Հրաժարականի պատճառը
Ամիսներ առաջ զբաղեցրած պաշտոնից հրաժարական տվեց Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության պետ Հարություն Հարությունյանը` դա պատճառաբանելով հոգնածությամբ: Սակայն Հարությունյանի հրաժարականը քաղաքական դրդապատճառներ է ունեցել, ինչն ավելի պարզորոշ է դառնում ներկայիս ներիշխանական խմորումների համատեքստում:

Թերթի տեղեկություններով` նախագահական նստավայրից են Հարությունյանից պահանջել հրաժարական ներկայացնել: Բանն այն է, որ Հ. Հարությունյանի պաշտոնավարման շրջանում «Հայլուրը» բավական ծավալուն կերպով լուսաբանում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կապված ցանկացած իրադարձություն:
Ինչպես հայտնի է, Հ. Հարությունյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ միասին, համարվում են Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժեր: Քաղաքական շրջանակներում նման կարծիք կա նաև Հ. Աբրահամյանի մասին:
Ստուգումների ընթացքում
«ՉԻ» իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը տրված հանձնարարականի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության ընթացքում օրերս պետական պաշտոնյաները գնացել են Գեղարքունիքի մարզ` իրավիճակը տեղում ուսումնասիրելու:
Նրանք, բացի փաստաթղթային ուսումնասիրություններից, նաև գնացել են Սևանա լճի այն հատվածները, որտեղ թերթը լուսանկարել էր, թե ինչպես էին ծառերը կտրվել, բայց կոճղերը մնացել ջրի տակ, ինչպես էին մի քանի ծառեր արմատախիլ արվել ու նետվել լճափ:
Ստուգողները ցանկացել են իրենց աչքերով տեսնել իրավիճակը և արձանագրել այն, սակայն մի փոքր ուշացել են: Այն հատվածները, որոնց մասին թերթն ամիսներ շարունակ հրապարակումներ էր անում, արդեն լրիվ ջրածածկ են եղել, և դժվար է ստուգել, թե քանի կոճղ կամ այլ թփատեսակի արմատներ կան ջրի տակ:
Ընկճված չէ
ՀԱԿ երիտասարդական թևի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը, ով մայիսի 31-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկվելուց հետո ձերբակալվել, իսկ նախօրեին կեղծ մեղադրանքով նաև կալանավորվել է, երեկ տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Երեկ Դավիթի հետ են հանդիպել Հելսինկյան ասոցիացիայի քրեակատարողական հիմնարկներում մոնիտորինգ իրականացնող խմբի անդամները` Միքայել Դանիելյանի գլխավորությամբ:
Վերջինս թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Քիրամիջյանի ինքնազգացողությունը նորմալ է, և որ ամենակարևորն է` նա ամենևին ընկճված չէ: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու Դավիթի առողջական վիճակի պահպանման խնդիրը: Նա աջ ոտքի մասում լուրջ վնասված է ստացել` կտրվել է ոտքի ներվը և զարկերակը: Բարդ վիրահատությունից հետո հաջողվել է միայն մասնակի վերականգնել աջ ոտնաթաթի շարժողականությունը:
Արդյունքում Դավիթը մշտապես բժշկական հսկողության, մասնավորապես բուժական մերսման կարիք ունի` թաթի շարժողականությունը պահպանելու համար:
Բանավեճ, այլ ոչ թե հայրենասիրության մրցույթ
«Թեքեյան կենտրոնում ես պատրաստ էի իմ կարծիքը գումարել ներկայացված տեսակետներին, բայց անհանդուրժողականության, գուցեև ինտելեկտուալ բանավեճի պատրաստ չլինելու պատճառով կամ քաղաքական ինչ-ինչ նպատակներ հետապնդելով` իմ շատ ու շատ հայրենակիցներ ոչ միայն չցանկացան լսել այլակարծություն, այլև կրթության մասին խոսեցին անկիրթ ու անբարեկիրթ ձևով:
Նրանք, ովքեր համարում են իրենց կիրթ, ուսյալ, մտավորական, գիտնական, նախ և առաջ պարտավոր են կրթության, մարդու մասին խոսել բարեկրթության սահմաններում: Կիրթ մարդը չի կարող իրեն պահել ագրեսիվ ու թույլ տալ վիրավորական շեշտադրումներ, որ այս ընթացքում, ցավոք սրտի, եղել են: Եղել են նույնիսկ անբարո դրսևորումներ»,- նկատել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` մերժելով օտարալեզու դպրոցների շուրջ բանավեճը «հայրենասիրության մրցույթի» վերածելու գործելակերպը:
Ռուբինյանը հեղափոխություն է ուզում
«Ինքս չեմ պատրաստվում, որովհետև որևէ հավատ չունեմ: Եթե 2012-ին այս նույն վիճակով, բեռով, բարոյական մթնոլորտով հասնենք, որևէ շանս չեմ տեսնում»,- «Առավոտի» հարցին` ընդդիմությունը պատրաստվո՞ւմ է 2012-ի խորհրդարանական ընտրություններին, ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:
Թերթի զրուցակիցը նաև որևէ «օգուտ» չի տեսնում նրանից, որ 2012-ին այս թևից մարդ լինի խորհրդարանում. «Եթե քաղաքականության և հասարակության փոխհարաբերություններում հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենում, անիմաստ է ընտրություններ թե կազմակերպելը, թե դրանց մասնակցելը»:
Այս տարին` ամենաշոգը
Համաշխարհային կլիմայի փոփոխություններով զբաղվող հետազոտողների կանխատեսումներն այնքան էլ սփոփիչ չեն: Պարզվում է` 2010 թվականը Երկիր մոլորակի պատմության մեջ ամենաշոգն է լինելու: Իսկ դա հանգեցնելու է բազմաթիվ բնական աղետների:
Գիտնականները հայտնում են, որ Արկտիկայի սառույցների մակարդակը տարվա այս եղանակի համար կրիտիկական շեմի է իջել: Ամեն օր 40 հազար ք/կմ սառույց է անհետանում: Վաշինգոտնի հետազոտողները տեղեկացնում են, որ ծովային սառույցների ծավալը 38 տոկոսով պակաս է 1978 թվականի ծավալներից, երբ գիտնականներն առաջին անգամ արձանագրեցին, որ սառույցները հալվում են:
Ինքնասպա՞ն է եղել
Երեկ առավոտյան Հրանտ Դինքի սպանության դատական գործընթացում Դինքի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Հական Քարադաղին գտել են կախված և խեղդամահ վիճակում: Դինքի սպանության գործով վերջին դատական նիստի ժամանակ Հականն ապացույց էր ներկայացրել Դինքին սպանած Օգյուն Սամասթի վերաբերյալ:
Փաստաբանը լրատվամիջոցներով հայտնել էր, որ Սամասթը սպառնացել է իրեն, ապա թղթի վրա ինչ-որ բան գրելով` դրել իր գրպանը: Պարզվել էր, որ թղթի կտորի վրա գրված է եղել Հական Քարադաղի անունը:
Փաստաբանի դիակը գտել է նրա ընկերուհին, ով տեղեկացրել է, որ իրենք մի քանի օր առաջ վիճաբանել են: Ստամբուլի իր բնակարանից 40-ամյա Հական Քարադաղի դին դատաբժշկական փորձաքննության նպատակով տեղափոխվել է դիահերձարան:
Հետաքննության նախնական տվյալների համաձայն` փաստաբանն ինքնասպան է եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել