ՄԱԿ-ի ԱԽ նիստում Դավութօղլուն դատապարտեց ցեղասպանությունը. ո՞վ պետք է պատասխաներ նրան հայկական կողմից
«Հետքի» հարցերին պատասխանում է թուրքագետ-վերլուծաբան Հակոբ Չաքրյանը
Պրն Չաքրյան, Ձեր գնահատմամբ` Հայաստանի իշխանությունը ի՞նչ դիրք պետք է բռնի թուրք-իսրայելական այս կոնֆլիկտի մեջ:
Ինձ թվում է, պետք է չեզոք դիրք բռնի, այսինքն` ելնելով այն հանգամանքից, թե իբր այս ճգնաժամը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ավելորդ քայլեր պիտի չանի: Հիմա Միացյալ Նահանգները, մյուսները, որ որևէ դիրքորոշում են արտահայտում, հետախուզություն ունեն դրսում, արբանյակից են հետևում, այսինքն` ինֆորմացիա ունեն: Նաև ունեն բազմակողմանի սերտ հարաբերություններ Իսրայելի հետ, ԱՄՆ-ի հետ, Եվրամիության հետ և այլն: Հայաստանը փոքր երկիր է: Ելնելով իր կարողություններից, կարծում եմ, պետք է չեզոք դիրք բռնի:
Շատերը նշում են, որ եթե Հայոց ցեղասպանության հարցը մտնի Քնեսեթ, ապա մտնելու է ոչ հանուն պատմական արդարության, այլ Իսրայելը այն զուտ ծառայեցնելու է իր նպատակներին` ընդդեմ Թուրքիայի: Այս դեպքում Հայաստանը ինչպե՞ս պետք է արձագանքի դրան:
Դրա համար կարող է շնորհակալություն հայտնել Քնեսեթին, բայց հատուկ դրա համար պրոիսրայելական դիրք էլ պետք չէ գրավել:
Շնորհակալություն պե՞տք է հայտնել:
Եթե խորհրդարանն է ճանաչելու, մեր խորհրդարանի նախագահը կարող է շնորհակալություն հայտնել, մի հատ հայտարարություն անել: Բայց դա չի նշանակում, որ պիտի երախտապարտ լինենք, որովհետև Ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված հանցագործություն է, և եթե դու դատապարտում ես, նախ դատապարտում ես մարդկության դեմ կատարված հանցագործությունը, հետո հայ մարդու դեմ կատարված հանցագործությունը:
Նա իմ վիշտը հարգում է, ես էլ փոխարենը շնորհակալություն եմ հայտնում: Դիվանագիտության մեջ դիվանագիտական քաղաքավարություն կոչված հասկացություն գոյություն ունի: Շնորհակալություն հայտնելն ու երախտապարտ լինելը տարբեր բաներ են: Շնորհակալություն հայտնելով` որևէ մի լավություն էլ չես անում Իսրայելին, ոչ էլ Քնեսեթին:
Թուրք-իսրայելական ճգնաժամի առթիվ գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Դավութօղլուն շատ կոշտ արտահայտվեց ցեղասպանության մասին` հայտարարելով, որ դա ոճրագործություն է մարդկության դեմ, և այն երկիրը, որ ցեղասպան է, դադարում է լինելուց լեգիտիմ` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Դա ասում է այն երկրի արտգործնախարարը, որը ցեղասպանություն է գործել և գործում է Ցեղասպանության վերջին փուլը` Ցեղասպանությունը ժխտելով: Ըստ Ձեզ` Հայաստանը չպե՞տք է ինչ-որ կերպ արձագանքեր նման հայտարարություններին:
Ես Ձեզ համարում եմ ճիշտ, բայց ո՞վ պիտի անի: Մեզ մոտ հենց այդ ով-ի խնդիրը կա:
Արտգործնախարարը, նախագահը կամ Ազգային ժողովի նախագահը:
Եթե մի բան անեն, կարող է փչացնեն էլ, կլղոզեն: Արտգործնախարարը գուցե աներ, պատասխաներ: Շատ զուսպ ձևով կարելի էր մի հատ հայտարարություն անել Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի դեմ, ոչ թե Թուրքիայի դեմ, որովհետև նա է ասել: Կարելի էր հիշեցնել, որ մի երկրի արտգործնախարարն է անում, որը Ցեղասպանություն է իրականացրել, դեռ ավելին` դա շարունակում է, քանի որ ժխտողականությունը ցեղասպանության շարունակությունն է:
Երբ մեզ մոտ այդպիսի հայտարարություններ են անում, երբեմն ծավալվում են ու խճճվում: Օրինակ` նախագահ Սարգսյանը գնացել էր Վիլսոնի գերեզմանին, խոսում է: Ես զարմացա, թե այդ ելույթը նա ինչու ունեցավ, «երախտապարտ է հայ ժողովուրդը Վիլսոնին»: Բայց մենք Վիլսոնից ի՞նչ ենք ստացել` բացի իրավարար որոշումից, որը չի իրագործվել:
Այսինքն` ո՞վ անի հայտարարություն: Էդվարդ Նալբանդյանի կարգավիճակն էլ ես չգիտեմ հիմա, այսինքն` ինքը կկարողանա՞ շրջանցել, թե՞ չէ, մեղադրել: Օրինակ` չեմ կարծում` Էդվարդ Նալբանդյանը Վիլսոնի գերեզմանին այդպիսի ելույթ ունենար:
Պրն. Չաքրյան, ինչո՞ւ Հայաստանի արտգործնախարարը որևէ կերպ չի արձագանքում Դավութօղլուի այդ կեցվածքին:
Դա արդեն երևի ինքը` Էդվարդ Նալբանդյանը պիտի պատասխանի: Բայց ինքը շատ կարող դիվանագետ է: Լավ է, որ նա կա. այլապես մի խայտառակ վիճակում կհայտնվեինք:
Իսկ արձանագրությունների ստորագրման պա՞հը …
Այնտեղ թուրքերը 2 հատ կետ են մտցրել: Թուրքական թերթերը զարմացել էին, որ 3 ժամ դիմադրել է Հիլարի Քլինթոնի ու մյուսների ճնշումներին, տեղի չի տվել: Պարզապես զայրացել էր, թե Հիլարին ինչու է ինձ վրա ճնշում գործադրում: Բայց իր նպատակին էլ հասել է:
Հայկական կողմը, առկախելով այս գործընթացը, հայտարարեց, որ նախապայմաններ կային: Կարո՞ղ ենք ասել, որ արտգործնախարարը հասել էր իր նպատակին:
Նախապայմաններ չկան արձանագրությունում: Հո արձանագրությունների մեջ չկա՞ գրված, որ վավերացման համար Թուրքիան նախապայմաններ է առաջադրում: Հետո է սկսել առաջադրել: Արձանագրություններում ոչ Ղարաբաղ է հիշատակվում, որ Կարսի պայմանագիր է հիշատակվում և այլն:
Արձանագրությունների այն կետը, որ կողմերը պարտավորվում են հարգել այլ երկրների տարածքային ամբողջականությունը (այդ երկրների մեջ Ադրբեջանն էլ է մտնում), նախապայման չէ՞:
Մենք Եվրախորհրդի անդամ դառնալիս այդ բանը ստորագրել ենք արդեն` Հելսինկյան այդ չափորոշիչների մեջ նշվում է, որ պետությունները ճանաչում են: Օրինակ` Ռուսաստանը ճանաչում է Ճապոնիայի տարածքային ամբողջականությունը, Ճապոնիան` Ռուսաստանինը: Բայց Ճապոնիան Կուրիլյան կղզիներից չի հրաժարվում, Ռուսաստանն էլ չի տալիս: Նույնն էլ Սիրիային է վերաբերվում: Սիրիան հավակնում է Ալեքսանդրետի սանջակին, Թուրքիան չի տալիս, բայց իրար սահմաններ ճանաչում են:
Դուք պատկերացրեք` պետություն առանց սահմանի: Գոյություն չունի: Այդ դեպքում ո՞ւմ հետ ես շփվում, այսինքն` միջպետական հարաբերություններ ո՞ւմ հետ ես հաստատում:
Ուղղակի որոշ քաղաքական ուժեր շահարկում են այս հարցերը, և կարծում եմ` անկեղծ էլ չեն: Շահարկելու համար են շահարկում: Դուք լսե՞լ եք` այս արձանագրությունների մասին որևէ լուրջ քննարկում անցկացվի Հայաստանում: Ընդամենը շահարկել են: Նստացույց են արել, մյուսը հացադուլ է հայտարարել: Բայց կուսակցություն է, վերլուծական կենտրոն պիտի ունենա, հանդես գա, ասենք` լուրջ վերլուծությամբ: Նույնն էլ իշխանություններին է վերաբերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել