HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խստացնել պատժամիջոցները սեփական հայրենիքին անհարգալից վերաբերվող քաղաքացիների նկատմամբ

Այսօր «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրն» է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հրազդանի ձորի մաքրման «Երեք կամուրջ» ծրագրի մեկնարկին, որն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը, ծրագիրը մշակվել էր վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մաքրման և բնապահպանական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ «Երեք կամուրջ» ծրագիրն իրականացվում է Հրազդանի ձորի երեք` Հաղթանակի, Կիևյան և Դավիթաշենի կամուրջներին հարող հատվածի մաքրման և բարեկարգման նպատակով։ Տիգրան Սարգսյանն այցելել է մաքրման ենթակա տեղամասեր և անձամբ մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին։ Վարչապետը ողջունել է «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնությունը և պատասխանելով լրագրողների հարցերին` նշել. «Մենք պետք է մեր երեխաներին և թոռնիկներին սովորեցնենք, որ չի կարելի աղտոտել բնությունը, մեր սիրելի քաղաքը։ Դա հայրենասիրության կարևորագույն տարր է և պետք է դառնա ավանդույթ։ «Մաքուր Հայրենիք» հայեցակարգն ունի բավական լուրջ և հեռուն գնացող բովանդակություն։ Մենք պետք է լինենք հետևողական, որպեսզի այս նախաձեռնությունը տարածվի բոլոր մարզերում և անպայման կմասնակցենք այդ ակցիաներին»: Անդրադառնալով Հրազդանի կիրճում տնտեսվարողների կողմից տարածքը մաքուր պահպանելու խնդրին` Տիգրան Սարգսյանը կարևորել է պատժամիջոցների խստացումը սեփական հայրենիքին անհարգալից վերաբերվող քաղաքացիների նկատմամբ։ Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է տեղամասերով, զրուցել միջոցառման մասնակիցների հետ։ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը զեկուցել է վարչապետին իրականացվող աշխատանքների մասին։ «Մաքուր Հայրենիք» ծրագիրը համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Միասին» և «Մաքուր Երևան» հասարակական կազմակերպությունները, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, ինչպես նաև մասնագիտական կառույցները և Հրազդանի ձորում գործող տնտեսվարողները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ աղբարկղերի և Հրազդանի ձորի սանիտարական, բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ ցուցատախտակների տեղադրում։ Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է հանրային հիմունքներով գործող հանձնախմբի ստեղծում, որը վերահսկողություն կսահմանի տարածքի սանիտարական վիճակի պահպանման նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter