Պայքարենք վախերի դեմ` հանուն ազատության եւ իրավունքի
Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը հունիսի 6-ի Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակներում
Պայքարենք իրավունքի ու ազատության ուժով: Համաշխարհային քաղաքական պատմությունը, ի թիվս այլոց, մի պարզ բան է ապացուցել. չընտրված իշխանությունները, որպես ժողովրդավարության ամենաառանցքային` ընտրական ինստիտուտին դեմ գնացած վարչախմբեր, իրենց կառավարման ողջ ընթացքում շարունակել են վախենալ ժողովրդավարությունից ու իրավունքից` հետագայում վախենալով ու անտարբեր դառնալով բոլոր տեսակի իրավունքների հանդեպ:
Իսկ այդ վախը խրոնիկական է դառնում: Այսօր այդպիսի վախերի գերին են Հայաստանի ներկայիս իշխանությունները, ովքեր իշխելու իրավունքը ստացան ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով:
Այդպիսի իշխանությունների «հզորության» դրսեւորման միակ այլընտրանքը մնում է հասարակության մեջ վախեր սփռելն ու բոլոր կարգի իրավունքները սպանելը:
Դա արվեց 2008թ. փետրվարի 19-ին, մարտի 1-ին ու դրանից հետո, երբ մահ, ահաբեկություն եւ վախ սփռելու միջոցով փորձ արվեց մարդկանց հրաժարեցնել քաղաքական-քաղաքացիական իրավունքներից: Վերջին օրերին դա արվեց Ազատության հրապարակում, երբ մի շարք քաղաքացիներ ու ակտիվիստներ մուտք գործեցին այնտեղ: Իսկ իշխանությունը ոստիկանական ուժերի միջոցով իր վախը ցուցադրեց նրանից, որ հանկարծ այդ մոգական հրապարակը վերստին չդառնա հանուն իրավունքի ու ազատությունների բողոքի ակցիաների վայր:
Դա արվում է տասնամյակներ շարունակ` մարդկանց զրկելով սոցիալական ու տնտեսական բոլոր իրավունքներից, քանզի այդ իրավունքների իրացման միջոցով բարեկեցիկ կյանք ունեցող ու կուշտ քաղաքացին երկրի ղեկավարության ավելի բարձր չափանիշներ է պարտադրում ու կյանքի կոչում:
Այդպիսի ընտրողներ այս իշխանություններին պետք չեն: Նրանց պետք են ընտրողներ, որոնք կքած են սոցիալ-տնտեսական բազում խնդիրների տակ եւ որոնց լուծման հարցում միայն նախընտրական շրջանում են «օգնության» հասնում բարեգործ ամենատարբեր իշխանավորները` առաջարկելով «քվե խնդրի լուծման դիմաց» գործարքը:
Գործող իշխանությունը չթողեց, որպեսզի հայ հասարակությունը ճաշակի ժողովրդավարության, ազատության եւ իրավունքի ողջ բերկրանքը:
Պատահական չէ, որ այսօր մեր հասարակության մի հատվածը չի հավատում, որ ժողովրդավարություն կա, քանի որ այն նրան չթույլատրվեց: Դրա կողքին իշխանությունն ինքն է հայտնվել ամենատարբեր իրավունքներից վախերի մի իրական լաբիրինթոսում:
- Վախ ազգային իրավունքներից, ինչի պատճառով հայ-թուրքական արձանագրություններով գրեթե զոհաբերվեցին դրանք, իսկ մեզ փրկեց ավելի շատ բան պահանջելու թուրքական ախորժակը, որի պատճառով սառեցվեց արձանագրությունների վավերացման գործընթացը,
- Վախ Արցախի` ապագաղութացման ու ինքնորոշման արդեն իսկ իրացված իրավունքից, ինչի պատճառով հունիսի 3-ին խորհրդարանի քաղաքական կոալիցիան վերստին մերժեց ԼՂՀ ճանաչելու Ժառանգության պատգամավորների օրինագիծը մեծ օրակարգ ներառելը, այն դեպքում, երբ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները տակավին Ազգային ժողովի օրակարգում են:
- Վախ միջազգային հանրությունից, որի պատճառով Հայաստանն իրեն չի զգում այդ հանրության լիիրավ անդամ եւ աշխարհի հզոր պետությունների ու տերությունների մայրաքաղաքներն էլ մեզ հետ խոսում են իբրեւ ստորադաս եւ ներկայացնում անընդունելի պահանջներ ու ընդունում հակահայկական բանաձեւեր Արցախի եւ այլ հարցերում,
- Վախ ազատ խոսքից ու լրատվամիջոցներից, որի պատճառով այս օրերին փորձ է արվում հեռուստառադիոհեռարձակումների թվայնացման գործընթացի անվան տակ բացառել ապագա հեռուստառադիոեթերի ազատությունը, բազմազանությունը, բազմակարծությունը:
- Եւ վերջապես պետական լեզվի մեր իրավունքի նկատմամբ քամահրանքը, որի հետեւանքով փորձ է արվում Հայաստանում վերաբացել օտարալեզու դպրոցները` դրանից բխող բոլոր վտանագավոր հետեւանքներով:
Սիրելի հայրենակիցներ, Ժառանգությունը կոչ է անում չտրվել վախերին ու անտարբերությանը: Շարունակենք միասին պայքարել ազատության, իրավունքի ու ժողովրդավարության համար: Պայքարենք իրավունքի ու ազատության ուժով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել