HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծապետականութեան պայքար հայերէնի դէմ, որ իմ միակ հայրենիքն է

Բարեգութ Ալուզ Ալցհայմերը եւ մեր երջանիկ ողբերգութիւնները Մասն առաջին կամ  Agitato (1) Ա «Հայերէն գիրք ձեռքն առնող, Հայոց լեզուով խօսող մարդ քիչ է մնացել։ Եւ սա այն դէպքում, երբ որեւէ ազգի պահող Լեզուն է եւ Հաւատը։ Եւ եթէ սրանք էլ կորցնենք, վա՛յն եկել է մեր օրին»։ «Ռըսին գլըխներդ դուք ղուրբան չըտաք, նրա հետ սիրով սրտով չմիանաք… Ու էսպէս թշուառ տարաբախտ մնաք»։ Խաչատուր Աբովեան Արմատներից զրկուած եւ ծառայամիտ մէկը նախարարական աթոռին է նստել մէկ պայմանով միայն - Հայաստանը ողողել ռուսական դպրոցներով։ Գոնէ այնքան աբուռ ունեցել են գործածելու «օտարալեզու» եզրաբառը, ենթադրելով, թէ ժամանակակից հայ պատանին կամ երիտասարդը այնքան խաւարամիտ է որ օտար լեզու ռուսերէնը (նոյնիսկ անգլերէնը կամ ճապոներէնը) ուսանելու համար պէտք է առնուազն տասը տարի գիտելիքներ եւ իր բարոյական կրթութիւն է ստանալու է Հայաստանի մէջ հային անպայման Կրեմլի խանձարուրի մէջ աճեցնող ռուսական դպրոցում… Ինքնուրոյն քաղաքական կեանքով ապրող արժանապատիւ մի ժողովուրդ որեւէ կարիք չունի օտար, իսկ մեր դէպքում ռուսական դպրոցների։ Այն ամէնը ինչ կատարուել է Հայերի հետ 1827-ից ի վեր լիուլի բաւական է եղել հերմոֆրոդիտ հայերի մի վիթխարի Հինգերորդ շարասիւն ստեղծելու համար։ Հայ աչալուրջ հասարակութիւնը, որ Պոլիս, Մոսկուա կամ Թիֆլիս կարող ուժ ունէր դիմագրաւելու գաղութարար ռուսական մեծապետականութեան ամէն տեսակի խափանարարութիւնը ազգային Էութեան(2) նկատմամբ, այսօր արդէն ընդամէնը ազգաբնակչութիւն դարձած անդէմ զանգուած է։ Հետեւաբար չկայ աւելի հարմար մի պահ Կրեմլի «հոգատար բարեկամակամութեան» լպիրշութեամբ(3) կամ կրթութեան ձախաւեր նախարարի «իմաստակութեամբ» վերջացնել «այս հայերի խնդիրը», «ցոյց տալ նրանց տեղը կայսրութեան մէջ», որ Հայաստանի Արարատեան Հանրապետութիւնից ծուատուած մի կտոր երբեմնի Էրիվանսկայա Գուբերնիան է… մոռացնել այն ամէնը, ինչը կարող է տարտամ յիշողութիւններ արթնացնել եկող սերունդների մէջ… թոյլ տալ եւ խրախուսել, երբ յիշողութիւնը կորցրած Հայը իր Աղօթողին ճանաչել են ստիպել իբրեւ ոտանաւորչի… Ապա ընդամէնը հարիւր տարի առաջ առանց Եվրատեսիլի իր երաժշտութեամբ Եվրոպան իսկական օրգազմի հասցրած Կոմիտասին դարձնել 20-րդ դարի ազգային առաջին Ցեղասպանութեան խորհրդանիշ, մոռացնել տալով ճշմարիտ Արուեստն ու 20-րդ դարի ազգային երկրորդ ցեղասպանութիւնը… Ամենայն միջոցներով եւ Հինգերորդ շարասիւնի եռանդուն գործունէութեամբ վարկաբեկել մինչեւ հիմա Ֆրանսայի ականջների մէջ հնչող Արմէնեակ Շահ-Մուրադեանին, քանի որ նա չի պատկանում ռուսական արուեստի դպրոցին… Ընդհանրապէս Օրէուէլի Ճշմարտութեան Մինիստրութեան մշակած միջոցներով պատմութիւնից եւ յիշողութիւնից ջնջել Պետրոս Ադամեանին, Հրաչէա Ներսիսեանին, Արման Կոթիկեանին, Սիրոնոյշին, Արուս Ոսկանեանին… Նաեւ Բակունցին, Շանթին, Երուխանին… Զոհրապին, Վարուժանին եւ Սիամանթոյին էլ դարձնել Ցեղասպանութեան խորհրդանիշ դարձած Կոմիտասի կցորդներ ընդամէնը… Բ «Ռուսիան այնպիսի տէրութիւն մը չէ որ ազատութեան եւ մարդկութեան սիրոյ համար մեր հայրենիքին վրայ տիրելու փափաքով միայն տիրանայ. ամենեւին, վասն զի ազատութիւնը կ’ատէ անիկա եւ յայտնի ու ոխերիմ թշնամի է անոր»։ «Հայերը ոչ միայն հաւատացին Ռուսիայի խոստումներուն, այլեւ կողմնորոշեցուան դէպի Ռուսիան, այլեւ արիւն թափեցին անոր համար, այլեւ հայրենիքնին թողին եւ միահամուռ, չըսենք կոյր զկուրեան, անոր գիրկն ինկան… Պատմութիւնը օր մը պիտի ըսէ, թէ ի՛նչ գտան հոն եւ թէ ի՛նչ բարիք տեսան ռուս հովանիէն. պատմութիւնը իր անաչառ ատեանին առջեւը պիտի կանչէ այն կարծեցեալ ազգասէրները, որք Հայկեան ոգւոյ վրայ այս նոր վէրքն ալ աւելցուցին»։                       Ստեփան ՈՍԿԱՆ Թողնելով, որ մեր օրերի 20-40-ականների սերունդը պատասխանի նախանցեալ՝ 19-րդ դարի կէսերին կատարուած ահազանգին… ահազանգին մի խոշոր անհատակնութեան, որ ոչ միայն ժամանակակիցների, այլեւ մեզ համար, 21-րդ դարում ապրողներիս համար նոյնպիսի վիթխարի երեւոյթ է ինչպէս Աբովեանը, Նալբանդեանը կամ Սվաչեանը, տեսնենք, թէ հիմա, այս օրերին որպիսի «բարիք» է մեզ մատուցում Կրեմլը, որ անառակ կնոջ «կուսական ամօթխածութեամբ» կրթութեան նախարարը անուանում է «օտարալեզու դպրոց»։ Եւ Հայկեան ոգու վրայ այս հերթական վէրքն աւելացնելով, ընթացող պատմութեան անյայտ մի ճեղքից ելած ու կառավարութեան բարեհաճութեամբ նախարարական մի հերթական դրածոյ համալրում է Մոսկուայի մոտ հաւատարիմ ծառայութեան անցած թերարժէքների վիթխարի բանակը՝ որպիսին Հինգերորդ շարասիւնն է… Առողջ խնձորի մէջ սողոսկած եւ ներսից ընտիր միջուկը կրծող որդը… Ինչեւէ… Գաղութացուած հինաւուրց ժողովրդին կարծելով սախաներ կամ ոյգուրներ, Սանկտ-Պետերբուգը, յետոյ Լենինգրադը եւ այսօր Մոսկուան հետեւողականօրէն երազում է նրան քաղաքակրթել թաթարա-գերմանական այլասերուած եւ ֆրանսական գիլիոնիտային մղձավանջի փորձառութեամբ։ Աւելին. գաղութացումի ժամանակներից ի վեր Բիւզանդական Եկեղեցու ածանցեալը, որ Ռուսական Օրթոդոքս Եկեղեցին է, աղանդաւարական յայտարարեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեր Եպիսկոպոսապետներին նաեւ սովետահայ պատմաբանների օգնութեամբ համարեց անկիրթ ու հետամնաց, որոնք միայն շամանային դիւթանքներով են Հայ ժողովրդին առաջնորդել դարերի բոլոր զարտուղիներով… Յիրաւի, 19-րդ դարի ծնունդով հայ եւ ռուսացած գիտունները ջանք չեն խնայել պարան ցատկել ազգեր ձուլելն ու ռուսացնելը մանկական խաղ կարծող «ազգային ազատագրութեան գործիչներ» յորջոջուող եւ իշխանութեան ոլորտներ հասած հայազգիների հետ։ Անշուշտ, նրանք, այսօրուայ անասնական բթամտութեամբ համոզուած էին, թէ Ռուսաստանի ժողովրդական լուսաւորութեան նախարարի աթոռին նստած մի Յովհաննէս Դելանեան (4), հայերի համար «պարծանք է»։ Կարեւորը պարծենալն էր… Իսկ այդ պարծանքով բարուրուած Յովհաննէս Դելանեանը Ռուսաստանի մէջ գոցեց հայկական դպրոցները, իւրովի շարունակելով իշխան Գոլիցինի այն մտայնութիւնը, թէ «Մեր միջնակարգ եւ բարձրագոյն ուսումնարաններից չենք պահանջում ուսուցումն, այլ պահանջում են ռուսացումն»: Իսկ հայկական դպրոցները ռուսաստանի մէջ հիմնականին որտե՞ղ էին… Մոսկուա՞… Մոսկուայի մէջ պետութեան յովանաւորութեամբ հայկական դպրոց չկար… Թիֆլ՞իս… Նոյնպէս… Հայաստա՞ն… Բայց իմ ձեռքին է մի նամակ որ հատուկենտ մարդկանց է թերեւս յայտնի։ Ահաւասիկ. Խաչատուր Աբովեանը՝ Ներսէս Ե Աշտարակեցի Կոթողիկոսին. Ծնողների փառքը անցնում է որդիներին, իսկ երեց մարդկանց փառքն ու գործերը՝ եկող դարերին ու բովանդակ ազգին։ Ձեր՝ Կաթողիկոս ընտրուելու առիթով ես ուխտի եւ երկրպագութեան եկայ այն սրբութիւններին, որոնց անուններն իսկ փրկել են ու պահպանել մեր եկեղեցին եւ ազգս Հայոց։ Բայց ի՞նչ գտայ եւ ի՞նչ եմ տեսնում, Վեհափառ Տէր։ Ներեցէք ինձ. գուցէ ապագայի խորհուրդների նկատմամբ իմ կարճատեսութիւնն է այսպէս ծանրացնում միտք եւ սիրտ, բայց չեմ կարող լռութեան մատնել այն ամէնը, որոնց մասին քարերն են աղաղակում։ Հուսկ ուրեմն, ինչո՞ւ են մեզ խաբում […] կեղծաւոր լրագրերը, թէ մեր ազգը իբր փառքի ու բարեբախտութեան մէջ է։ Ի՞նչ օգուտ եւ փառք ունենք հիմա, Հայաստանի ազատութիւնից յետոյ, երբ ընկել ենք աւելի թանձր խաւարի ու տգիտութեան մէջ, քան անցեալ ժամանակներին։ Այն ժամանակներին, երբ գտնւում էինք պարսից բռնութեան ներքոյ։ Ի՞նչ բարեբախտութիւն կարող է լինել ներկայից, երբ խառնաբարոյութիւնը, ժողովրդի բարքերի ապականութիւնը, սիրոյ սպառումը կրօնի եւ ընկերութեան նկատմամբ, որոնք քրիստոնէութեան հիմնական օրէնքներն են, եւ ապա ատելութիւնը իրար դէմ՝ այս բոլորը առաւել եւս արմատացել են անցած քսան տարիների(5) ընթացքին։ Ռուսաց տէրութեան խնամքի թեւերի տակ անառակութիւնն ու անկարգութիւնները կեղեքում են մարդու սիրտը, եթէ այդ մարդն ընդունակ է տեսնել ճշմարիտը։ Եւ ի՞նչն է այս բոլորի աղբիւրն ու պատճառը, եթէ ոչ տգիտութիւնը որ անբուժելի ժանտախտի պէս վարակել է ամէնքի սիրտն ու հոգին։ Թո՛ղ որ խաբեբայ լրագրերը շարունակեն իրենց կեղծիքը, բայց ինձ միայն մնում է անաչառ կերպով ասել, թէ խաբուած ակնկալութիւնը եւ խաբուած յոյսը մեզ աւելի է խոցում, քան կը խոցէին ամերիկեան կարմրամորթերի թունաւոր սլաքները։ […] Դուք մեզ տասնեակ դարերով յետ գցեցիք մեր առանց այն էլ հետամնաց ժամանակներից։ […] Եթէ ճիշտ չեն իմ այս խօսքերը, խնդրում եմ նզովեցէք ինձ։ Բայց ինքս եմ ականատես եղել մեր ազգային աթոռի թշուառութեան։ Միայն տգիտութիւնն է բազմել Լուսավորիչի գահի վրայ, որտեղ մեր հովուապետերը չեն զգում եւ չեն ողբում ո՛չ իրենց եւ ո՛չ էլ մեր կորուստը։ Անտէրունչ թշուառութեան հարիւրաւոր տարիներ էին տիրապետում մէզ։ Եւ առայժմ այնքանով ենք մխիթարուելու, թէ կորաւ Հաւատի թշնամին։ Սակայն յարութիւն առաւ աւելի ոճրագործ մի թշնամի՝ մեր հոգեւորականների կուրութիւնը»։ Այս նամակի տակ ես նոյնպէս ստորագրում եմ, քանի որ մէկ եւ կէս դարի խորքերից եկող իմ հոգեհարազատ բարեկամների՝ Աբովեան Խաչատուրի, Ոսկան Ստեփանի եւ Նալբանդեան Միքայէլի տագնապները իմ շուրջ թնդում են նաեւ այսօր։ Եւ բոլոր նրանք, ովքեր լսում են ահազանգը որ աւետում է մեր հայրենիքի մահը, որ Հայերէնն է, առանց երկմտելու կարող են նոյնպէս դնել ստորագրութիւնը… Գոնէ իրենց հոգու խորքերի սուրբ անկիւններից մէկի մէջ… 1.Agitato — Խռովքով (երաժշտ. եզրաբառ)։ 2.Հայերէնի ասպարէզի մէջ գործող լեզուական ժամանակակից յեղափոխականներին չվիրաւորելու համար պէտք է զգուշացնեմ որ այս «Է-ութիւն»ը կարդան «Ա-ութիւն», քանի որ «ժողովրդական կամ փողոցի լեզուն պահանջում» է Է բառարմատը բայական խոնարհումի ժամանակ արտաբերել բարբառային Ա։
3. Цинизм (Kinismos ռուս.) կամ (յուն.) – շնականութիւն։
4.Իվան Դավիդովիչ ԴԵԼԵԱՆՈՎ (1818-1897) — Ռուսական կայսրութեան պետական գործիչ, Կոմս, Սենեկապետ (Kammerherr - գերմ.) եւն, եւն.։ Ներքին գործերի նախարար Դ.Ա. Տոլստոյի հովանաւորութեամբ եւ երաշխաւորութեամբ 1882 թուականի Մարտ 16-ին նշանակուել է Ռուսական կայսրութեան Ժողովրդական լուսաւորութեան նախարար եւ այդ պաշտօնի վրայ եղել մինչեւ իր մահը։
5. Այո՛, քսան տարիների ընթացքին։ Աբովեան Խաչատուրի 19-րդ դարում 1828 թուականից ի վեր, իմ եւ ձեր համար 1990-2010 թուականների ընթացքին։ Ահաւասիկ, պատմութիւնը կրկնուելու պարբերութեան մի փաստ։ Եւ ցաւալի մի իրականութիւն, երբ պատմական անցեալի դասը սերտած չենք լինում -Կարէն Ա.Սիմոնեան
 
Յ.Գ. Յաջորդիւ «ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ Dolorosso»:
Կարէն Ա.Սիմոնեան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter