աշխատում են ուժային ձևերը: Բոլոր հնարավոր մեթոդներով այ էդ խոշորները` օլիգարխները, խեղդում են փոքր-միջիններին, որովհետև նրանց հացն է կտրում: Նրանք այսօր ունեն և քաղաքական լծակներ և ես կասեի` արդեն նաև ռազմական որոշակի հնարավորություններ ունեն: Լայն իմաստով, նրանք պետություն են պետության մեջ, հաշվի չեն էլ նստում, այսպես կոչված, իշխանությունների կամ կառավարությունների հետ»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Անդրադառնալով մասնավոր տրանսֆերտներին` նա նշեց, որ այն թվերը, որոնց հետ գործ ունենք, սառցաբեկորի միայն երևացող մասն են: Իրականում այս ամենի տակ ֆինանսական զգալի հոսքեր կան, ընդ որում` այստեղ շատ են, այսպես կոչված, կեղտոտ կամ ոչ մաքուր փողերը: «Ես հայտարարում եմ` Հյուսիսային պողոտան ամբողջովին կառուցվել է այդ տիպի փողերով: Հիմա դժվարանում եմ ասել` դա կրիմինալ է, կրիմինալ չի, բայց ակնհայտ է, որ այդ ֆինանսական հոսքերի զգալի մասը բանկային համակարգով չի եկել»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով` Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների զգալի մասը գալիս է «գրպաններով», և բանկային համակարգին դիմում են միայն այն մարդիկ, ովքեր պարզապես չունեն Ռուսաստանից օդանավով Երևան եկող ծանոթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter