Նամակին կից որևէ փաստաթուղթ չի ներկայացվել
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո՝ 14/05/2010թ., Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական նամակով դիմել է Երևանի քաղաքապետ պարոն Գ. Բեգլարյանին` ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջելով 10-օրյա ժամկետում ներկայացնել «Ուսանողական» այգում իրականացվող կառուցապատումների հետ կապված մի շարք փաստաթղթեր:
2010թ. մայիսի 21-ով թվագրված պատասխան նամակով Երևանի գլխավոր ճարտարապետ պարոն Դանիելյանը Մարդու իրավունքների պաշտպանին տվել է միայն պարզաբանումներ: Պաշտպանի գրասենյակից մեզ հայտնել են, որ նամակին կից չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, այնինչ պարոն Հարությունյանը պահանջել էր ներկայացնել, մասնավորապես, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը, նախագիծը, համապատասխան կազմակերպության փորձաքննության եզրակացությունը կամ երաշխավորագիրը, ինչպես նաև հողատարածքների տրամադրման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումների և պայմանագրերի պատճենները: Փաստաթղթերն ուղարկելու փոխարեն Քաղաքապետարանն իր պատասխանում նշել է միայն դրանցից մի քանիսի հաշվառման համարները, ինչը, որևէ տրամաբանությամբ, չի կարող փոխարինել փաստաթղթերի օրինակներին:
Միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ Երևանի քաղաքապետարանը կա՜մ չունի այդ փաստաթղթերը, այսինքն՝ շինարարությունն ապօրինի է, կա՛մ իրեն վեր է դասում ՀՀ օրենքներից և որդեգրում հակաօրինական աշխատաոճ՝ չհարգելով փաստաթղթերը նեկայացնելու վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջները: Սակայն, ըստ նույն օրենքի 18-րդ հոդվածի, սահմանված ժամկետներում փաստաթղթեր չներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն՝ դատավորի կամ դատարանի հանդեպ համանման խախտումների համար նախատեսված կարգով և չափով։
Ինչպես տեղեկացնում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, Ա. Հարությունյանը պատրաստվում է ևս մեկ անգամ նամակով դիմել Երևանի քաղաքապետարանին: «Մենք, անընդունելի համարելով Քաղաքապետարանի նման հակաօրինական գործելաոճը, պահանջում ենք պարոն Բեգլարյանից՝ հարգել ՀՀ օրենսդրությունը և ապահովել գործընթացի թափանցիկությունը: Հիշեցնում ենք, որ մենք շարունակելու ենք օգտագործել բոլոր իրավական միջոցները՝ «Ուսանողական» այգում իրականացվող շինարարությունը դադարեցնելու համար: Կրկնում ենք, որ Երևանի այգիները պատկանում են դրա բնակիչներին, և որևէ հիմնական շինություն դրանցում չպետք է լինի»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել