HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լսվեցին դատական ճառեր` ի պաշտպանություն ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի դասախոսների

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի դասախոսների նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունն ավարտվեց 2010թ. մայիսի 6-ին` Ժոզեֆ Ֆերդինանտի Կարայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, Միսակ Ռաֆիկի Յախշիբեկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, Էդուարդ Ալեքսեյի Մխիթարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքներով: Նախաքննական մարմնի կողմից Էդուարդ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008-09 ուստարվա առաջին կիսամյակում  «ԷՀՄ սխեմոտեխնիկա» առարկայից առանց կուրսային աշխատանքները կատարելու իր լիազորությունների շրջանակում դրանց պաշտպանությունը կազմակերպելու և դրական գնահատելու համար` նույն ամբիոնի դասախոս Հովհաննես Արաբյանի միջնորդությամբ: «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի 3-րդ կուրսի 861 խմբի մի խումբ ուսանողներից նույն  խմբի ուսանող Սարգիս Գևորգյանի փոխանցմամբ 20 հազարական, ընդհանուր` 160 հազար դրամ կաշառք է ստացել, ապա առանց սահմանված կարգի` կուրսային աշխատանքները փաստացի ներկայացնելու և պաշտպանելու, հիշյալ ուսանողներին դրական գնահատական է նշանակել: Նույն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում Էդուարդ Մխիթարյանը դասախոս Միսակ Յախշիբեկյանի օժանդակությամբ հիշյալ խմբի ուսանող Խաչիկ Աղոյանի փոխանցմամբ Աննա Վարդանյանից 10 հազար դրամ կաշառք է ստացել նրա` «ԷՀՄ կազմակերպում» առարկայից կուրսային նախագիծ-աշխատանքը գերազանց գնահատելու, իսկ Վահան Ավետյանից դասախոս Միսակ Յախշիբեկյանի միջնորդությամբ` 20 հազար դրամ կաշառք` նրա կուրսային աշխատանքն առանց սահմանված կարգի` փաստացի ներկայացնելու և պաշտպանելու դրական գնահատելու համար, որից հետո դասախոս Ժոզեֆ Կարայանի օժանդակությամբ հիշյալ բաժնի ուսանող Հունան Քոչարյանից ստացել է 35 հազար դրամ կաշառք և վերջինիս կուրսային նախագիծ-աշխատանքը նույնպես առանց սահմանված կարգի` փաստացի ներկայացնելու և պաշտպանելու` գնահատել դրական: Ժոզեֆ Կարայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի դասախոս, օժանդակել է նույն ամբիոնի վարիչ, «ԷՀՄ կազմակերպում» առարկայի կուրսային նախագիծ-աշխատանքի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մխիթարյանին` նրա կողմից կաշառք ստանալուն: Նույնպիսի մեղադրանք է առաջադրվել նաև Միսակ Յախշիբեկյանին: Առաջադրված  մեղադրանքներով Էդուարդ Մխիթարյանն ու Ժոզեֆ Կարայանն իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ Միսակ Յախշիբեկյանն ընդունել է իր մեղքը: Դատաքննության ընթացքում նա ցուցմունք է տվել այն մասին, որ ուսանողուհի Աննա Վարդանյանը մոտեցել է իրեն, ասել, որ իր կուրսային աշխատանքը դրական է գնահատվել կուրսային աշխատանքի պաշտպանության հանձնաժողովի կողմից, բայց ինքն ուզում է գերազանց գնահատական ստանալ: Յախշիբեկյանն ասել է, որ այդ հարցով նա պետք է դիմի ամբիոնի վարիչին, քանի որ նա է կուրսային աշխատանքի պաշտպանության նախագահը, և միայն նա կարող է գերազանց գնահատական նշանակել: Աննա Վարդանյանը հայտնել է, որ ինքն արդեն մոտեցել է Էդվարդ Մխիթարյանին: Նա իրենից 10 հազար դրամ է պահանջել` գերազանց գնահատելու համար և ասել, որ դիմի Յախշիբեկյանին: Վերջինս կանչել է այդ պահին իրենց կողքով անցնող ուսանող Խաչիկ Աղոյանին և հանձնարարել նրան Աննա Վարդանյանից գումարը վերցնել ու տալ իրեն: Մինչ  այդ Խաչիկ Աղոյանը նախագիծ-աշխատանքի դրական գնահատման հարցով դիմել էր Յախշիբեկյանին, վերջինս էլ` Էդուարդ Մխիթարյանին, որն էլ 20 հազար դրամ էր պահանջել: Յախշիբեկյանին է մոտեցել նաև նույն խմբի ուսանող Վահան Ավետյանը և խնդրել օգնել իրեն կուրսային աշխատանքի պաշտպանության հարցում, քանի որ չի կարողացել աշխատանքը  կատարել: Յախշիբեկյանը Վահանի խնդրանքն էլ է ներկայացրել Էդուարդ Մխիթարյանին, որը Վահանից նույնպես 20 հազար դրամ է պահանջել: Յախշիբեկյանը Մխիթարյանի պատասխանը հայտնել է Վահանին և ասել, որ գումարն իրեն փոխանցի Խաչիկ Աղոյանի միջոցով: Ապա Խաչիկ Աղոյանից վերցնելով Աննա Վարդանյանի և Վահան Ավետյանի` 10 և 20 հազար դրամները` Յախշիբեկյանն այդ գումարը Էդվարդ Մխիթարյանի աշխատասենյակում փոխանցել է նրան ու հայտնել, որ դա հիշյալ ուսանողների գումարն է: Յախշիբեկյանի  ցուցմունքը դատարանում հաստատել են Աննա Վարդանյանը, Վահան Ավետյանն ու Խաչիկ Աղոյանը: Էդուարդ Մխիթարյանի և Ժոզեֆ Կարայանի պաշտպաններ Արտակ Ոսկանյանն ու Ռուբեն Հակոբյանը, իրենց պաշտպանական ճառերում անդրադառնալով մեղադրական եզրակացությունում մեղադրյալների արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած որոշ փաստերի ու փաստարկների և բերելով իրենց պաշտպանյալների անմեղությունը հաստատող իրավական ու փաստական հիմնավորումներ, դատարանի ուշադրությունը հրավիրեցին մասնավորապես մեղադրանքի հիմքում դրված ոչ արժանահավատ վկայությունների վրա: Մի խումբ ուսանողների կողմից «ԷՀՄ սխեմոտեխնիկա» առարկայից կուրսային աշխատանքերը չկատարելու, փաստացի չներկայացնելու և չպաշտպանելու` մեղադրական եզրակացության մեջ նշված փաստարկի վերաբերյալ պաշտպան Արտակ Ոսկանյանը վկայաբերեց նշված ուսանողների և նախկին մեղադրյալ, այժմ վկայի կարգավիճակ ձեռք բերած դասախոս Հովհաննես Արաբյանի խիստ հակասական ու իրարամերժ ցուցմունքները: Ուսանողները հայտնել են, որ կուրսային աշխատաներ չեն կատարել ու փաստացի չեն ներկայացրել, Արաբյանը ցուցմունք է  տվել, որ նրանք այդ աշխատանքները կատարել են ու փաստացի ներկայացրել: Աննա Վարդանյանը ցուցմունք է տվել, թե Արաբյանն իրեն ասել է, որ հավաքված 20 հազարական դրամները փոխանցելու է Մխիթարյանին: Մինչդեռ Արաբյանը հերքել է այդ հանգամանքը: Նա հայտնել է, որ ինքը երբեք ուսանողներին չի ասել, որ գումարը հավաքելուց հետո այն հանձնելու է Մխիթարյանին: Բայց իր կողմից ցուցմունք է տվել 120 հազար դրամ գումարը որպես կաշառք Էդուարդ Մխիթարյանին փոխանցելու մասին: Այդ մասին ցուցմունք է տվել բացառապես միայն նա: Պաշտպանը վկայաբերեց, որ որպես վկա հարցաքննված ոչ մի ուսանող ցուցմունք չի տվել այն մասին, որ Էդուարդ Մխիթարյանն իրենից կաշառք է ստացել կամ նրա հետ կաշառքի շուրջ համաձայնություն ձեռք բերել: Ուսանող վկաները հայտնել են, որ կաշառքի առարկան տվել են Սարգիս Գևորգյանին, վերջինս էլ այն փոխանցել է Հովհաննես Արաբյանին: Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Սարգիս Գևորգյանը, ով հայտնել է, որ Հովհաննես Արաբյանին է փոխանցել 120 հազար դրամ: Մինչդեռ առանց այլ հավաստի ապացույցների բավարար ամբողջության չի ապացուցվում Հովհաննես Արաբյանի կողմից Էդուարդ Մխիթարյանին գումար փոխանցելու հանգամանքը: Այդ մասին Հովհաննես Արաբյանի վկայությունից բացի այլ ապացույց չկա: Մեղադրյալներ  Հովհաննես Արաբյանն ու Միսակ Յախշիբեկյանն ինքնախոստովանական ցուցմուքներում ասել են, որ կաշառքի առարկան վերցրել են ուսանողներ Սարգիս Գևորգյանից և Խաչիկ Աղոյանից, ովքեր այդ կապակցությամբ տվել են այդ փաստերը հաստատող ցուցմունքներ: Նախաքննական մարմնի կողմից կաշառքի առարկան հայտնաբերելու նպատակով խուզարկություն չի կատարվել: Կաշառքի առարկան չհայտնաբերելու պարագայում չի ապացուցվում` կաշառքի առարկան Հովհաննես Արաբյանի ու Միսակ Յախշիբեկյանի կողմից փոխանցվել է Էդուարդ Մխիթարյանին, թե գտնվել կամ գտնվում է Հովհաննես Արաբյանի ու Միսակ Յախշիբեկյանի մոտ: Ժոզեֆ Կարայանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն  էլ է իր պաշտպանյալի անմեղությունը հիմնավորում գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջության բացակայությամբ: Հունան Քոչարյանը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում հայտնել է, որ ինքը չի տեսել և չգիտի, թե Կարայանն իրենից վերցրած գումարը Մխիթարյանին փոխանցել է, թե ոչ, և որ իր հաղորդած տվյալների իսկությունը իրենից բացի ոչ ոք չի կարող հաստատել: Կաշառքի գումարը Քոչարյանից Կարայանին փոխանցելու վերաբերյալ առկա է մեկ անձի ցուցմունք, իսկ այդ գումարը Կարայանից Մխիթարյանին փոխանցելու մասին ոչ մի ապացույց չկա: Մեղադրյալներ Ժոզեֆ Կարայանը, Էդուարդ Մխիթարյանը և Հովահաննես Արաբյանը բազմիցս հերքել են Հունան Քոչարյանի` Հովահաննես Արաբյանի կողմից որպես կաշառք 15 հազար դրամ պահանջելու, այն հետագայում Ժոզեֆ Կարայանի միջոցով Մխիթարյանին փոխանցելու մասին ցուցմունքը: Պաշտպան Ռուբեն Հակոբյանը Հունան Քոչարյանի ցուցմունքները սուտ և անարժանահավատ է համարում և հիմնավորում է իր դիրքորոշումը: Նախ` ըստ պաշտպանի` Հունան Քոչարյանի ցուցմունքներն անարժանահավատ է համարել նաև քրեական հետապնդման մարմինը, այլապես նրա կողմից տրված` կուրսային աշխատանքը դրական գնահատելու համար Ժոզեֆ Կարայանի միջոցով Հովհաննես Արաբյանին 15 հազար դրամ կաշառք փոխանցելու մասին ցուցմունքից հետո, որն ուղղակի հաղորդում է ծանր հանցագործության մասին, Հովհաննես Արաբյանի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվեր կամ քրեական հետապնդում իրականացվեր, ինչը չի եղել: Չնայած պաշտպանին անհասկանալի է, թե ինչու նույն վկայի ցուցմունքը Ժոզեֆ Կարայանի մասով քրեական հետապնդման մարմինը գնահատել է որպես ճիշտ: Հունան Քոչարյանի ցուցմունքերի անարժանահավատ լինելը պաշտպանը փաստում է դատաքննության ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքներով, ինչպես նաև իր` Հունան Քոչարյանի հաղորդած իրարամերժ, ոչ հստակ տվյալներով: Այսպես օրինակ` Հունան Քոչարյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ 35 հազար դրամ գումարը տալու մասին ինքը հայտնել է կուրսի աղջիկների մոտ և այդ մասին հայտնել է նաև տղաներից Սարգիս Գևորգյանին ու Անդրանիկ Մխիթարյանին: Ընդ որում` հայտնել է նաև, որ այդ գումարի մեջ մտել է նախկին քննության պարտքը նույնպես: Դատարանում  որպես վկա հարցաքննված նրա 13 համակուրեսցիները ժխտել են այդ ցուցմունքը: Հունան Քոչարյանը ցուցմունքում նշել է, որ Աննա Վարդանյանի, Լիաննա Մարդանյանի և Անահիտ Գաբրիելյանի խոսակցություններից տեղեկացել է, որ «ԷՀՄ կազմակերպում» առարկայի նախագծի պաշտպանության համար ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը նախագծի ղեկավար Յախշիբեկյանի միջոցով տեղեկացրել է, որ հավաքում են 10 և 20 հազարական դրամներ: Աննա  Վադանյանը, Լիաննա Մարդանյանը և Անահիտ Գաբրիելյանը դատարանում Հունան Քոչարյանի հետ առերես հերքել են նրա այդ ցուցմունքը: Հունան Քոչարյանը ցուցմունքում նշել է, որ կաշառքի համար պահանջվող 35 հազար դրամը ձեռք է բերել իր բջջային հեռախոսը անծանոթ անձին վաճառելով և վաճառելուն օգնել է իր ընկեր Տիգրան Հեքիմյանը: Պարզվել է, որ նա սուտ ցուցմունք է տվել հեռախոսի վաճառքի և վաճառքի գործում Տիգրան Հեքիմյանի օգնության մասին: Դատարանում առաջին անգամ ցուցմունք տալիս Հունան Քոչարյանը հայտնել է, որ ԱԱԾ-ում որևէ ծանոթ, բարեկամ չունի, իսկ հետագայում հայտնել է, որ ԱԱԾ-ից ճանաչել է  աշխատակից Վարդան Սարգսյանին, ով ԱԱԾ-ում համալսարանների նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսուչ է: Հունան Քոչարյանը նրա հետ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել: 2009թ. հունիսի 13-ին (հանցագործության հաղորդման օրը) Հունան Քոչարյանի` իրավապահների հետ ունեցած միայն մուտքային զանգերը 113-ն են: ԱԱԾ-ի այդ նույն աշխատակիցն էլ Հունան Քոչարյանից հաղորդում է վերցրել հանցագործության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter